24 Սեպտեմբեր 2013, 15:36
1694 |

Բվին հյուր

Owl's սրճարանում իրական բվեր չկան: Փոխարենն այստեղ կա տնական նախաճաշ, հագեցնող ճաշ և էկզոտիկ ընթրիք: Եվ, իհարկե, հանգստության հիանալի մթնոլորտ՝ անհանգիստ քաղաքում:

Նախապես անհրաժեշտ է նշել, որ Owl's Cafebar-ում ամեն ինչ մատուցվում է բավականին մեծ բաժիններով, և հետո՝ ուտեստները թանկ չեն ու բավական լավ են պատրաստված:

Մենյուում մի առանձին գլուխ նվիրված է նախաճաշին: Այստեղ կա ձվածեղի երեք (800-900 դր.) և լցոնով բլիթների երկու տեսակ: Բացի այդ, նախաճաշին կարելի է, օրինակ, վերցնել բեկոնով և սպանախով կարտոֆիլի պյուրե (1200 դր.): Իհարկե, Owl's-ում սպանախը ոչ թե պյուրեի հետ են պատրաստում, այլ ավանդական, տնական բաղադրատոմսով և դնում են կարտոֆիլի վրա՝ գլխարկի ձևով:

Ինչ վերաբերում է ընթրիքին, ապա առաջին իսկ հայացքից ակնհայտ է դառնում, որ էկզոտիկան այստեղ շա՜տ ավելի շատ է: Խորոված ծովամթերքներով և գինու սոուսով սև-սպիտակ բրինձը (4000 դր.)՝ սպիտակ գինու գավաթի ուղեկցությամբ կարող է հոյակապ ընթրիք և այստեղ-այնտեղ երևակայելու լավ առիթ դառնալ: Այդուհանդերձ, նախընտրեցի ավելի համեստ ուտեստ՝ ոլոռով կրեմ-ապուր (900 դր.): Համեստությունս, սակայն, ոչ մի լավ բանի էլ չբերեց, քանի որ ոլոռով ապուրը, բացի տաք կաթից, ուրիշ ոչնչի հոտ չուներ:

Եթե երկրորդ ճաշատեսակների գներն այստեղ բավականին դեմոկրատ են, ապա աղցանները միջինից մի փոքր թանկ են: Օրինակ՝ ամենասովորական հունական աղցանն արժե 1800 դր.: Իսկ ահա «Կեսարի» «ծովային» տարբերակը (այստեղ այն պատրաստում են ոչ թե ծովախեցգետնով, այլ սաղմոնով) լիովին համապատասխանում է իր գնին՝ 2500 դրամ: Սուրճն Owl's-ում նույնպես թանկոտ է: Կապուչինոյի գավաթը՝ 1200 դր., էսպրեսոն՝ 800: Նույն գինն ունեն նաև բոլոր թեյերը, բացի 700 դր. արժեցող դասական սև թեյից: Այստեղի դիզայնին, ինչ խոսք, անուն չես դնի: Հենց մուտքի մոտ այցելուներին դիմավորում է կիսաթափանցիկ բվերի խումբը: Նրանք պատկերված են մուտքի դռան ապակուն, և, անկասկած, դիզայներների հաջողված մտահղացումներից են: Ներսում բարն է, մետաղյա ջահեր և մոդեռն ոճի սպիտակ բազմոցներ: Ընդհանուր առմամբ, Owl's-ը հիշեցնում է ֆիլմերում հաճախ ցուցադրվող, ասենք, Նյու Յորքի մի մոդայիկ սրճարան. պատուհանից այն կողմ մեծ (կամ ոչ այնքան) քաղաքն է և հավերժ շտապողականությունը, իսկ ներսում՝ հանգստություն, միևնույն ժամանակ՝ քաղաքի ռիթմի հետ անքակտելի կապի զգացում:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N3, 2012

Այս թեմայով