21 Սեպտեմբեր 2013, 19:57
1448 |

Անկախության աննախանձելի խորհրդանիշը

Աթոռ չբռնած բռունցքներն ապշած իրար նայեցին, աթոռ բռնածները խոր շունչ քաշեցին։ Անորոշություն բուրող ժամանակը ճանապարհ հարթեց դեպի օդանավակայան։ Շատերի մատներն էլի ափը ցավեցնելու աստիճան սեղմվեցին, բայց անզորությունից։

Ես բռունցք էի։ Ափը ցավեցնելու աստիճան էին մատները սեղմվում, ասես մի հարվածով ուզում էին պատմություն վերաձևել, արդարություն վերականգնել, կորցրածը հետ բերել։ Ես բռունցք էի, դարձա բռունցքներ։ Բռունցքների ծով կապեց Ազատության հրապարակում։ Դաստակի ամեն թափահարումից ծովն ալեկոծվեց։ Ալիքները հասան Կրեմլ ու, չենթարկվելով տեղատվության հրամաններին, ավելի կատաղի դարձան Արցախի մատույցներում։ Բռուցքված մատները զենք վերցրին։ Բռունցքներ էլ եղան, որ թաքուն բացվեցին ու զենքի փոխարեն աթոռ բռնեցին։

Կրակի, ցրտի ու սովի երախն ինքնակամ նետված հազարավոր բռունցքներ Եռաբլուրում մահարձան դարձան։ Ամեն նահատակված բռունցքի գինը` մի թիզ ազատագրված հող։ Ես բռունցք էի, բայց ամեն ինչ տեսնում ու լսում, զգում ու հասկանում էի։ Հարազատ երեխային չտեսած, բայց իր ձեռքով նրա համար տիկնիկ պատրաստած հայրիկ եմ տեսել, ոտքերը լաթի կտորներով փաթաթած` Շուշին, Քարվաճառն ազատագրած անկոշիկ ուսանող եմ  տեսել։ Ծննդյան տոնը խաշած ցորենով ու Քոչարիով նշող գիտնական եմ տեսել։ Տեսել եմ, թե ինչպես էին ժամանակ առ ժամանակ թիկունքից կերած-խմած բռունքներ գալիս, ռազմի դաշտին հեռվից ծիկ անում ու մեծ-մեծ խոստումներով հեռանում։ Լսել եմ, որ այդ բռունցքների կուրծքը հետո շքանշաններով է զարդարվել։ Դրանք թիկունք վերադառնալիս թեժ մարտերի, վիրավորվելու, իրենց սխրանքների մասին ծանրումեծ հեքիաթներ պատմեցին։  Հենց հեքիաթասաց բռունքներն էլ չկրակված փամփուշտներով նագանն ուսներին` աթոռ բռնեցին։

Մութ ու ցուրտ տներում որդնած ալյուրի հաց ծամող ժողովուրդն էլ էր մի մեծ, հուժկու բռունցք դարձել։ Այդ ուժն էր սնում մարտի դաշտ ելած բռունցքներին։ Նրա դյուրաբեկ խաղաղության ու  լուսե ապագայի համար էր Եռաբլուրը լցվում բռունցքների շիրիմներով։ Իսկ ժողովուրդը` զինվորի մայրեր ու քույրեր, կանայք ու երեխաներ, զինվորի կյանքի համար աղոթող մի ամբողջ ազգ սրտի տրոփյունով, շունչը պահած սպասում էր պատերազմի ավարտին։

Ավարտվեց։ Հայր ու ամուսին կորցրած ընտանիքները, ճակատները` պարզ, գլուխները` բարձր, Եռաբլուրը դարձրին երկրորդ տուն։ Փառքի շքանշաններից ավելի` ուշադրության ու արժանապատիվ կյանքի ակնկալիքով սպասեցին։ Բռունցքներից ալեկոծված ծովի գլխին սառը ջուր լցվեց։ Ծովը կանգնեց, ծանծաղուտ դարձավ։ Աթոռ չբռնած բռունցքներն ապշած իրար նայեցին, աթոռ բռնածները խոր շունչ քաշեցին։ Անորոշություն բուրող ժամանակը ճանապարհ հարթեց դեպի օդանավակայան։ Շատերի մատներն էլի ափը ցավեցնելու աստիճան սեղմվեցին, բայց անզորությունից։ Կրեմլ, ՕՄՕՆ, կանոնավոր բանակ ջախջախած բռունքներն անուժ թուլացան ու ճամպրուկի կանթը բռնեցին։  Բայց նրանք ճամպրուկի մեջ դրած` տարան իրենց հուժկու բռունցքը։

22 տարի անց  մայրաքաղաքի տարբեր անկյուններում ծածանվում են եռագույնները,  Հանրապետության հրապարակում տոնական համերգի պատրաստություն են տեսնում։ Ժամը 20-ին էր նախատեսված, բայց արդեն ժամը 15-ին դեպի հրապարակ հետիոտնի բոլոր ճանապարհները փակ էին։ Տարակուսած անցորդների բանակցություններին անհաղորդ` կարգ պահպանողները ջանասիրաբար քարշ էին տալիս հրապարակն օղակող երկաթե պատնեշները։ Ոչ մի ձեռք չբռունցքվեց։ Եվ հանուն ինչի՞ բռունցքվի, երբ անկախության 22-րդ տարեդարձին ընդառաջ ամբողջ Երևանը ողողված է  պաստառներով` վրան Նունե Եսայանի հսկայական դեմքը։ Մեր հազարավոր նահատակ ու մահվան դեմ մաքառած բռունցքներ, չեմ նախանձում ձեզ։ Այդպես էլ չդարձաք անկախության խորհրդանիշ։

Այս թեմայով