14 Սեպտեմբեր 2013, 13:18
3065 |

Երիտասարդ և գեղեցիկ

Ֆիլմն Օզոնի առաջնեկն է հայկական կինոթատրոնի էկրանին: Այն արժե դիտել մի շարք պատճառներով, որոնցից գլխավորը ֆիլմի բարձր էսթետիկ որակն է:

Իզաբելը (Մարինա Վակտ) ընտանիքի հետ նշում է իր ծննդյան տասյոթերորդ տարեդարձը ֆրանսիական ծովափում: Նա հստակ որոշել է, որ այս ամառ պետք է կորցնի կուսությունը: Ձեռի տակ է ընկնում մի գերմանացի պատանի` Ֆելիքս անունով, ով Իզաբելի հասակակիցն է, ունի գեղեցիկ մարմին և բարեհամբույր ժպիտ: Բայց աղջկան պետք չեն լուրջ հարաբերություններ, նա տանել չի կարող «դեբիլ» դեռահասների, նա անգամ  չի հրավիրում Ֆելիքսին իր ծննդյան խնջույքին, ու ընդհանրապես, դիտարկում է պատանուն որպես գործիք՝ կին դառնալու հնարավորություն:

Ամառն ավարտվում է, Ֆելիքսն անհետանում է նրա կյանքից, բայց Իզաբելի հոգու և մարմնի ծարավը չի վերանում: Ու սկսվում է մի գլխապտույտ պատմություն. նա համացանցով ծանոթանում է տարեց տղամարդկանց հետ և մի քանի հարյուր եվրոյի դիմաց վաճառում իր մարմինը: Գումարի կարիք Իզաբելը չունի, ավելին՝ սեքսից  հաճույք չի ստանում, բայց ամեն անգամ, երբ կարճ հաղորդագրություն է ստանում հերթական քառասունն անց հաճախորդից, շտապում է հյուրանոց կամ ավտոկայանատեղի…

«Երիտասարդ և գեղեցիկ» ֆիլմում Օզոնը որոշ չափով վերարտադրել է Լուիս Բունուելի «Ցերեկային գեղեցկուհի» լեգենդար ֆիլմը, պարզապես ավելի երիտասարդ հերոսուհու կատարմամբ: Ոչ, պետք չէ վախենալ Օզոնին բնորոշ սյուրռեալիստական մթնոլորտից, ֆիլմը ստացվել է մաքսիմալ ռեալիստական և մեյնսթրիմային, մանավանդ հաշվի առնելով, որ այն դիտում ենք դեռահասի աչքերով: Բայց դեռահաս-մարմնավաճառների թեման չի հուզում ֆրանսիական ֆեմոկինոյի վարպետին. նա պատմություն է պատմում՝ «օգտագործելով» չքնաղ և սառը Մարինա Վակտին՝ աղոտ հիշեցնող  Ջուլիա Ռոբերթսին: Ընդ որում, պատկերում է յուրաքանչյուր կադրը մաքսիմալ էսթետիկ: Ֆիլմի առաջին ժամն անցնում է անհավատալի արագ. Օզոնը դասավորել է ամեն ինչ ճիշտ այնպես, որ հանդիսատեսը լինի վուայերիստի կարգավիճակում, հետևի աղջկա սեռական արկածներին, ցանկանա իմանալ այդ բիզնեսի բոլոր մանրամասները, ֆիլմի մեկ ուրիշ հերոսի պես սկսի կարծել, որ բոլոր կանայք այս աշխարհում ցանկանում են վարձատրվել սեքսի դիմաց:

Հետաքրքրված հանդիսատեսը կփորձի եթե ոչ արդարացնել աղջկա տարօրինակ զբաղմունքը, ապա գոնե փնտրել դրա պատճառները: Ֆիլմում սայթաքում է մեկ նախադասություն.  հայրը, որը բաժանվել է նրա մորից և ապրում է Իտալիայում իր նորաստեղծ ընտանիքի հետ, տարեկան երկու անգամ 500-ական եվրո է ուղարկում աղջկան: Նույն 500 եվրոն էր նա ստանում իր հավատարիմ հաճախորդներից  երիտասարդ և նուրբ մարմինը վայելելու համար: Ֆրեսդիստներն այստեղ կտեսնեն «Էլեկտրայի կոմպլեքսը»՝ խնդրին տալով սեքսուալ մոտիվ ունեցով բացատրություն: Բայց ֆիլմում ասեղների նման գցած մանր և անզեն աչքով անտեսանելի այլ հարցեր էլ կան:

«Երիտասարդ և գեղեցիկ» ֆիլմն Օզոնի առաջնեկն է հայկական կինոթատրոնի էկրանին: Ֆիլմն արժե դիտել մեկ այլ պատճառով ևս. Երիտասարդ և գեղեցիկ Վակտի ներկայությունը շոշափելիորեն զգալի է նաև ֆիլմը դիտելուց հետո, շատ ժամեր անց:

Այս թեմայով