01 Սեպտեմբեր 2013, 13:03
1713 |

Երբ գալիս է սեպտեմբերը

Մեծերի կյանքում չլուծված բոլոր խնդիրները լուծելու հույսերը դրված են դպրոց հաճախող երեխայի ուսերին: Նրանք հերոսներ են, ու շատ հարցեր ունեն կարգավորելու:

Լուսատիտիկների ցաքուցրիվ խաղով լույսը կմտնի պատուհաններից ներս: Արթնացողները կհորանջեն աշնան առաջին օրվա գիտակցումով: Սպիտակ մշուշի մեջ մի պահ ժամանակը կանգնած կթվա: Զովացած տանիքներին արու կատուն կլիզի էգի դունչը, կմլավի հարատև սիրո երդումով: Կբացվեն աղավնիների բների դռները: Խաղաղված օդի մեջ կարձագանքեն ավտոտնակների երկաթյա դռների զրնգոցներըը, վարուվեր կանեն վերելակները ու… փողոցներում կբզզան երեխաների անվերջանալի հարցերը, նրանց սպիտակ վերնաշապիկների վրա թռթռացող կարմիր և սև թիթեռնիկները կհուզեն փողոցների անտարբեր անցորդներին: Ոչ պակաս տոնական մայրերը ծաղկեփնջերը կտան երեխաների ձեռքը:

Մայրերը կփորձեն պայուսակները իրենք բռնել, բայց նոր պայուսակների վրա շատ ուրախացած երեխաները կտանեն և´ պայուսակները և´ ծաղկեփնջերը և´ կյանքի նոր փուլի բեռը: Տատիկները` պատուհանների առաջ կանգնած, հայացքով թոռներին կճանապարհեն դպրոց: Սառը քամին կկլանի թափառող ծաղկեփնջերի և մայրերի թարմ օծանելիքների հոտերը: Սեպտեմբերի 1-ն իր հոտն ունի:

Այդ հոտը հույս ու երազներ է բերում: Կյանքում բոլոր չլուծված խնդիրների, ազգապահպանության, բարեկեցության հույսերը դրված են դպրոց հաճախող երեխայի ուսերին: Նրանք մի տեսակ հերոսներ են, որ շատ հարցեր ունեն կարգավորելու: Այդ հույսը հեշտացնում է ծնողների կյանքը: Նրանք կարծում են, որ եթե իրենց երեխան լավ սովորի, փոխվելու է բոլորի կյանքը: Ու՞մ է հետաքրքիր դպրոցի շենքի ներսում իրական դպրոց ունենալու հարցը: Նրանց մտքում շերամի նմանվող այս հաստատությունը տասներկու տարի իրենց երեխաների համար թևեր է գործում թռիչքի համար: Երեխաները, որ դեռ չեն ճշտել իրենց պահանջները, միանգամից հայտնվում են պահանջատերերի ձեռքում: Այբբենարանը, որ Սուրբ գրքից հետո երկրորդ գիրքը պիտի լիներ երեխաների համար, պարզվում է՝ քննելի է: Բոլորի համար նույն գիրքը ունի մի քանի տեսակ, տարբեր հեղինակներով, մոտեցումներով, լավ ու վատ տետրերով: Երեխան գիտի, որ կարելի է մեղադրել գրքին վատ սովորելու համար: Նրանց սովորեցնում են ոչ թե ինքնուրույն մտածել, այլ ավելի լավ սովորել, քան իր ընկերը: Նրա մեջ ջնջում են իր եսը, որպեսզի կառավարեն մենքը: Ինստիտուտում մենքից ազատագրվող մարդը կամ ատում, կամ կարոտում է դպրոցը: Մանկությունն ու պատանեկությունը թողնելով դասարանից դասարան, ընկերների անտես աչքի առաջ ձևավորվող մարդը դպրոցից հեռանում է՝ սեպտեմբերի մեկն իր հետ տանելով ինստիտուտ կամ համալսարան: Նոր ազատություն խոստացող ինստիտուտյան սեպտեմբերի մեկը բարձրակրունկ է ու նոր տեխնոլոգիաներով հագեցած: Ծաղկեփնջերն ավելորդ են, ծնողների ներկայությունը` անտեղի, նյարդայնացնող: Եսին էլ չեն սովորեցնում համեմատվել ընկերոջ հետ, բայց, հին դաստիարակությունից չազատված, նա երբեմն աչքի պոչով նայել գիտի ընկերոջն ու նրա «սեպտեմբերի մեկին»: Բայց սեպտեմբերի մեկի հոտը նրա մեջ նույն զգացողություններն է արթնացնում, ինչ տարիներ առաջ:

Այս թեմայով