15 Օգոստոս 2013, 21:59
3848 |

Աստվածային հարցազրույց

Նրան տարբեր կերպ են անվանում. բազում անուններ ունի, նրա հանդեպ վերաբերմունքը հակասական է՝ հիմնահատակ մերժումից մինչև կույր երկրպագություն: Մեկ հարցում, սակայն, բոլորը համակարծիք են. նա մեր ժամանակների ամենաազդեցիկ դեմքն է: Նրա աներևակայելի փիարն անթերի է, իսկ ստեղծարար նախագծերը պրոֆեսիոնալների նախանձն են շարժում: Հարցազրույցից ուշացավ, թեև մեղմորեն ներողություն խնդրեց: Հոգնաբեկ էր, բայցև լեցուն կյանքով, աչքերի կնճռացանցը հուշում էր բարեհոգության, իսկ ամուր կզակը՝ պողպատե, անկոտրում կամքի մասին: Միով բանիվ՝ բազմաչարչար կատարելություն:

Աստված իմ, այս տարիքում այսպիսի արտաքի՞ն...
- Դրանում որևէ գաղտնիք մի՛ փնտրեք. պարզապես ի սկզբանե ոչ միայն աշխատել եմ, այլև պարտադիր հանգստացել՝ շաբաթը մեկ օր:
Լանդշաֆտային դիզայնի խոշորագույն ներկայացուցիչ եք, կենսաբանության ռահվիրա, հանրաճանաչ իմաստասեր, գրող, քիմիկոս, ֆիզիկոս: Ի վերջո, ո՞րն է ձեր հաջողության առեղծվածը:
- Ընդամենը հենվել եմ սեփական ուժերիս վրա, երբեք չեմ ապավինել ի վերուստ զորակցության: Հիմարություն է ձեռքերը ծալած նստելն ու հրաշքների սպասելը: Գործնակա՛ն եմ: Իսկ նրանք միշտ էլ հասնում են իրենց ուզածին այնտեղ, որտեղ այլք սահմանափակվում են վեհերոտ մտքերով ու երկչոտ երազանքներով:
Այսինքն, խնդիրը վա՞խն է...
- Անտարակո՛ւյս: Մարդը որևէ հանճարեղ բան մտածել անգամ վախենում է: Ավելին՝ մարդկությունն ապրում է՝ սարսափելով նույնիսկ սեփական երազանքներից: Ինչպե՞ս կարող են նրանք ժամանակի մեքենա կամ բնազանցական պորտալ հորինել, եթե վախենում են կողքինին ժպտալ կամ հագնվել այնպես, ինչպես ուզում են: Այն օրը միայն նա ի զորու կլինի անելու ամեն ինչ, երբ իր վրայից կթոթափի սեփական մտքերից վախենալու բեռը. ի սկզբանե մարդու մեջ վիթխարի ներուժ է նիրհում: Հավատացեք՝ այդպես է:
Այդուհանդերձ, այդ ամենը սոսկ քաջությամբ բացատրելը դժվար է. ձեր հաջողությունը բացառիկ երևույթ է: Դուք ամենահիշատակելի դեմքն եք ինտերնետում, ձեր ձիրքերն ապշեցուցիչ են՝ միջուկի տրոհում, բարդագույն ֆիզիկաքիմիական փորձարկումներ գենետիկայի ոլորտում, մարդու կրկնօրինակում ...
- Ես շատ եմ աշխատել: Ընդ որում, չեմ կարծում, թե իմ բոլոր ծրագրերն անթերի են: Ավելին, դրանցից շատերը հիմնովին կվերանայեի: Օրինակ, ես կամուկացով եմ վերաբերվում բադակտուցին, գերմանամկանը, տանել չեմ կարողանում ցեխաջրերը.... Այսօր այդպես չէի վարվի: Եվ չնայած դրան, նույնիսկ ներկա տեսքով նախագծերս լայնորեն տարածվել են և հաճախ արժանացել անառողջ երկրպագման: Դիցուք՝ կանայք: Գործը հասել է նրան, որ կարծում են, թե ե՛ս եմ կանանց ցանկությունների հեղինակը:
Դուք հսկայական փորձառություն ունեք: Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր առաջին անգամ են ոտք դնում այդ ճանապարհին:
- Ամեն ինչ շատ պարզ է: Ինչպե՞ս կարելի է հրճվել կիսալեցուն դույլի տեսքով: Կամ օղաբլիթի անցքով: Մի՞թե հնարավոր է սիրահարվել դատարկությանը՝ թեկուզ լինի բարձր պաշտոնյա: Դուք սիրում եք օ՛դը, բայց ոչ՝ վակուումը, անտառի լռությունը, բայց ոչ՝ նրա համրությունը: Դատարկությունը չի գրավում, այն տաղտկալի է և ոչ սեքսուալ: Մի բան գոնե արեք, և միանգամից դրա համախոհները կգտնվեն: Սիրո՛վ արեք դա, և համախոհներն անթիվ կլինեն:
Թերահավատները սերը համարում են քիմիական ռեակցիաների համախումբ, ոմանց համար էլ դա ինքնախաբեություն է: Դուք գործնական անձնավորություն եք, իսկ սեր գոյություն ունի՞ գործնականների համար:
- Սերը կա անկախ իմ և ձեր ցանկություններից: Զի մարդիկ անվերջ արարում են այն: Սերը նյութական է: Ինչպես ձեր մարմինը, որտեղ ապրում է նա: Եվ, բնականաբար, եթե կանք մենք, ուրեմն կա սերը: Եվ չարը: Նաև՝ հումորի զգացումը:
Վերջերս պապարացիները բռնեցրին ձեզ այն պահին, երբ փողոցում քամահրանքով երես թեքեցիք մի մարդուց: Դա, ասենք այսպես, այնքան էլ սիրուն չէր …
- Ինչ մեղքս թաքցնեմ, ցավոք, լինում են նման դեպքեր: Մարդիկ շատ-շատ են, ոմանցից ես իրոք երես եմ թեքում: Չէի ասի, թե դա ինձ հրճվանք է պատճառում: Բայց մյուս կողմից, օրինակ՝ դուք հիացա՞ծ եք բոլոր մարդկանցով: Հենց նույն պապարացիներով: Ես ընդունում եմ, որ այդտեղ նաև իմ մեղքի բաժինը կա. քաղում եմ սխալներիս ու մոլորություններիս պտուղները:Էլ չասեմ իմ գերճանաչված լինելու մասին. անտանելի բան է, երբ բոլորը հոգիդ հանում են անթիվ խնդրանքներով, քեզ են փնտրում ամենուր՝ ջրում, օդում…
Բայց խոստովանեք, որ ոչ բոլորին եք մերժում: Այդ ի՞նչ ընտրողականություն է՝ աստղային հիվանդության նշույլնե՞ր…
- Ես չեմ կարող տառապել մեծամտությունից: Դա անհեթեթություն է: Եվ, ի դեպ, չեմ մտաբերում, որ խոստում տված լինեմ ոչ մեկին չմերժել:
Բայց չէ՞ որ գրքերից մեկում ուղիղ տեքստով ասում եք՝ խնդրեք, և կտրվի…
- Մի՞թե դուք հավատում եք այն ամենին, ինչ գրում են գրքերում, թերթերում, և ասում հեռուստացույցով: Իմ մասին հազարավոր գրքեր են գրվել, ընդ որում՝ նկատեք, ես կյանքում ընդամենը երկու հարցազրույց եմ տվել: Դա ոչինչ չի հուշո՞ւմ…
Իսկ այն գի՞րքը, որի հեղինակը հենց դուք եք:
- Գրքի շապիկին իմ անունը տեսե՞լ եք:
Ո՛չ, բայց աշխարհին է հայտնի, որ հեղինակը դուք եք:
- Ժամանակին ես իրոք ուզում էի մի գիրք գրել, նույնիսկ ինչ-որ սևագրեր արեցի: Բայց հետո հրատարակչի հետ լուրջ տարաձայնություններ ունեցա: Խմբագրական ուղղումներից հետո ես պարզապես չճանաչեցի իմ տեքստը: Արդյունքում խնդրեցի հանել անունս շապիկից և առ օրս չեմ էլ հետաքրքրվում այդ գրքով:
Վախենամ, թե ձեր այս հայտարարությունը սկանդալ կառաջացնի:
- Դուք այնքան էլ ուշադիր չեք: Սկանդալն արդեն եղավ. Հռոմի պապը հրաժարական տվեց: Ձեզ թվում է՝ դա սովորակա՞ն դիպված է: Իսկ բառացիորեն երեկ գահը թողեց ռուսական պատրիարքը: Բայց, ավաղ, դա ոչինչ չի փոխի. մարդիկ միշտ էլ կուրորեն հավատում են ամեն ինչին: Եվ կհավատան: Այդ թվում ՝ և դուք: Չէ՞ որ հենց նոր հավատացիք ռուսական պատրիարքի հրաժարականին:
Ձեր god.org կայքը վերջերս կոտրեցին: Ի՞նչ եք կարծում՝ ո՞ւմ ձեռքի գործն է:
- Սատանան գիտի: Զարմանում եմ՝ ինչու են կոտրել: Կայքում առկա բոլոր նյութերը տարածվում են ազատ և անվճար: Այդ ի՞նչ են փնտրել՝ իմ հոդվածնե՞րը, մտքե՞րը, բանաձևե՞րը, գծագրե՞րը: Չէ՞ որ այդ ամենը կա Վիքիպեդիայում:
Ձեր «Տասը բան, որ հարկ է անել և չարժե անել» հոդվածը ժամանակին ցնցեց բոլորին: Այսօր էլ այն ցիտում են, իսկ հոդվածի ձևաչափը կիրառում աշխարհի բոլոր հրատարակությունները:
- Այո՛, բայց թույլ տվեք նկատել, որ բնագրում հոդվածի վերնագիրն այլ էր՝ «Տասը բան, որ հարկ է անել և չարժե անել շրջապատի կարծիքով»: Զգացի՞ք տարբերությունը: Դա հենց այն պատմություններից է, ինչի պատճառով վիճեցի հրատարակչի հետ:
Ասում են՝ զայրույթի պահին սարսափելի եք:
- Սկզբից ձեզ նայեք:
Բոլորը համոզված են, որ աշխարհով մեկ լրտեսների հսկայական ցանց ունեք, և չկա մի բան, որին տեղյակ չլինեք:
- Գիտեմ:
Ձեր անգթության մասին լեգենդներ են պատմում…
- Դո՛ւք ինքներդ ասացիք՝ լեգենդներ: Անիմաստ է նույնիսկ մեկնաբանելը:
Իսկ մի՞թե ոչ մեկին երբեք չեք պատժել:
- Նայեք ձեր շուրջը. այն, ինչով շրջապատել եք ձեզ, ամեն օր ձեզ պատժում է: Մարդիկ ստեղծեցին պետություն, որ իրենց կյանքում պատիժներն ավելի շատ լինեն: Դա էլ բավարար չէ՞… Խնդրեմ՝ մոգոնեցին ամուսնության ինստիտուտը: Դա՞ էլ է քիչ: Պատերազմներ, դեդլայններ, ժողովներ, հիփոթեկային վարկեր, սմարթֆոններ և հանրային բարոյականություն: Մի՞թե դա էլ է քիչ: Ինչի՞ համար եք ինձ էլ խառնում: Ոչ մեկին չեմ պատժել և չեմ էլ պատրաստվում: Ինչպես և ներել: Դա իմ գործը չէ:
Կրո՞նն ինչ է Ձեզ համար:
- Չափազանց բարդ և անհասկանալի: Ես ավելի պարզ եմ նայում աշխարհին, ինչ-որ տեղ նույնիսկ բարձրից: Չնայած խոստովանեմ, տաճարներից շատերն ինձ դուր են գալիս: Այնտեղ ինձ զգում եմ, ինչպես տանը:
Երազանք ունե՞ք:
- Միշտ: Եվ միշտ էլ կատարվում է: Եվ անմիջապես նորն է ծնվում: Երազել և անմիջապես իրականացնել այն. պաշտում եմ այդ հոգեվիճակը:
Ձեզ լսողը կասի՝ դրախտում եք ապրում: Մի՞թե ոչ մի հոգս ու խնդիր չունեք:
- Եթե անկեղծ, մի պրոբլեմ կա. այդպես էլ չկարողացա պարզել՝ որն է կանանց մտածելու պրոցեսի ալգորիթմը: Թե երբևէ հասկանամ՝ ինչպես է այն աշխատում, դա կլինի մեծագույն հայտնագործություն:
Սեփական պատվիրաններ ունե՞ք:
- Զոհ մի՛ դարձեք ձեր նախապաշարումներին, վախից կուչ մի՛ եկեք ձեր իսկ զգացմունքների առջև, գլուխներդ մի՛ մտցրեք կեղծ բարեպաշտ դոգմաները, և ընդհանրապես, ամեն ինչին թեթև վերաբերվեք, հեգնանքով: Առո՞ղջ եք, լա՞վ եք զգում ձեզ: Դե, փառք Աստծո…
Եվ վերջին, ծեծված հարցը՝ ձեր առաջիկա ծրագրերը:
- Ավելի լավ է՝ դո՛ւք պատմեք ձեր ծրագրերի մասին, և մենք միասին կծիծաղենք:

Այս թեմայով