02 Օգոստոս 2013, 14:36
572 |

Մեր կիթառը ձեր ստամոքսին վնաս չէ

Երբ շտապում էի Bob's pub, ինչ մեղքս թաքցնեմ, ավելի հետաքրքրված էի միջոցառման անցկացման վայրով, քան բուն միջոցառմամբ: Առաջին անգամ էի ոտք դնելու նորաբաց փաբ, որի մասին լեգենդները բնավ մանկական բնույթ չունեին:

Փաբի գտնվելու վայրը չգիտեի, բայց մթության մեջ լուսավորված փաբի անունը կրող ցուցանակը հուսադրեց, արդեն հասել էինք: Այս փաբը նույնպես ստորգետնյա էր, դա մի առանձնահատկություն է, որը բնորոշ է երևի աշխարհի բոլոր փաբերին, կարծես անդրգրաունդում պիտի հայտնվես, որ փաբային տրամադրություն առաջանա: Զգուշորեն իջանք աստիճաններով, հայտնվեցինք նախամուտքում ու առաջին անգամ տեսա նման «քաղաքակիրթ» փաբ: Բանն այն է, որ գոյություն ուներ հանդերձարան, որտեղ բոլոր ցանկացողները կարող էին թողնել վերարկուները, պայուսակները և թեթևացած առաջ ընթանալ. ճիշտ ինչպես թատրոնում:

Պիջակս հանձնեցի ինձ ժպտացող կնոջը՝ համոզված լինելով, որ այն ապահով ձեռքերում է և առաջացա: Պետք էր հաղթահարել բունկերի դուռ հիշեցնող շեմը, որից հետո միայն հայելապատ միջանցքով հայտնվում ես փաբում:

Լուսավորվածությունը թույլ էր, ուստի չկարողացա ինձ զննել հայելիներում, բայց դա այդքան էլ կարևոր չէր, քանի որ այդ օրը փաբում ասեղ գցելու տեղ չկար և դժվար թե ինչ-որ մեկը կենտրոնանար արտաքինիս վրա: Աշխույժ երաժշտություն, արագաշարժ մատուցողներ, օդում խմիքչի և ծխի հավերժական առկայություն: Սկզբում չկարողացա կողմնորոշվել՝ ինչ խմել, չնայած Ռեդ Բուլի ախորժաբեր բույրը քիչ էր մնում հաղթեր, բայց ես զսպեցի ինձ:

Զննելով հավաքվածներին՝ չէի կարող չնկատել ոչ հայկական արտաքինով մատուցողին: Նա իր գեղեցիկ գլուխը քորելու ժամանակ չուներ և շտապում էր րոպե առաջ իրականացնել պատվերները: Հետզհետե մթնոլորտը դարձավ անտանելի, երաժշտությունն այն չէր, շոգ էր, ու սկսեցի ինձ զգալ ոչ թե փաբում, այլ՝ ակումբում: Մինչդեռ ես փաբիստ եմ, ոչ թե քլուբնիկ: Իհարկե, հասկանալի էր, որ այդ օրն ամեն ինչ արված էր միջոցառմանը համահունչ, ուստի չնայած անհարմարավետության զգացումին, չշտապեցի վերջնական կարծիք կազմել Bob's -ի մասին: «I’ll be back», - ասացի մտքումս ու դուրս սուրացի ակումբ-փաբից:

Որոշ ժամանակ անց նորից Bob's –ում էի: «Կիթառի շուրջ» կոչվող երեկոն արդեն ավանդույթ էր դարձել այստեղ: Բեմը շատ գեղեցիկ էր լուսավորված, մարդիկ շատ չէին, ամեն ինչ կանխագուշակում էր հրաշալի ու ռոմանտիկ երեկո: Բայց երգն ու կիթառի հնչյունները հազիվ էին տեղ հասնում: Բարձրախոսի հետ կապված խնդիր առաջացավ, հետո տեղի ունեցավ ամենասարսափելին՝ երկու անհամատեղելի մթնոլորտների միաձուլում:

Բանն այն է, որ երկրորդ սրահը, որը ավելի մոդեռն էր ու սրճարան էր հիշեցնում, սկսեց ակտիվանալ, աղմուկը շատացավ, այցելուների հոսքը չէր դադարում: Նրանք ոչ միայն բարձր էին խոսում, այլև երևի լավ սոված էին: Իսկ մենք՝ կիթառ լսելու եկած խեղճ ունկնդիրներս՝ ստիպված էինք սրել լսողություններս և անտեսել ախորժակ գրգռող ուտելիքի բույրը: Կարճ ասած, երկրորդ սրահում իսկական խնջույք էր: Կիթառի հնչյուններն այլևս չէին լսվում, երաժիշտների ոգևորությունը նվազել էր, իսկ երաժշտասերները կենտրոնացել էին մյուս սրահում տիրող խրախճանքի վրա: Երաժիշտներին կատակով առաջարկեցի մեր և խրախճասեր այցելուների սրահները միմյանց կապող մուտքը զմռսել: Առաջարկս անտեսվեց, երեկոն ավարտվեց՝ չհասցնելով սկսվել: Դուրս գալիս մոտեցա երաժիշտներին, ասացի, որ չհուսահատվեն: Նրանք ժպտացի՝ասելով, որ ամեն ինչ կարգին է, մյուս անգամ ավելի համապատասխան վայր կընտրեն բարձր արվեստի համար: Հետևություն. եթե չեք կենտրոնացել՝ երեկոն անցկացնել ակումբում, թե փաբում, Bob's-ը իդեալական տարբերակ է:

Այս թեմայով