06 Օգոստոս 2013, 11:13
2567 |

Շոկոլադապատ մթնոլորտ

Ոչ մի դեպքում չի կարելի կարծիք կազմել Cascade Chocolateriaի ուտեստների մասին՝ ելնելով լուսանկարներից: Այս սրճարանի պարագայում ուտեստներն իրականում շատ ավելի ախորժալի ու համեղ են, քան լուսանկարներում:

Երբ մտնում ես Cascade Chocolateria սրճարան, նախ աչքի են ընկնում կակաո աղալու հնագույն գործիքի քարե քանդակն ու դրա կողքի կակաոյի ծառի պտուղները, ինչպես նաև հնդկացիների մշակույթին հատուկ ոճով կատարված մի քանի քանդակները: Սրճարանում կարելի է նաև տեսնել Ժան Էտյեն Լիոտարի «Շոկոլադնիցա» հայտնի կտավը, իրականից գրեթե չտարբերվող շոկոլադե շախմատ և նույնիսկ Կասկադի շոկոլադե տարբերակը: Կասկադի մանրակերտը ցուցադրված է սրճարանի վերին հարկում: Ուշադիր զննելու դեպքում կարելի է նույնիսկ նկատել Բոտերոյի «Սև կատվի» շոկոլադե ինկարնացիան: Ավաղ, այս ֆիգուրներին չի կարելի ո՛չ դիպչել, ո՛չ առավել ևս ուտել: Նույն հատվածում կա նաև խանութ, որտեղ վաճառվում է Chocolateriaի հրուշակեղենը՝ սալիկներ, կոնֆետներ, շոկոլադե ֆիգուրներ և այլն:

Ոչ մի դեպքում չի կարելի կարծիք կազմել Cascade Chocolateriaի ուտեստների մասին՝ ելնելով լուսանկարներից: Այս սրճարանի պարագայում ուտեստներն իրականում շատ ավելի ախորժալի ու համեղ են, քան լուսանկարներում: Առաջինը, ինչ կտեսնեք բացելով մենյուն՝ երեք էջանոց զեկույց է շոկոլադի մասին: Հավանաբար այն գրված է, որ այցելուները չհասցնեն ձանձրանալ մինչ մատուցողի մոտենալը:

Չնայած սրճարանը հայտնի է իր աղանդերով, առաջին ճաշատեսակները ո՛չ համով, ո՛չ արտաքնապես չեն զիջում դրան: Ամեն ինչ սկսվում է շոկոլադե սոուսով սթեյքից (5500 դր.). մենյուի միակ սթեյքը հպարտորեն իր տեղն է գրավում առաջին էջում: Սթեյքին հաջորդում է մսային և բուսական ուտեստների, աղցանների և այլ ճաշատեսակների մի մեծ ցուցակ: Տաք ուտեստներից կարելի է առանձնացնել Բլասուսը (3000 դր.)՝ տապակած բանջարեղենով և կարտոֆիլի գնդիկներով հավի ֆիլեն: Այս ամենը մատուցվում է երկարավուն ուղղանկյունաձև ափսեի մեջ, նարնջի սոուսով: Եթե դուք նույնքան քմահաճ այցելու եք, որքան ես, կարող եք ուրիշ սոուս խնդրել: Ես խնդրեցի շոկոլադե սոուս: Ի դեպ, սպասարկումից այստեղ բողոքներ հազիվ թե առաջանան՝ անձնակազմը չափազանց քաղաքավարի ու բարեկիրթ է:

Դիետա պահողները ավելի լավ է Cascade Chocolateria չմտնեն, քանի որ առողջ սննդի ամենահամառ ջատագովն անգամ չի կարող դիմադրել այստեղի չիզքեյքին (1700 դր.): Այն բարակ խմորի վրա է և բոլոր կողմերից շրջապատված է սոուսով պատված հատապտուղներով: Մյուս կողմից՝ օրինակ՝ բրաունին (1500 դր.) մի փոքր չոր է, բայց փոխարենը բիսկվիթի մեջ կան ամբողջական պնդուկներ, և այն մատուցվում է նարնջով ու պաղպաղակով:

Առաջին հայացքից այստեղ սովորական արևելյան սուրճ չկա: Մենյուի մեջ նշված է միայն արևելյան սուրճ բելգիական շոկոլադով (600 դր.): Այս անվան տակ ես հատուկ բան պատկերացրի՝ սուրճ, որը նաև պատրաստված է կակաոյի սերմերով: Պարզվեց՝ ամեն ինչ շատ ավելի սովորական է. հասարակ արևելյան սուրճ, որը մատուցվում է մեկ եվրոյի տեսք ունեցող բելգիական շոկոլադի պատառով: Ընդհանուր առմամբ սուրճերի մենյուն բավականին մեծ է՝ ամերիկանո (700 դր.), գլյասե (1000 դր.), ֆրապպե (1000 դր.) և այլն: Երկար է նաև սրճային կոկտեյլների շարանը, որոնցից գրեթե յուրաքանչյուրը հետաքրքիր կերպով համադրված է ալկոհոլային խմիչքի հետ: Այսպես, օրինակ՝ իսպանական սուրճը (1800 դր.) պատրաստվում է կոնյակով, սրճային լիկյորով ու կաթով:

Հարուստ է նաև Cascade Chocolateriaի կոկտեյլների տեսականին՝ 22 ալկոհոլային ու 6 ոչ ալկոհոլային: Ալկոհոլային չիզքեյքը (2500 դր.) պատրաստում են օղիով, լիկյորով, մասկապոնե պանրով, սերուցքով և վանիլային օշարակով: Կոկտեյլներից բացի, այստեղ կա նաև ալկոհոլի սովորական տեսականի՝ օղուց (շոթը 700800 դր.) մինչև գարեջուր (6001000 դր.) և վերմուտ (700 դր.): Գինին գավաթներով չի մատուցվում, տեսականին էլ մեծ չէ՝ 7 տեսակ «Armenia» (5000 դր.), իսկ արտասահմանյան գինուց չիլիական La Playaի երկու տեսակ:

Երաժշտությունը հանգիստ է և ճիշտ ընտրված, սակայն դրա բարձր լինելու պատճառով չիզքեյքի մասին տպավորությունները դուք ստիպված կլինեք բղավել ձեր զրուցակցի ականջին՝ հատկապես եթե առաջին հարկում եք: Փոխարենը այստեղ կա իսկական ակվարիում, և սիրունիկ ոսկե ձկնիկները հաստատ կբարձրացնեն ձեր՝ արդեն շոկոլադապատ տրամադրությունը:

«Երևան» ամսագիր, N12, 2012

Այս թեմայով