30 Հուլիս 2013, 14:14
3138 |

Պատկերազարդ պատմություն Կոմիտասի

Գուրգեն Գասպարյանի աշխատասիրությամբ լույս տեսած «Կոմիտաս վարդապետ» երկլեզու` հայերեն և անգլերեն, ալբոմն (Երևան, «Սարգիս Խաչենց», «Փրինթինֆո», 2009) իր նյութերի դասավորության ու լուսանկարների արտաքուստ ժլատ մեկնաբանության նպատակասլացությամբ, այնքան, չեմ վախենա ասել, կատարյալ է, որ իսկապես լրացնում է Կոմիտասի գիտական կենսագրության ցավալի բացթողման պակասը:

Ընդհանրապես' գրողների ու մշակութային գործիչների երկերի ակադեմիական հրատարակություններում զետեղվող ոչ մեծ թվով լուսանկարներն ընդհանուր պատկերն ամբողջացնելու կամ լրացուցիչ տեղեկատվություն հաղորդելու նպատակ ունեն: Այս դեպքում այնպես է ստացվել, որ տեքստն է կատարում այդ գործառույթը: Եվ դա ոչ այն պատճառով, որ «Կոմիտաս վարդապետը» հրատարակության տեսակով ալբոմ է, այլ' որ այստեղ Գուրգեն Գասպարյանի որդեգրած սկզբունքը' լուսանկարները դասավորել ըստ երգահանի կյանքի կարևոր դրվագների հերթականության, պայմանավորել է թերթում-դիտումի յուրօրինակ ընթացք: Վարդապետի ուսումնառության, երաժշտական ու երաժշտագիտական գործունեության, ուղևորությունների, մտերիմների ու գործընկերների, հետաքրքրությունների ու սովորությունների, համակրանքների ու հակակրանքների, կենցաղային մանրամասների մասին ոչ միայն ամբողջական ու լիարժեք պատկերացում է տալիս, այլև կենդանի շարժման մեջ ընկալելու բացառիկ առիթ ընձեռում:

Ալբոմի առաջին բաժինը վերնագրված է «Ուսումնառության տարիներ» (1882-1899): Բնականաբար, առաջին լուսանկարը պատկերում է Կոմիտասի ծննդավայրը' Կուտինա քաղաքը, ապա հաջորդում են վարդապետի կենսագրության այս փուլում կարևոր դեր խաղացած մարդկանց և կրթօջախների ու հաստատությունների լուսանկարները' Գևորգ Դ. կաթողիկոս, Սուրբ Էջմիածին, Գևորգյան ճեմարան… Ընդ որում' դրանց ներքո զետեղված մեկնաբանությունները Կոմիտասի «Ինքնակենսագրությունից», ամբողջական ու նաև հուզիչ պատկեր են ստեղծում:

Զուգադիր պատանի Սողոմոնն է' Գևորգյան ճեմարանի Զ դասարանում 1890-ին, և ապա նույն թվականին տրված վկայականի լուսապատճենը' կուսակրոն սարկավագության վեցերորդ աստիճան շնորհելու մասին, և այդ զուգադրումը առարկայական պատկերացում է տալիս, թե ինչպիսին էր Կոմիտասն այդ վկայականն ստանալու օրերին:

Ալբոմի երկրորդ՝ «Երգիչ և ուսուցիչ Մայր աթոռում» (1899-1905) բաժնի կարևոր կետերից է «մեր երգի Մեսրոպ Մաշտոցի» (Պ. Սևակ) եվրոպական առաջին ուղևորությունը Բեռլին և Փարիզ: Վարդապետական ականակուռ լանջախաչով լուսանկարները ամրագրում են Կոմիտասի հոգևոր աստիճանի փոփոխությունը: Իսկ խմբակային լուսանկարների առատությունը վկայում է նրա կենսախինդ բնավորության և բազմաբնույթ գործունեության մասին: Ընդ որում՝ ալբոմում Գուրգեն Գասպարյանը խմբակային լուսանկարներին զուգահեռ կտրել-տեղադրել է տվյալ լուսանկարում առկա հայտնի մարդկանց դիմանկարները:

«Եվրոպական երկրորդը ուղևորությունը» (1906-1907) բաժնում մեծ տեղ են գրավում ազդագրերը, որոնք առարկայաբար վերարտադրում են Եվրոպայում Կոմիտասի ունեցած ցնցող ընդունելությունն ու մեծ հաջողությունները:

1908-1910 թթ. ընթացքում Կոմիտասի՝ Սուրբ Էջմիածնում գործունեության շրջանը, որն ալբոմի մյուս բաժին-հանգրվանն է, հակասական կարելի է համարել: Մի կողմից՝ է՛լ ավելի բեղուն ստեղծագործական աշխատանք, համերգային բազմաթիվ ուղևորություններ, հայկական հնագույն խազերի վերծանման փորձեր, մյուս կողմից՝ հատկապես 1908-ին կաթողիկոսական ընտրություններով պայմանավորված անառողջ հարաբերություններ, վատ մթնոլորտ՝ Կոմիտասին որոշակի հուսահատության մատնած: Տխրադեմ լուսանկարների կողքին, սակայն, նրա կենսախինդ մարդկային տեսակը, ինչ մասին, ի դեպ, խոսում են գրեթե բոլոր հուշագիրները, ևս մեկ անգամ վկայող լուսանկարներ էլ կան, հատկապես՝ լոգանք ընդունող Կոմիտասի լուսանկարը:

Թեև Կոմիտասը վախճանվեց 1935-ին, բայց հայտնի հանգամանքների բերումով նրա կենսագրությունը կարծես թե կանգ առավ 1915-ից հետո: Ալբոմն էլ այդ առումով ոչինչ չի հավելում: Պարզապես զարհուրելի է հակադրությունը 1910-1915 թթ. ընթացքում Կ. Պոլսում, Եգիպտոսում, Փարիզում անխոնջ հանճարի ծավալած զարմանալի բեղուն գործունեության և նրա վերջին՝ 1935-ի հոկտեմբերին Փարիզի հոգեբուժարանում արված լուսանկարը, ուր Կոմիտասի վերջին հայացքն է՝ անհունորեն ցնցող…

Կոմիտասին նվիրված բազմաթիվ հուշագրությունները տեղեկացնում են, որ հանճարեղ երգահանը առանձնահատուկ սեր է ունեցել լուսանկարվելու նկատմամբ և չափազանց բծախնդիր է եղել դրանցում իր հայացքի, նստած կամ կանգնած դիրքի հանդեպ, և շատ անգամ ոչնչացրել է լուսանկարը՝ անհաջող համարելով: Թերևս այդ պատճառով է, որ հաճախ բուն լուսանկարին զուգահեռ Գուրգեն Գասպարյանը խոշոր պլանով ներկայացնում լուսանկարի այն հատվածը, որում Կոմիտասի հայացքն է: Սա թելադրում է նույնքան ուշադիր ու խնամքով թերթել այս բացառիկ ալբոմը, մանավանդ որ լուսանկարների մեծ մասը լույս է տեսնում առաջին անգամ:

Այս թեմայով