25 Հուլիս 2013, 14:49
2514 |

Հարյուրների հեղափոխությունը

Թե վարորդներն էլ ֆեյսբուքում լինեին, ի՞նչ ստատուսներ կգրեին: Ու միգուցե ավելի լավ հասկանայինք, թե ինչպես մոտենանք իրենց:

Դեռ մեկ շաբաթ առաջ ոչ մեկի մտքով չէր անցնի, որ Երևանի փողոցներում այնպիսի աղմուկ-աղաղակ, ժպիտով բողոք ու բարի ընդվզում կլինի, ինչպիսին սկիզբ առավ հուլիսի 20-ին, երբ հասարակական տրանսպորտի գինը Երևանում բարձրացավ 50 դրամով: Բարձրացավ անօրինական կերպով, բարձրացավ ի օգուտ գծատերերի, բարձրացավ, ինչպես գազը, ջուրը, լույսը, պանիրը, շաքարավազը... Ցանկը կարելի է անվերջ շարունակել, բայց ոչ մի թանկացում նման արձագանք չէր ստացել, ինչպիսին ստացավ ուղեվարձի թանկացումը: Լուրն իմանալուց հետո, ես, իհարկե, թերահավատորեն մոտեցա բոյկոտի գաղափարին: Որոշեցի սպասել առաջին օրվան...

Ընկերներիս մեծամասնությունը համոզված էր, որ կարելի է պայքարել, դժվարը առաջին քայլն էր: Հուլիսի 20-ի երեկոյան ֆեյսբուքյան լրահոսս հեղեղված էր «չեմ վճարելու150 դրամ» հաշթեգով. ամեն մեկը պատմում էր տրանսպորտում իր ունեցած փորձառության մասին, երբ հրաժարվել էր 150 դրամ վճարել՝ «100 տվեցի իջա, բան էլ չասեց», «100 տվեցի, հետևիցս շպրտեց, ինձ երբեք այդպես չէին վիրավորել», «Մոտս թարսի պես 1000-անոց էր, փոխանցեցի, բայց ասացի. «Մի հատ ստացի, բայց 100 եմ վճարում: Եթե 150 ես ստանալու, էտ 50 դրամը կդնես գրպանդ ու գծատիրոջդ կասես, որ չենք վճարելու 150», «50-ը Տարոնը կվճարի»: Ինչպե՞ս կարելի էր այդքանից հետո չոգևորվել: Ինձ համար պարզ էր մի բան՝ պետք է պայքարել, որովհետև բոլորիս աչքն ու գրպանը ծակելու է հասարակական տրանսպորտից օգտվելիս ամեն անգամ 100-ի փոխարեն 150 դրամ վճարելը, որովհետև որոշումն անօրինական է, որովհետև բավակա՛ն է: Պետք է միավորվել, գոնե հիմա, հենց հիմա, անկախ ամեն ինչից:

Արդեն 6-րդ օրն է, ինչ ակցիաներն ընդդեմ 150 դրամի շարունակվում են: Շարունակվում են համակարգված, կազմակերպված, մայրաքաղաքի կենտրոնը, կարելի է ասել, արդեն «գրավված է», բայց այ ծայրամասերում դեռևս «քնած» զանգված կա, որին արթնացնել է պետք: Ամեն երեկո երթ և հավաք Մաշտոցի պուրակում, որն արդեն իրավամբ կարելի է հանրության հաղթանակի խորհրդանիշը համարել: «Մի՛ ամաչիր վճարել 100 դրամ», «Ժպտալո՛վ վճարիր 100 դրամ», «Ես վճարում եմ 100 դրամ: Ես ստրուկ չե՛մ» գրություններով թերթիկները փակցված են ամենուրեք՝ երթուղային տաքսիների ու ավտոբուսների, խանութների մուտքերի, շների վրա, մարդկանց մեջքին, փորին, քիթ-մռութին: Երթերի ժամանակ հնչող սուլոցներ, թմբուկներ, «Հա-րյո՛ւր, հա-րյո՛ւր», «Միացե՛ք, միացե՛ք» վանկարկումներ: Սեփական ավտոմեքենաներով մարդկանց տեղափոխող կամավոր ակտիվիստները բութ մատը վեր տնկած ու ազդանշաններով ողջունում են երթի մասնակիցներին, իսկ նրանց հետ համամիտ, բայց ակցիաներին մասնակցելու հնարավորություն չունեցողները երիտասարդներին սառը ջուր և ուտելիք են բերում՝ այսպես ասած հումանիտար օգնություն: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ «Էրեբունի-Երևան»-ի կամ Անկախության օրը նույնիսկ այսպիսի տոնական տրամադրություն ու միասնություն չէր եղել վերջին 25 տարում:

Ինձ մի կարևոր բան էլ է ուրախացնում. մարդկանց մոտ վերափոխվում է «ակտիվիստ» հասկացությունը, որը վերջերս ինչ-ինչ պատճառներով միայն լաչառների ու պատվեր կատարողների հետ էր ասոցացվում: Վերափոխվում են մարդկային հարաբերությունները, աղջիկ-տղա, կին-տղամարդ հարաբերությունները: Ինչպես ինձ լուսավորեց իմ մշակութաբան ընկերը: Նա ասում է, թե նման ակտիվ ու երկարատև ակցիաների ժամանակ, երբ իրադրության փոփոխություն է տեղի ունենում, այն ամենից վառն արտահայտվում է հենց գենդերային փոխհարաբերություններում, ձևավորվում է հարաբերվելու նոր՝ էքսպերիմենտալ ձևաչափ: Սպասում եմ՝ վերջը երևա, որ սկսեմ հարցուփորձ անել, թե արդեն քանի զույգ է ձևավորվել: Ըկերուհիներիցս մեկը կես-կատակ, կես-լուրջ նկատեց, թե 9-10 ամիս անց ծնելիության կտրուկ աճ է նկատվելու: «Էս ինչ սեր ա տիրում քաղաքի կենտրոններում: Էսքան դուխով ասպետ տղերք ե՞րբ էինք վերջին անգամ տեսել»,- ոգևորվում ենք աղջիկներով:

Մի քիչ էլ վարորդների մասին: Իրենց էլ ենք փորձում հասկանալ, իրենց համար է՛լ ավելի դժվար է. «100 տվեք, ես ձեր զահլեն չունեմ», «150-ա, եթե 100 ես տալու, իջի, չեմ տանում», «Ինձ մի՛ ասեք, գնացեք գծատիրոջն ասեք», «Գիտեմ, գիտեմ, որ 100 եք տալու, նստեք», «Ըհն, 150-ը պոկեցի, գոհ ե՞ք», «Այ մարդ ձրի էլ կտանեմ, մենակ մի բան փոխվի»: Մեկ-մեկ մտածում եմ՝ բա որ իրենք էլ ֆեյսբուքում լինեին, ի՞նչ ստատուսներ կգրեին, միգուցե ավելի լավ հասկանայինք, թե ինչպես մոտենանք իրենց: Շատերը վրդովված են, շատերը՝ հուսահատված, մյուս մասը ոգևորված է, այնքան, որ նույնիսկ տաքսու վարորդներն են մի հոգին 100 դրամով տեղափոխում: Բա երեկվա անվճար երթևեկող լիմուզինը: Սենց ճոխություն ե՞րբ էինք վայելել: Տեղին կլինի մեջբերել ժողովրդական հայտնի խոսքը՝ չկա չարիք առանց բարիք: Բարիքը գնալով շատանում է, այնքան բարի ենք, որ այսօր քաղաքապետին «50-դրամանոց» տորթ հյուրասիրեցինք: Այդքանից հետո բա ո՞նց չգնա ժողովրդի սրտով:

#չեմվճարելու150դրամ

Այս թեմայով