27 Փետրվար 2013, 15:07
1361 |

Մատյան լրագրության. լրագրողը՝ խաղից դուրս

Մասնագիտական առանձնահատկություն. միայն լրագրողներն են, որ ցանկանում են խախտումներ լինեն, իհարկե, խախտողից բացի:

Լրագրողները ընտրություններին չեն մասնակցում: Սա թեորեմ չէ: Աքսիոմ է: Երբեք չեն մասնակցում, քանի որ երբեք ժամանակ չեն ունենում, ընտրական ժամերին քաշքշուքի մեջ են, ընտրատեղամասերում տեսախցիկով ու սուր աչքով հետևում են անցուդարձին: Սա հասկացա, երբ դարձա չափահաս ու առաջին անգամ պետք է կատարեի իմ քաղաքացիական պարտքը: Այդպես էլ պարտք մնացի: Խորհրդարանական ընտրություններին անգամ Երևանում չէի այդ ժամերին, առավոտյան վեցից մինչև կեսգիշեր Իջևանում էի: Դպրոցական տարիներիս երազում էի՝ երբ իրավունք կունենամ սեփական անձնագրով մտնել քվեախուց, այլ ոչ թե տատիկիս ուղեկցելու: Առաջին անգամ չստացվեց, աշխատեցինք արտակարգ ռեժիմով ու չհասցրեցի քվեարկել: Այստեղ էլ խորհեցի. կանխամտածված, թե ինքնաբերաբար` լրագրողը երբեք մասնակից չէ որևէ գործընթացի, անգամ իր երկրի համար ճակատագրական իրադարձության, անգամ մեծագույն ցանկության դեպքում:

Ընտրության օրը ամենազավեշտալին լրագրողի կարգավիճակն է: Մտնում ես որևէ խուլ գյուղի քանդած դպրոցի կիսանորոգ դասարան, ուր ընտրական ցուցակների առաջ նստած են մեծ կրծքերով առաջատար կթվորուհիները: Կրծքերի քաշը պահ են տվել սեղանին հենվելով, ու զգացվում է, որ վերջին չորս ամսում առաջին անգամ են կարմիր շրթներկ օգտագործում: Նրանք միանգամից գունատվում են տեսախցիկով լրագրող տեսնելով: Ոչ մի վատ բան չեն արել, բայց մի տեսակ խառնվում, զգաստանում են լրագրողի ներկայությունից: Ասես Տեր Թոդիկի փոշի է նստում ուսերիս, երբ ամեն րոպե զգում եմ՝ ինչպես են ինձ հետևում, ԸԸՀ նախագահը աչքը չի կտրում ու ամեն մի հայացքիս մի նախադասություն է նվիրում: Ներսում երեք-չորս երիտասարդ, իրենց ծննդականներով վստահված անձ ձևակերպված, արագ հեռանում են, մնում է մեկը, այն մեկը, որը չի գիտակցում լրագրողի ներկայությունը՝ հիմնվելով գյուղում ունեցած հեղինակության վրա: Գյուղի տրակտորիստը գործի բերումով կտրած մատներով բացում է քվեատուփի փականը, մշուշոտ աչքերով զսպում այն, ինչ առանց իմ ներկայության կասեր, հաստատ կասեր համագյուղացուն: Մարդիկ իրենց պահում են թաքնված հանցագործի պես, ինձ էլ նորանշանակ շերիֆի տեղ դնում, չգիտես՝ ուրախանաս, զայրանաս, թե ամեն դեպքում ամաչես, որ մարդիկ լրագրողի մեջ «խոսք հասցնողի են տեսնում»: Քաղաքում մի փոքր այլ է: Այստեղ ես միակ լրագրողը չեմ, ով մտնում է ընտրատեղամաս: Աշխատողներն էլ փորձառու են, նույնիսկ՝ վտանգավոր ու անհարկի համարձակ, անընդհատ փորձում են հասկացնել, որ պետք եղածից մի բան էլ ավելի բաց են աշխատում:

Մի խոսքով, ընտրությունը լրագրողների համար դաժան, տևական, բայց հաղթահարելի խոչընդոտ է: Մի մասնագիտական առանձնահատկություն էլ. միայն լրագրողներն են, որ ցանկանում են խախտումներ լինեն, իհարկե, խախտողից բացի: 

Այս թեմայով