22 Հուլիս 2013, 16:14
4594 |

Սուսաննա Հովհաննիսյան. Թումանյանի պատմությունը

Մեր դասախոս Սերժ Սրապիոնյանի արտահայտություններից մեկը թևավոր խոսք էր դարձել. «Թումանյանի կենսագրությունը,- ասում էր նա ուսանողներին,- պարտավոր ես քո կենսագրությունից ավելի լավ իմանալ»:

Թումանյանի կյանքից մի ինչ-որ դրվագ մոռանալու համար մեր քննության գնահատականի ցածր լինելու համար չէինք զարմանում, ավելին՝ ամաչողներ էլ կային: Ի վերջո անհրաժեշտ է նրա կենսագրությունն իմանալով-պատմելով՝ Թումանյանի տեսակն անընդհատ աչքի առաջ ունենալ:

Ընդհանրապես, շատ է լինում, երբ որևէ մեծ գրողի կամ արվեստագետի կենսագրության մեջ խորանալիս երբեմն այնպիսի մանրամասներ ես իմանում, որ ինչ-ինչ հիասթափությունների տեղիք է տալիս: Թումանյանի դեպքում բոլորովին հակառակն է:

Ու ահա թե ինչու ինձ չափազանց անհրաժեշտ թվաց 2010-ին հրատարակված «Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության տարեգրություն» (1869-1908) գիրքը (դեռ երկու հատոր էլ լույս է տեսնելու), որտեղ Մեծ լոռեցու կենսագրության 20-ամյա հատվածն է՝ անգամ առօրեական-կենցաղային մանրամասներով: Ու դրանք այնքան ներդաշնակ են նրա կերպարին:

Ահա թե ինչու է Թումանյանի գիտական կենսագրությունը ստեղծելը ոչ միայն գրականագիտության, այլև մեր հասարակության համար կարևոր, ես կասեի՝ նույնիսկ օրախնդիր: Դեռ 1969-ին Արամ Ինճիկյանը «Հովհաննես Թումանյան: Կյանքի և ստեղծագործության պատմությունը. 1869-1899» աշխատության մեջ շարադրեց Թումանյանի գիտական կենսագրության 30-ամյա փուլը, բայց մոտ 50 տարի այն շարունակություն չէր ստացել թումանյանագիտության մեջ՝ չնայած ի հայտ եկած նորանոր փաստերին ու նյութերին:

Եվ ահա Սուսաննա Հովհաննիսյանի «Հովհաննես Թումանյանի կյանքի ու ստեղծագործության պատմությունը» (1900-1912 թթ.) գիրքն է լույս տեսել, որ բանաստեղծի գիտական կենսագրության երկրորդ՝ 12-ամյա փուլն է ներկայացնում: Շքեղ ու մեծածավալ մի հատոր, որտեղ հնարավոր բոլոր փաստերի ու տեղեկությունների կիրառմամբ՝ մեր դեմ բացվում է Թումանյանի կյանքի մի մեծ շրջանը՝ գրեթե ամենայն մանրամասնությամբ: Հրաշալի աշխատանք, որ դասագիրք է նաև՝ Մարդու, բանաստեղծի, հայի, քաղաքացու այսպես ասած՝ գիտությունն ուսանելու դասագիրք: Թումանյանի ապրածի ու արածի շնորհիվ:
Նախ՝ Թումանյանի գրական-հասարակական միջավայրն է ներկայացվում, «Վերնատան» շրջանը, մանրամասնվում են նրա առավել մտերիմ մարդկանց՝ Ղազարոս Աղայանի, Լևոն Շանթի, Ավետիք Իսահակյանի, Կոմիտասի հետ հարաբերությունները, բացահայտվում են իսկապես մեծ հոգիների մեծ բարեկամություններ:

Ապա ներկայացվում են Թումանյանի մեկենասները՝ Խրիմյան Հայրիկը, Փիլիպոս Վարդազարյանը, Արիստակես Զարգարյանը, մարդիկ, որոնք ոչ միայն մեծ դերակատարություն են ունեցել Թումանյանի կյանքում, այլև իրենց գործունեության բնույթով, ժողովրդի կյանքում մեծ բանաստեղծի գոյության ու գործի մեծ գիտակցությունն ունեին՝ ակամա համեմատության մղելով մերօրյա հղփացած ու անոգի մեծահարուստների հետ:

Չափազանց հետաքրքիր է «Կանայք Հովհաննես Թումանյանի կյանքում» գլուխը, որը մի կողմից վեր է հանում ուշագրավ մանրամասներ բանաստեղծի բնավորության գծերի մասին, մյուս կողմից՝ օգնում առավել լիարժեք ընկալել կնոջն ու սիրուն նվիրված Թումանյանի ստեղծագործություններն ու հոգեբանական ընդհանրացումները:

Մարդկային հարաբերություններում Թումանյանի հանդես բերած անկրկնելի և ուսանելի հատկանիշներին գումարվում են բովանդակալից, ազգօգուտ ու հանրօգուտ հասարակական, քաղաքական, գրական գործունեության դրվագները: Ամենուր, ամեն տեղ, որտեղ կարիք կա, որտեղ պետք է, որտեղ մի բան այն չէ, միշտ շարժման մեջ, միշտ իրադարձությունների բովում, միշտ օգտակար ու զարմանալի Թումանյանը: Ահա՝ բազմաթիվ ուղևորություններ ու ճամփորդություններ՝ ստեղծագործական ու գործնական նպատակներով, մեծ ջանքեր ու աշխատանք՝ մանկական գրականության զարգացման ասպարեզում՝ ամսագիր, դասագիրք, ապա՝ հրապարակախոսական-խմբագրական գործունեություն՝ ընդամենը երկու տարի, բայց ի՜նչ կարևոր խնդիրների արծարծում ու լուծման հնարավորությունների մատնանշում՝ դպրոց և ուսուցիչ, հայոց լեզվի զարգացում, հեղինակի իրավունքի պաշտպանության խնդիր, ազգային թատրոնի զարգացման միտումներ… Ու այդ ամենը քաղաքական հալածանքների պայմաններում, Մետեխի բանտում անցկացրած շրջանում անգամ գրում է, կազմակերպում, հորդորում, մղում…

Ու Թումանյանի՝ նույնքան բուռն ու ուսանելի կենսագրության մյուս՝ 1913-1923 թթ. շրջանն ընդգրկող հատորը դեռ սպասվում է…

Այս թեմայով