11 Հուլիս 2013, 14:30
1665 |

Չելենտանոյի ֆենոմենը ԽՍՀՄ-ում

Իտալացիները հայերի նման են՝ կանայք անկապ ղժղժացող են, տղամարդիկ էլ՝ ամեն մեկը մի սուտի մաֆիոզի:

Աննան ու Ֆրանչեսկոն, Քրիստինան ու Մարկոն, Մարիան ու Սանդրոն, Անդրեան, Դանիելն ու ևս մեկ Անդրեան երբ Իտալիայից եկան Հայաստան ու իջան օդակայան, ամեն մեկը երեք ճամպրուկ ուներ, իսկ գնալուց ահագին բան պակասել էր: Իտալացիները հայերի նման են՝ կանայք անկապ ղժղժացող են, տղամարդիկ էլ՝ ամեն մեկը մի սուտի մաֆիոզի: Իմ հյուրերը եկել են Պերուջիայից: Իսկ հիմա անհավանական փաստ. նրանք չէին ճանաչում Չելենտանոյին: Երևի դա նրանից է, որ Իտալիան բաժանված է եղել մանր եսիմինչերի:

Նստած ենք Գորիսում մի հացատանը, հեռախոսով միացրել եմ Չելենտանոյի The best հավաքածուն, հյուրերս պապանձված են, չեն ճանաչում: Փորձում եմ հիշեցնել՝ Ադրիանո Չելենտանո՝ Օռնելա Մուծիի հետ էն ֆիլմում, էն որ կապիկի դերը կապիկից լավ ա խաղում: Պարզվեց՝ հյուրերս չգիտեն նաև Օռնելա Մուծիին: Ես մազոխիստ եմ, ավելի խորացա՝ իսկ Մոնիկա Բելուչիի՞ն: Փառք Աստծո, նրան գիտեին: Ինչո՞ւ, որովհետև իրանց կողքի գյուղերից մեկում է ծնվել: Եթե, օրինակ, Միլանում ծնված լիներ, հաստատ չէին իմանա: Ի զարմանս ինձ գիտեին նաև Ջուզեպե Տոռնատորեին, էն նույնին՝ որ Մոնիկային նկարեց որպես Մալենա ու աշխարհի բոլոր տղամարդիկ մեկընմիշտ քունը կորցրեցին:

Ֆենոմեն է. սովետի ժամանակ ԽՍՀՄ-Իտալիա կապերը լրջոտ են եղել, Չելենտանոյի կինոները ցուցադրվել են, երգերը չեն արգելվել, դրա համար նրան լավ գիտենք: Բայց թե ոնց են այս իտալացիները հաջողացնել նրան չճանաչել, գլուխս չի մտնում: Ոնց-որ հայ լինես ու Ազնավուրին չիմանաս: Ես դեռ չեմ հանձնվում, հիշեցնում եմ վերջին դեպքերը՝ նրա հետ կապված: Օրինակ՝ Չելենտանոն վերջերս Վերոնայում նենց համերգ տվեց, չեղած մազերս բիզ-բիզ կանգնեցին, հայտնի գինեգործ է, գինի է արտադրում: Չէ որ չէ: Ի վերջո, ամենատարեց հյուրս ասաց՝ հաաաաա, հիշեցի, երբ դպրոցն ավարտելիս գնացի Միլան, մի կինո նայեցինք դասարանցիներով, ինքն էր խաղում.....

Ամոթից խաբեց, թե չխաբեց՝ չգիտեմ, բայց Գորիսի հացատան խոհանոցն ակտիվացավ ու ի վերջո բերեցին խորոված ձուկը, ու հայ-իտալական կապերը տեղափոխվեցին այլ հարթություն:

Այս թեմայով