11 Հուլիս 2013, 12:15
2814 |

Հովհաննես Երանյան. «Ողորմություն Ֆրոսյային»

«Գրողի համար կարևորը մարդկային ճակատագրերն են: Մեծ քաղաքական վայրիվերումների մեջ իսպառ մոռացված էր մարդը: Հենց նա է Հովհաննես Երանյանի նոր գրքի հերոսը»:

Նորություն չեմ ասի՝ գրականությունը իրականության ամենահավաստի վկայագրությունն է, ապագայում մեր ապրած այս դարձդարձիկ ժամանակների պատմությունը: Ինչպես եղել է, հենց մեր օրերում ստեղծվող գրականությունից ենք իմանալու, ոչ թե պատմության դասագրքերից: Մանավանդ որ՝ գրականությունը փաստերի, եղելությունների, դարակազմիկ ու ոչ դարակազմիկ իրադարձությունների մեջ չի մոռանում մարդուն: Մարդուն, ով ակնառու քաջագործություններ չի արել՝ պատմության դասագրքերում հիշատակվելու համար, բայց ապրել է իրեն բաժին ընկած ժամանակը: Ինչպե՞ս է ապրել, ի՞նչ է մտածել, ի՞նչ երազանքներ է ունեցել, ի՞նչ դժվարությունների միջով անցել… Գրականությունն է տալիս այստեսակ հարցերի պատասխանը, ու այդ իմաստով է, որ լավ գրողը՝ նաև պատմիչ է՝ իր ժամանակի հոգեբանությունը փոխանցող՝ պատմության չորուցամաք ժամանակագրությունը կենդանացող:

Խորհրդային ժամանակներին, համակարգին, աշխարհի՛ կարգին համակերպված կամ դրանց դեմ ըմբոստացող մարդիկ, հարաբերությունների տեսակներ ու ձևեր մշակած և դրանք որդուց որդի փոխանցող մարդիկ… Ու հասարակարգ է փոխվում, նախ՝ երկար սպասված երազանքն է դառնում իրականություն, ապա հուսախաբություններ, դառնություններ, հաղթանակ պարտադրված պատերազմում, ուրախության ու ցավի մեկընդմեջվող զգացողություններ, գլխիվայր շրջված ժամանակ…

Անցման այս բարդություններն են Հովհաննես Երանյանի «Ողորմություն Ֆրոսյային» պատմվածքների ժողովածուի թեմատիկ ատաղձը: Ինչ էինք, ինչ դարձանք՝ հառաչում են Երանյանի հերոսները, ու նաև պարծենում: Ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել՝ գոհանում են Երանյանի հերոսները… Սա է, կյանքն է, վայրիվերումներով, մի օր այստեղ, մի օր՝ այնտեղ, մի օր տեր, մի օր՝ ծառա, մի օր՝ Բրեժնևի ուշադրության կենտրոնում, մի օր՝ մուրացկանություն անելիս… Երեկվա չխոսկան-համեստը՝ հետո Արցախյան պատերազմում առաջին շարքերում կյանքն է տալիս…

Բոլորն էլ դրամատիկ պատմություններ, հոգեբանական իրավիճակներ՝ հյութեղ երկխոսություններով, երբեմն իսկապես գտնված ֆինալներով, ինչպես «Զավակս» կամ «Ապաստան» պատմվածքներում է: Երանյանն անընդհատ հոգեբանական ապրումների վրա է կառուցում իր պատմվածքները, և այդ պատճառով արտաքուստ ամենաանսպասելի ու տրամաբանության մեջ չտեղավորվող արարքները, ի վերջո, ունենում են բացատրություններ, երբեմն՝ արդարացումներ:

Ուզում եմ խոստովանել՝ երկար ժամանակ է գիրք կարդալուց ընթերցողին շնորհված վայելքը չեմ ապրում, հերոսների հետ չեմ ապրում, պատմություններով չեմ տարվում, չեմ հուզվում, մասնագիտական աչքս անընդհատ սթափ է պահում՝ գրականությունը, այնուամենայնիվ, պայմանականություն է, կամ ինչպես Սլավիկ Չիլոյանն էր ասում՝ կինո է, կանցնի… Բայց Հովհաննես Երանյանի պատմվածքները զարմանալիորեն մոռացնել են տալիս այդ պայմանականությունները, այսպես ասեմ՝ կուրացնում մասնագիտական աչքը, որը, ճիշտն ասած, «քթի մազություն» անելու տեղ այդքան էլ չունի … Երևի այն պատճառով, որ ինձ, իմ կողքին ապրող մարդկանց ու իմ ապրած ժամանակը չափազանց առարկայական եմ տեսնում, վերապրում անցած զգացողություններ…

Հովհաննես Երանյանի «Ողորմություն Ֆրոսյային» ժողովածուի հանձնարարականում այս առումով կարդում ենք. «Գրողի համար կարևորը մարդկային ճակատագրերն են: Ճակատագրեր, որոնք խեղվեցին քաղաքական հեղաբեկումների արդյունքում: Մեծ քաղաքական վայրիվերումների մեջ իսպառ մոռացված էր մարդը: Հենց նա է Հովհաննես Երանյանի նոր գրքի հերոսը»: Հավելեմ՝ ժողովածուն փոխանցում է մեր ժամանակի հոգեբանության թանկ ու հավաստի վկայություններ:

Այս թեմայով