10 Հուլիս 2013, 20:25
1539 |

Մեծ փառատոնի երազանքով

Այս տարի արդեն տասներորդ անգամ հասունացած «Ոսկե ծիրանը» ոչ միայն կինոտոն է, այլև պարտավորվածության պես մի բան տեղացի կինոգործիչների համար, հնարավորություն ներկայանալու ոչ միայն հայաստանցի հանդիսատեսի առջև, այլև կինոարվեստի գիտակների, ովքեր լավ ծանոթ են ամերիկյան ու եվրոպական կինոինդուստրիային:

Հայ ռեժիսորները տարին բոլոր մտազբաղ են, բայց հայկական կինոն դրանից մեծ հաշվով չի շահում, պրեմիերաների շարքում միայն մեկ կամ երկուսն են, որ կարողանում են հանդիսատեսին կինոթատրոն բերել: Ռեժիսորների մի մասը սա բացատրում է նրանով, որ իրենց մտքում հասունացած հանճարեղ գաղափարները էկրանավորելու ու աշխարհին զարմացնելու ֆինանսական հնարավորություն չունեն:

Տարին մեկ անգամ Եվրոպայի ու աշխարհի ուշադրությունը կենտրոնանում է Կաննի փառատոնի վրա, այն նոր ժամանակների կինոյի հնագույն փառատոններից է, որը տարիների ընթացքում դարձել է նաև ամենածանրակշիռներից մեկը: Ի ապացույց թեկուզ այն հանգամանքը, որ եթե մինչև 1970-ականները ամեն երկիր ինքն էր որոշում՝ որ ֆիլմով ներկայանա փառատոնին, ապա 70-ականներից այս կողմ հատուկ հանձնաժողովն է միայն ընտրում՝ որ ֆիլմն է արժանի մասնակցել: Վերջին շրջանում Կաննը մանրամասն լուսաբանվում է նաև Հայաստանում: Ասել, թե հայկական արտադրության ֆիլմերը կանաչ ճանապարհ ունեն դեպի փառատոնի մրցութային ծրագիր, սուտ կլինի: Փոխարենը մերոնք հնարավորություն ունեն ներկայանալ Կաննի կինոշուկային: Ոմանք սա համարում են ինքնամխիթարանք բոլոր այն գործիչների համար, ովքեր գիտակցում են, որ Կաննի պես փառատոնը միշտ էլ երազանք կմնա մեզ համար: Տեղացի կինոգործիչներից շատերը սակայն համոզված են՝ կինոշուկային մասնակցելով մեր երկրի նույնիսկ տեղը հստակ չիմացողների ցույց է տալիս, որ այս կողմերում ևս կինոարտադրություն գոյություն ունի:

Կինոշուկային մասնակցության կարևորությամբ հաջորդը «Անսի» փառատոնն է՝ բացառապես անիմացիոն կինոարտադրանք ներկայացնող: Այն Եվրոպայի մուլտարտադրողների շրջանում ամենահեղինակավորն է, անցկացվում է 1960-ից ի վեր: Փառատոնի մրցութային ծրագրում հայկական կողմը դեռևս ակտիվ չէ, փոխարենը ակտիվ է կինոշուկայում: Այս դեպքում սակայն փաստ է, որ հայ անիմատորների համար սա լոկ մասնակցություն չէ: Եվրոպացի մուլտարտադրողներին մերոնք հասցրել են զարմացնել: «Անահիտ» անիմացիոն ֆիլմին ծանոթանալուց հետո եվրոպացի կոլեգաները զարմացած են մնացել. Այն աշխատանքը, որն իրենք մեծաթիվ ստեղծագործական թիմով են անում, Հայաստանում իրականություն է դառնում համեմատաբար քիչ թվով մարդկանց շնորհիվ: Իհարկե, լավ օրից չէ, որ անիմացիոն ֆիլմը մերոնք համեստ ներուժով են ստեղծում, բայց մյուս կողմից հենց այս նեղությունն է, որ առավելություն է դարձել հայ անիմատորների համար միջազգային փառատոնում:

Ընդհանրապես, մեծ ու հեղինակավոր փառատոներում տեղական արտադրության կինոն մեծ հաշվով որպես կինոշուկայի մասնակից է հանդես գալիս: Ու այս պարագայում չափազանց կարևորվում է «Ոսկե ծիրանի» դերը: Չէ որ այն ևս մեկ առիթ է տեսնելու, սովորելու ու հասկանալու՝ ինչ է պետք անել, որ հայաստանյան արտադրության հայկական ֆիլմը դրսում ևս պիտանի լինի ոչ միայն կինոշուկայում, այլև մրցութային ծրագրում:

Այս թեմայով