25 Փետրվար 2013, 13:36
2371 |

Գիրք լինի` «լայքենք»

Յուրաքանչյուր տարի գիրք նվիրելու օրը հրատարակչությունը տարբեր միջոցառումներ է կազմակերպում, այս տարի որոշեցին այս կերպ տոնել Գրքի օրը:

 

Դե՜, ձեզ մատաղ, ֆեյսբուքցինե՛ր,
Մե՛կ էլ, մե՛կ էլ, մի լա՛յք տվեք,
Մի լայք տվեք դուք այս գրքին,
Որ նվիրվի այն Ահարոնին:

 

Ա. Վարդանյան

Ահարոն Վարդանյանը բանաստեղծ չէ: Ֆեյսբուք սոցկայքի օգտատիրոջ ստեղծագործելու մուսան եկավ, երբ «Զանգակ» հրատարակչությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ գիրք նվիրելու օրվան՝ փետրվարի 19-ին, ընդառաջ կնվիրի գիրք բոլոր այն օգտատերերին, որոնք իրենց նախընտրած գրքի օգտին կհավաքեն 150 և ավելի like: Հրատարակչությունն իր էջում տեղադրեց տասը անուն գիրք, ու սկսվեցին լայքախեղդության երկու շաբաթները: «Խնդրում եմ, իմ գիրքը like արեք»,- խնդրանքը չմերժելով շատերն են երևի մի քանի տասնյակ մարդու գիրք like-ել:

Ահարոնը ներքաշվեց «գրքային իրարանցման» մեջ շնորհիվ իր ընկերուհու: Նա հերթական գրքի հղումը նկատեց նրա ֆեյսբուքյան պատին ու որոշեց ինքն էլ բախտը փորձել: Ահարոնն իր բանաստեղծական ստատուսների և բազում ֆրենդերի շնորհիվ կարողացավ հասնել պահանջվող like-երի քանակին:

«Սովորաբար չեմ սպասում նման ակցիաների, ու գրախանութներից շաբաթական մի քանի անգամ գիրք եմ գնում: Ասեմ ավելին՝ աշխատավարձիս մեծ մասը հենց գրքերի վրա է ծախսվում: Սեփական փորձով գիտեմ, որ լայքելու խնդրանքը նյարդայնացնող է, բայց գրքի ակցիայի հետ կապված նման դեպքեր չեղան», - ասում է Ահարոնը: Նա ընտրել էր Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր արքաները» գիրքը: Ի դեպ, Զանգակի հայտարարած ակցիայից հետո բարձրացավ «լայքամուրության» մեկ այլ ալիք`կապված տեխնիկայի հետ: Սակայն դրա թիրախային լսարանն այլ է՝ նույն Ահարոնն օրինակ չմասնակցեց այդ ակցիային:

Գրքերի ակցիայի մեկ այլ մասնակից և հաղթող Հրաչյա Մուրադյանից շատ ժամանակ չպահանջվեց` իր ընտրած գրքի համար բավարար չափով լայքեր ապահովելու: Նրա ընկերներն արագ արձագանքեցին: «Ես լայքերի փոխանակում էի կազմակերպել: Ընկերներս իմ գիրքն էին լայքում, ես` իրենցը», - պատմում է Հրաչյան:

Նա նույնպես տեղյակ է, որ կա նոր ակցիա` տեխնիկայի հետ կապված, բայց մասնակցել չի էլ պատրաստվում: «Չեմ ուզում նմանատիպ ակցիաներով տարվել, բացի այդ՝ մինիմալ շեմը բարձր են դրել, հաղթահարելու համար պիտի շատ ժամանակ կորցնեմ, իսկ դա անել արժեր միայն գրքի համար»:

Նարե Աթոյանն ասում է, որ գրքերի հարցում անկուշտ է, բայց ոչ այն աստիճան, որ ձանձրացնի մարդկանց: Ուստի ընտրեց ընդամենը մեկ գիրք, տեղադրեց իր ֆեյսբուքյան պատին և ընկերների օգնությամբ հավաքեց համապատասխան լայքերի քանակը: «10 հայ ականավոր արքաներ» -ն էի ուզում, բայց այդ պահին արդեն 1000-ից ավելի share տեսա, որոշեցի ընտրել այնպիսի գիրք, որն ավելի քիչ պահանջարկ ունի: Էլի լավ գրքեր կային, բայց դրանք արդեն հավանաբար կգնեմ», - ասաց Նարեն:

Լայքամոլության ալիքից հետո ուղղակի անհրաժեշտ էր զրուցել ուղիղ երկու շաբաթ ֆեյսբուքն «անլռելի զանգակատան» վերածած «Զանգակ» հրատարակչության հետ:

«Յուրաքանչյուր տարի գիրք նվիրելու օրը մենք տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում, այս տարի որոշեցինք այս կերպ տոնել Գրքի օրը», -ասաց գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը: Նա նշեց, որ արձագանքները հիմնականում դրական են եղել, նա ինքը մի անգամ փորձել է լայքել իր ֆրենդերից մեկի գիրքը՝ ինչին ի պատասխան ընկերը կատակով հարցրել է՝ արդյոք նրա մեկ լայքը միանգամից տասը հատի տեղ կանցնի: Ակցիան ծրագրված է եզրափակել խորհրդանշական երեկո կազմակերպելով, որի ընթացքում և կբաժանվեն գրքերը:

 

Ի դեպ, ֆեյսբուքցիների այդքան գրքասեր լինելու մեջ անձամբ համոզվելու համար տեղադրեցի մի սիմվոլիկ գիրք և խնդրեցի լայքել: Աշխատեց: Փաստորեն, ֆեյսբուքում իսկապես բնակվում են բազմաթիվ գրքասերներ: 

 

 

 

 

Այս թեմայով