27 Հունիս 2013, 13:48
1648 |

Ռուբեն Հովսեփյանի Մարկեսը

Վերջին տարիներին հայաստանյան հրատարակիչներն ավելի ու ավելի են հակվում այն մտքին, որ համաշխարհային գրականության նշանավոր ու անկյունաքարային ստեղծագործություններն անպայման պետք է թարգմանել բնագրից:

Սա միանգամայն ճիշտ մոտեցում է, մանավանդ՝ հիմնական միջնորդ ռուսերեն թարգմանությունների զգալի մասը, մեղմ ասած, վերապատմում-վերաշարադրումներ են, երբեմն նույնիսկ որոշ հատվածների ու նախադասությունների զեղչմամբ: Օրինակ, Խուլիո Կորտասարի «Վիճակախաղ» վեպն իսպաներենից թարգմանած Հովհաննես Գրիգորյանը պատմում էր, թե ինչպես թարգմանության ընթացքում մի դժվար հատված հաղթահարելու համար դիմել է ռուսերեն տարբերակի օգնությանը և զարմանքով հայտնաբերել, որ այն բացակայում է:

Բնագրից կատարված թարգմանություններին նախապատվություն տալը, սակայն, երբեմն հասնում է ծայրահեղության. կտրականապես մերժվում են բոլոր թարգմանությունները, որոնք կատարվել են նախկինում և ռուսերենից: Այնինչ դրանց շարքում կան գործեր, որոնց դեպքում անհրաժեշտ է բացառություն անել:

Խոսքս նախևառաջ վերաբերում է Ռուբեն Հովսեփյանի՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» և «Նահապետի աշունը» վեպերի՝ ռուսերենից կատարված թարգմանություններին, որոնք վերջերս հրատարակվեցին մեկ գրքով: Բազմիցս եմ լսել, որ մեր ժամանակներում չի կարելի Մարկեսին հայերեն հրատարակել միջնորդ լեզվից թարգմանությամբ, բայց դեռ չգիտեմ որևէ մեկին, որ փորձել է Հովսեփյանի թարգմանությունները համեմատել իսպաներենի հետ և թերություններ կամ բնագրից շեղումներ մատնանշել:

Մյուս կողմից՝ գուցե զարմանալի է, բայց փաստ. Մարկեսից' բնագրից կատարված թարգմանությունները (օրինակ՝ «Սերը ժանտախտի ժամանակ» վեպը) չեն հաջողվել, համենայն դեպս, դրանց վերաբերյալ դժգոհություններն ավելի շատ են: Ընդ որում, նշվում է, որ հարազատորեն չի վերարտադրվել Մարկեսի ոճը: Ռուբեն Հովսեփյանի թարգմանություններում ոճական միասնությունը չափազանց ներդաշնակ է, նրանցում պատկերված իրականությունը՝ իսկապես մոգական: Սա նշանակում է բնագրի լեզուն իմանալուց առաջ կամ զատ, տիրապետել թարգմանական արվեստի նրբություններին, բնագրի լեզվից լավ տիրապետել հայերենին, ունենալ հեղինակի ոճի զգացողություն:

Հովսեփյանի թարգմանության շքեղ ու միևնույն ժամանակ' թեթև ու ճկուն հայերենն ինչ ասես արժի: Վստահ եմ' շատերը ցանկացած պահի կարող են անգիր ասել, ասենք, «Հարյուր տարվա մենության» հենց առաջին նախադասությունը. «Կանցնեն շատ տարիներ, և Արկադիո Բուենդիան, գնդակահարության պատի տակ կանգնած, կհիշի այն հեռավոր իրիկունը, երբ հայրը իրեն սառույց տեսնելու տարավ»:

Եվ ամենակարևորը, որը, թեպետ հատուկ կերպով չի բարձրաձայնվել, բայց մշակութաբանական փաստ է: Այն, որ 1980-ական թվականներից մեր գրականությունը, մասնավորապես՝ արձակը, «հանկարծ մարկեսացավ» (բնորոշումը գրականագետ Թադևոս Խաչատրյանինն է), իմ խորին համոզմամբ՝ պայմանավորված է Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի՝ Ռուբեն Հովսեփյանի թարգմանության գոյությամբ:

Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» և «Նահապետի աշունը» վեպերի' բնագրից կատարված թարգմանություններ և լավ թարգմանություններ, վստահ եմ' դեռ կունենանք: Իսկ մինչև այդ՝ վայելենք վեպերի միացյալ նոր հրատարակությունը, ընկղմվենք մարկեսյան մոգական իրականության մեջ՝ Բուենդիաների, Ուրսուլայի, Ռեմեդիոս Գեղեցիկի, շատ տարբեր, բայց միշտ մենության թախիծով պարուրված Աուրելիանոների, դաժան, բայց հրաշալի կերտված Նահապետի, Բենդիսիոն Ալվարադոյի, Մանուելա Սանչեսի ու էլի շատ-շատերի անմոռանալի աշխարհը:

Այս թեմայով