19 Հունիս 2013, 14:54
1465 |

Մատյան լրագրության. ազատ խոսքը՝ առանց փողկապի

Էս էլ մի նկարի, գնալու ես ասես, էս պաշտոնյան ինչքան կերավ ու խմեց: Բացի այդ, ես ֆոտոգենիկ չեմ, մանավանդ՝ սնվելիս, ավելի լավ է՝ արի, կողքս նստի մի բաժակ խմի, ցրտից դողում ես:

Բոլոր լրագրողներն են հանդիպում այս պատասխանին, երբ որևէ բարձր պաշտոնյա մասնակցում է հավաքույթի, տոնակատարության կամ բարեգործության: Իհարկե, շատերը երկրորդական են համարում նրա ճաշելն ու անմոռաց ծամելը, սակայն մի քանի լրատվամիջոցներ կարևորում են հենց այդ հանգամանքը: Ցեխ շպրտելու համար նրանք ամեն ինչի պատրաստ են, նույնիսկ' չինովնիկի յուղոտ երեսը ի ցույց դնելու: Երբ դեռ առաջին քայլերն էի անում, ինձ համար կարևոր էր նկարել ամեն ինչ, ինչպես օրինակ' մամուլի ասուլիսը սկզբից մինչև վերջ, պետական գործչի այցն էլ' մեքենայից իջնելուց մինչև մեքենա նստելը, մի խոսքով՝ նկարել այնքան, մինչև օպերատորս ուշագնաց չլիներ: Ժամանակի ընթացքում հասկացա' երբ ռեպորտաժը սնունդի կամ պաշտոնյայի սնվելու մասին չէ, հանգիստ կարելի է նաև անտեսել այդ կադրը: Հավատացնում եմ՝ ոչ ոք չի տուժի:

Ես լրագրող եմ, մի տեսակ կենտրոնամետ քաղաքացի ու չեզոք մասնագետ, բայց որոշակի համակրանք ունեմ նախարարներից մեկի նկատմամբ: Ընդգծված, չափից շատ հավանում եմ նրան: Նախևառաջ գնահատում եմ նրա մեջ այն, որ երբևէ լրագրողներին չի մերժել, թեպետև նրան ուղղված հարցերը միշտ սուր են ու խնդրահարույց: Նկատել եմ, որ տանել չի կարողանում, երբ օպերատորը նկարահանում է նրան դեմ դիմացից, միանգամից ոտքից գլուխ ուսումնասիրում է ու աչքերով հասկացնում, որ հեռանա: Մեկ այլ նախարար լրագրողների հետ զրույցում երբեք չի մոռանում խոսել իր անձնական կյանքից: Դեպքեր են եղել, երբ օրինակ, մարտի 8-ի մասին խոսելիս առանց երկմտելու սկսել է պատմել, որ իր կնոջը նվիրել է ծաղիկներ ու արջուկ, տեղեկացրել, որ նախորդ տարի նվիրել էր հանգիստ Ծաղկաձորում, իսկ հաջորդ տարի պատրաստվում է նվիրել թանկարժեք իր: Ու այդպես մի չորս-հինգ տարվա ցուցակ: Լրագրողների մեծ մասը հիացած լսում էր, գրառում ու անմիջապես տեղադրում լրահոսի առաջին հնգյակում: Ու որևէ մեկի մտքով իսկ չի անցնում՝ ախր ում են պետք նախարարի անձնական կյանքի այդաստիճան անիմաստ մանրամասները: Սա ոչ կենսագրություն է, ոչ էլ որևէ հույժ կարևոր ինֆորմացիա, ավելին, նա այդ հուզական ու զգացմունքային նկարագրություններով լրագրողներին շեղել է ու մոռացնել տվել բուն թեման: Անձնական քրոնիկոնն ամփոփելուց հետո էլ ասում է, կներեք, երեխեք ջան, խորհրդակցության եմ, շտապում եմ, ժամանակս սպառվեց, հետո կխոսենք: Արդյունքում որպես բուն նյութ մնում է նրա դատարկաբանությունը:

Անվիճելի է, որ ամենահիշարժան դրվագներն առանձնանում են խորհրդարանում: Ազգային ժողովի պատգամավորներն իրար հայհոյում են ամբիոնից, միջանցքներում, բուֆետում, հետո միասին սուրճ են խմում, ճաշարանում կենացներ ասում, փողոցներում համբուրվում: Պարադոքս է, իսկական պարադոքս: Եվ ամենատարօրինակն այն է, որ պաշտոնյաները երբեք նույն դեմքի արտահայտությամբ հարցազրույց չեն տալիս, մինչև նկարահանումը, տեսախցիկը միացնելը նրանք ազատ, հանգիստ, ժպիտով, ընկերաբար զրուցում են, բայց երբ կանգնում են տեսախցիկի առջև, միանգամից փոխվում են: Թվում է՝ համազգեստ են կրում, միանգամից հիշում են իրենց պաշտոնական դիրքը, կուսակցական պատկանելիությունը, առանձնացնում ու կիրառում են ոլորտային, մասնագիտական տերմիններն ու սկսում դատարկաբանել: Իհարկե, ոչ միշտ, բայց շատ հաճախ է այսպես: Ի դեպ, երբ ներկայացնում են որևէ ծրագիր, նկարահանումից հետո մոտենում են ու փորձում տեսախցիկի առջև ասածը ավելի պարզ մեկնաբանել, հիմնականում այսպիսի պատճառաբանումներով. «Միգուցե ես շատ մասնագիտական խոսեցի, կարող է չհասկանան, դու էսպես բացատրի, որ խնդիր չառաջանա»: Փաստորեն, միայն կադրից դուրս է կիրառվում մարդկային բառապաշարով զրուցելու գաղափարը, մինչդեռ եթերում հայտնվում են զուտ բյուրոկրատական մտքեր:

Այս թեմայով