18 Հունիս 2013, 12:48
2726 |

Արմինե Անդա. «Անկիմյուրի բնակիչները»

Դերենիկ Դեմիրճյանի բնորոշումը կիրառելով՝ կստացվի, որ այս գիրքը հեքիաթ-վեպ է՝ «մեծ փոքրերի ու փոքր մեծերի համար»:

Տարիներ առաջ Արմինե Անդան, երբ ստորագրվում էր դեռ Արմինե Աբրահամյան, «Անկիմյուրի բնակիչները» վերնագրով փոքրիկ մի գրքույկ հրատարակեց, որում թեպետ հստակ հղում կար, որ տպագրվածն ընդամենը հեքիաթ-վեպի առաջին մասն է, այնուամենայնիվ, ընթերցելուց հետո կիսատության զգացողություն չէր մնում, որովհետև հեղինակը շեշտադրել էր ոչ թե սյուժետային զարգացումները, այլ երևույթները, հասկացությունները, հանրահայտ ճշմարտությունները որոշակի իրավիճակներում նոր կողմերից բացահայտելու և ընկալելու հնարավորությունները: Ու պատահական չէ, որ ցանկություն էր առաջանում անընդհատ հանդիպելու-ծանոթանալու Անկիմյուր ինքնատիպ քաղաքի նույնքան ինքնատիպ բնակիչների հետ, նրանց տրամաբանությամբ վերլուծել ու ընկալել աշխարհն ու երևույթները… Ու «Հեքիաթ-վեպ. առաջին մաս» հղումը այդ ցանկության հնարավորությունը չէր բացառում, մնում էր սպասել ամբողջական հեքիաթ-վեպին, ինչն այս տարի վերջապես իրականություն դարձավ:

Հեքիաթ-վեպի ամբողջական հրատարակությամբ վերջապես մենք էլ ունեցանք մեր այսպես կոչված՝ ֆենթզի ժանրի գործը: Ուրիշ մտածողության, ուրիշ հետաքրքրությունների, երազանքների ու երևակայության ուրիշ տարածությունների մեջ սուզումը արդեն ունի այլընտրանք: Հարի Փոթերի (օրինակ) արկածներին ու որոնումներին շնչակտուր հետևելու հետ մեկտեղ, արդեն կարող ենք զմայլվել ձյան փաթիլի նրբությամբ կառուցված Անկիմյուրի նույնքան նուրբ բնակիչների ոչ պակաս հետաքրքիր ապրելակերպով: Այդ հերոսները՝ նիմբլյումները, անտագոնիստ թփաները, կոլոսները, պերիսետները, տասնոտնուկ մաթեմատիկոսները, մյուսները, արկածների այնքան էլ հակված չեն, բայց նրանց պատկերացումները աշխարհի, մարդկանց ու երևույթների մասին միտում են ամենասովորական իրողությունների մեջ ուրիշ տրամաբանություն տեսնել: Օդապարիկ Սարսունելը, ուսուցչուհի Կակոնան, եռանկյունի արարած Դելիմեբրան, Մյուսետը, որ «ուներ այնքան երկար թարթիչներ, որ երկրի բոլոր պատուհաններից դրանք երևում էին»՝ հերոսներ են, որոնք որքան արտառոց, նույնքան էլ բնական են, եթե կարողանում ես մտնել նրանց առաջարկած յուրօրինակ մտածողական խաղի մեջ:

Ընդհանրապես՝ այս հեքիաթ-վեպում այսպես ասած՝ անկիմյուրյան տրամաբանության օրենքներն են գործում, օրենքներ, որտեղ մտածողական խաղը կարևոր նախապայման է, խաղ, որն օգնում ու մղում է արդեն քո տրամաբանության օրենքները մշակել:

«Անկիմյուրի բնակիչները» մանկական գրականություն չէ: Ընդունված արտահայտությամբ՝ 0-ից 100 տարեկան երեխաների համար է գրված, Դերենիկ Դեմիրճյանի բնորոշումը կիրառելով՝ կստացվի, որ սա հեքիաթ-վեպ է՝ «մեծ փոքրերի ու փոքր մեծերի համար»: Հեղինակի նկարազարդումները մեծապես լրացնում են տեքստը, առարկայացնում ֆենթզին ու միևնույն ժամանակ՝ ներքաշում նոր խաղի մեջ…

Այս թեմայով