17 Հունիս 2013, 14:21
3824 |

Երևանի Uptown-ը

Երբ իմացա, որ այս նոր վայրը գտնվում է Կորյուն 19ա հատվածում, ենթադրեցի, որ առաջվա Compote pub-ն է, բայց ընդհատակում գտնվող վայրն ինչու՞ է կոչվում Uptown, այդպես էլ անհայտ մնաց:

Մուտքի մոտ խմբված ակտիվ ամբոխն ու իրարանցումը հուշում էին, որ այն ինչ կատարվելու է րոպեներ անց, սկսվելու է հենց այստեղից: Ծանոթ դարպասից ներս մտանք ու հայտնվեցինք նորաբաց Uptown-ում:

Հարկավոր էր նախևառաջ հասկանալ՝ ինչն էր փոխվել: Տարածքն ավելի լուսավոր էր, մուտքից աջ բեմն էր՝ երաժիշտներին սպասող, իսկ ձախ կողմում ընդարձակ բարն էր: Հետզհետե մարդկանց հոսքն ավելանում էր, ներս էին մտնում կարծես հատուկ ընտրված երիտասարդներ՝ կոկիկ հագնված, վառ ու ժամանակակից: Սա, միանշանակ, փաբ գնացող զանգված չէր, պետք էր հասկանալ՝ ինչ է կատարվում: Հարմարվեցի բարի մոտ, աչքս դիպավ բարմեններից մեկի վերնաշապիկին, ու, առանց ենթադրելու, որ վրայի գրվածքը,մեղմ ասած, ամոթալի բովանդակություն ունի, բարձրաձայն կարդացի:Բարմենը տեղնուտեղը կարմրեց:

Ոչինչ, թող հիշի, որ յուրաքանչյուրը պատասխանատու է իր հագած վերնաշապիկի համար: Լարված մթնոլորտը ցրելու համար սկսեցի զրուցել մյուս բարմենի հետ: Հետաքրքրվեցի՝ ինչու բարի լայնությամբ ձգվող ողորկ մակերեսով սեղանը լաքապատ չէր: Լևոնը՝ այդպես էր բարմենի անունը, ասաց, որ երևի չեն էլ լաքապատի, այսպես լավ է: Ավելացրեց, որ բացումից երկու ժամ առաջ այստեղ դեռ շինարարական աշխատանքներ էին տարվում, իսկ բարի սեղանը մեկ ժամ առաջ է հավաքվել:

Փաբում շարունակվում էր մարդկանց ներհոսքը: Փաբի կենտրոնում դրված հյուրասիրության մեծ սեղանն ասոցացվեց «Խորհրդավոր ընթրիքի» հետ: Տեսնես՝ միայն ե՞ս եմ այդպես կարծում: Անկյուններից մեկում հանդիպեցի վաղեմի ծանոթներիցս մեկին՝ ակտիվիստ, հեծանվորդ, փաբեր հաճախող Վահեին: Ինչպես միշտ, լայն ժպտաց ու բարևեց: Հիպպիոտ Վահեն այս անգամ ինձ զարմացրեց իր ճակատին փակցրած տեսախցիկով: Իմ ծամածռությունները տեսանկարահանելուց հետո Վահեին հարցրի, թե ինչ կարծիք ունի Uptown-ի վերաբերյալ:

«Ինձ դուր է գալիս, որ այստեղ ավելի լուսավոր է»,-ասաց նա, իսկ իմ այն հարցին, թե արդյոք Փարպեցի-Պուշկին փողոցի փաբերից մարդիկ չեն ալարի հասնել Կորյուն, պատասխանեց՝ «Շատ շուտով փաբերի տեղաբաշխումը կփոխվի, քանի որ դրանք 12-ից փակվում են ու մարդկանց հենց այսպիսի կիսափաբոտ վայրեր են հարկավոր»:

Վահեին հրաժեշտ տալուց հետո հանդիպեցի Crimsterdam ռոք խմբի Արթուրին ու նույն հարցն ուղղեցի նրան: Ռոքերը, բնականաբար, սկսեց երաժշտությունից:

«Այ, օրինակ չհավանեցի երաժշտությունը, Coldplay չեմ սիրում ու դինամիկները ...ինչ-որ երաժշտությունը շատ բարձր է, խլացնում է»,- ասաց Արթուրը՝ զուգահեռաբար խոստովանելով, որ շատ է հավանում բեմի հատվածը: Ամբոխում գտա Աննային՝ սևազգեստ մի աղջկա, ով կարծես հեքիաթից իջած լիներ: Պարզվեց՝ նա Uptown-ի համահիմնադիրներից է: Աննան պարզաբանեց, որ աշխարհի բոլոր մեծ քաղաքներում կան uptown-ներ, որտեղ հավաքվում է քաղաքի առավել ինտելեկտուալ ու ճաշակով զանգվածը: «Արդեն ժամանակն է, որ փաբային վայրերը ցրվեն քաղաքով մեկ ու դադարեն կենտրոնանալ միայն մեկ-երկու փողոցներում»:

Ամբոխից հեռու՝ բարի մոտ նստած մի աղջիկ այնքան հանդարտ տեսք ուներ, կարծես նախապես գիտեր այս վայրի ճակատագիրը: Նույն անտարբեր ձայնով ասաց, որ իր կարծիքով սա հերթական վայրն է լինելու՝ նույն մարդիկ, նույն երաժշտությունը: Ու հենց այդ պահին բեմ բարձրացավ Free Form Band-ն ու Մարինե Հակոբյան երգչուհին: Էմմի Վայնհաուզին հիշեցնող երգչուհին միանգամից բեմի շուրջը հավաքեց ամբոխին, ու հենց այդտեղ նկատեցի այն երիտասարդին, որին պարբերաբար տեսնում էի փաբերում: Գրեթե միշտ ականջակալներով՝ նա կամ կարդում էր, կամ խորացած էր իր iPhone-ի մեջ: Ամեն անգամ նրան հանդիպելիս ակամայից նյարդայնանում էի՝ ինչպես կարելի է մխրճված լինել նորագույն տեխնոլոգիաների մեջ, երբ շուրջդ կյանքը եռում է: Առիթը չէի կարող բաց թողնել ու չխոսել նրա հետ ևս: Էմին Կուկունցը ժամանակակից գրող է, գրում է զզվելի մարդկանց մասին, որոնք հիմա շատ են, սիրում է ռոք երաժշտություն ու այցելում է փաբեր:

«Այստեղ կարելի է այցելել գիշերը 12-ից հետո, բայց երևի երեք անգամից ավելի չգամ, եթե դառնա Bourbon-ի նման գլամուր վայր»,- այսպիսին էր Կուկունցի կանխատեսումը: Չգիտեմ՝ որքանով կարդարանան գրողի պատկերացումները, բայց այն, որ սեղաններին դրված կծու թխվածքաբլիթներն ինձ պարբերաբար աչքով էին անում, ու ես էլ որոշակի դիմադրություն չէի ցույց տալիս՝ հակասելով գլամուրի՝ «քեզ զսպիր ու մի կեր» ոսկե կանոնին, անհերքելի փաստ է:

Այս թեմայով