13 Հունիս 2013, 18:17
1512 |

Սերնդափոխություն

Կանայք այդ օրը երրորդ բաժակ սուրճն էին խմում, որովհետև ջրամանի մոտ չլվացած բաժակներ կային:

- Ծանոթացե´ք, մեր նոր աշխատակիցն է:
- Բարև Ձեզ,- հազիվ հասցրեց ամուր փակել բերանը, որ հոգում ճռռացող դռան աղմուկը բերանից դուրս չթռչի: Հուզմունքը երեսից պոկած գույնը այնքան մեծ թափով նետեց երակների մեջ, որ անսպասելիությունից դեպի գլուխը սուրացող արյունը հասցրեց բռնվել դռան բռնակից: Այդ թափից նա կորցրեց իր հավասարակշռությունը, այլապես անհասկանալի էր, որ խաղաղ պայմաններում, առանց աշխատավայր խուժած «թշնամու» միջամտության կամ օգնության, գլուխը խփեց տնօրենի աշխատասենյակի բացված դռանը: Այս իրարանցումը ժամանակից կուլ տվեց երկու վայրկյան, իսկ հետո…իսկ հետո ժամանակը կանգ առավ, և թույլ տվեց, որ տարեց մարդը, շփելով գլուխը, շարունակի.
- Նա իմ բաժնու՞մ պետք է աշխատի:
- Այո, - ժպտալով պատասխանեց տնօրենը:
- Այսինքն, իմ գերեզմանափորն է, - քահ-քահ ծիծաղեց 80-ամյա բաժնի վարիչը:

Հիստերիան կխլեր նրա ծիծաղը, եթե տնօրենը չընդհատեր նրան:
- Ծանոթացրե´ք աղջկան իր աշխատանքին:
- Արի աղջիկս, - գտավ նա իր խոսելու տոնն ու դրանից ուրախացած շարունակեց,- շատ կարևոր է, որ սիրես այս գործը, սա նստակյաց աշխատանք է, կարդալու և ուսումնասիրելու շատ բան կա, պիտի չձանձրանաս: Խղճիդ հակառակ երբեք չգնաս, գործումդ բարեխիղճ և ազնիվ եղիր,- կշարունակեր խորհրդարշավը, եթե հասած չլինեին աշխատասենյակի դռանը,- լավ, աղջիկս, ներս մտի´ր, ես հիմա կգամ:

Վերջին խոսքերը նրա մարմնին անհասկանալի թեթևություն հաղորդեցին: Աղջկան նույնիսկ թվաց, որ այդ խոսքերը կախարդական էին, որովհետև դրանցից հետո այդ ծեր մարդու մարմինը ունիվերսալ առաձգականություն ստացավ: Երիտասարդ բալերոնի վեր ձգվող ոտնաթաթերով, բայց ծերությունը մատնող կորացած մեջքով, ծղրիդի պես ցատկոտեց մութ, երկար ձգվող միջանցքով դեպի անհայտություն: Չգիտեմ, դիտմամբ դռների մոտ մենակ թողեց նորամուծվողին, թե իսկապես անհետաձգելի գործ ուներ անփոխարինելի բաժնի վարիչը: Երբ միջանցքի հետ կապող միակ դուռը փակվեց ներս մտնող աղջկա մեջքի հետևում, նա միանգամից տեսավ, որ առաստաղը շատ բարձր է այդ փոքրիկ սենյակի համար, որ ծաղկամաններում հողից ծաղիկների արմատները դուրս են ցցվել, որ կանայք ձանձրացած էին խոսում, և որ այդ օրը երրորդ բաժակ սուրճն էին խմում, որովհետև ջրամանի մոտ չլվացած բաժակներ կային:

Կանանց գլխավերևում ծաղկած հարցականներին շտապեց ջուր լցնել նորեկը.
-Բարև Ձեզ, ինձ ասացին ներս մտնեմ, ես ձեր նոր աշխատակիցն եմ: Ուզում եմ այստեղ աշխատել:

«Ուզում եմ»-ը մի քիչ հարցականով ստացվեց: Աղջիկն էլ զարմացավ իր առոգանությունից, հետո տխրեց, որ ինքնաբուխ վրիպումը այդքան էլ առոգանության հետ չէր կապված: Անհյուրընկալ լռությունը ճնշում էր: Քանի որ ոչ ոք չառաջարկեց նստել, նա ինքն իրեն թույլ տվեց նստած սպասել: Արժե՞ր խոսակցության նյութ որոնել այնտեղ, որտեղ լռության մեջ ամեն ինչ պարզ էր: Նստել հպարտ, մեջքը ուղիղ, մի քիչ էլ մեխող հայացքով' չփչացնելով թշնամու իմիջը, թե՞ ուսերը ներքև, մի քիչ մոլորված, աչքերը հատակին խոնարհած' ընդունելություն մուրող ակնարկով: Ո՞րն է ավելի հոգեպես ազնիվ: Կարելի է փորձ անել և միանգամից մտերմանալու համար սկսել քաղաքականությունից խոսել, անձնական վատ առողջական վիճակից, չէր խանգարի միանգամից ճշտել նաև սոցիալական վիճակն ու կարգավիճակը: Միգուցե նա կփորձեր զրույցի թեմա գտնել, բայց օգնության հասավ բացվող դուռը:

- Ծանոթացա՞ք մեր աշ..ա..ցի,- դրանից հետո եկող բառը անհասկանալի հնչյունախառն կուլ գնաց,- հետ: Նա էս ազատ սեղանի մոտ կնստի, որովհետև պարզ է չէ, որ պետք է ազատ սեղանի մոտ նստի,- իր սուր կատակի վրա նա լիաթոք ծիծաղեց, բայց քանի որ սենյակում ոչ ոք իր զորակցությունը չհայտնեց ծիծաղին սատար կանգնելու, նա ստիպված եղավ լռել:

Դա միակ սեղանն էր, որի վրա համակարգիչ կար: Ուրախացնող փաստ, գունավոր դրսի հետ կապող այդ տարածությունը աշխատասենյակում մնալու ուժ էր տալիս: Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր.

- Մենք համակարգիչ չենք միացնում, ճառագայթվելը…,- բառից հետո աղջիկը էլ ոչինչ ի վիճակի չէր լսելու այդ յոթանասունամյա կնոջ առողջությանը սպառնացող վտանգի մասին: Աստված, իհարկե, դժբախտության մեջ մարդուն միայնակ չի թողնում: Դուռը բացվեց, և առանց ներս մտնելու մի երիտասարդ աղջիկ ինչ-որ հարցով դիմեց բաժնի վարիչին: Դռան հետևում մնացած, այն մութ ու երկար ձգվող միջանցքում այնքան լուսավոր էր նրա ստվերը: Կողքի սենյակներում էլ երիտասարդներ կային…

Այս թեմայով