22 Փետրվար 2013, 20:06
1270 |

Փաբիստի արկածները. Ծխահարության դեմ պայքարող ՀԱԿ ակտիվիստը

Լավ օդափոխության համակարգը թանկ հաճույք է, փաբերին ոչ հասանելի: Արդյունքում փաբիստներն ամեն անգամ ստիպված են ծխահարված տուն վերադառնալ:

Process-ում հայտնվելու համար պետք է լինես նրանց «ընտանիքի» անդամ, այլապես դուռը ուղղակի չեն բացի քո առջև: Հաջողությամբ անցնելով ֆեյս-քոնթրոլը՝ մտա ներս ու միանգամից նստեցի բարի մոտ: Չգիտես ինչու, ինձ երբեք դուր չեն եկել ցածր, գետնին կպած աթոռներն ու սեղանները, ուստի ընտրությունս միայն բարի վրա կարող էր կանգնել: Խնդրեցի թեյ, և, օհ, զարմանք, ափսեի կողքին դրված էր երկու կտոր լիմոն, ինչը հազվադեպ է պատահում նման վայրերում: Մինչև չուզես` չեն տա: Բարմենը՝ կիսով չափ` ուկրաինուհի, որսաց հիացած հայացքս ու մեղմ ժպտաց:

Մինչ սպասում էի արտասահմանցի ընկերներիցս մեկին, զրույցի բռնվեցի կողքիս նստած երիտասարդի հետ: Պարզվեց՝ ՀԱԿ-ի ակտիվիստներից է, ես էլ պահը բաց չթողեցի և սև հումորին բնորոշ հնչերանգով հարցրի` շա՞տ հիասթափվեց: Ի զարմանս ինձ` երիտասարդի դեմքի վրա ոչ մի մկան չձգվեց, նա հանգիստ պատասխանեց, որ պայքարը շարունակվում է, քանի ինքը կա:

Հետո սկսեց երկար-բարակ բացատրել, թե ինչ մեթոդներով է պայքար շարունակվում, ինչի համար: Սիրուն տեքստեր այն մասին, որ գոնե մեր թոռները պիտի ապրեն իր երազած հայրենիքում: Քանի որ մտադիր չէի երեկոս փչացնել քաղաքական զրույցներով, թեման փոխեցի դեպի փաբերի օդափոխությունը: Այո, նման խնդիր իսկապես կա, ընդ որում՝ բոլոր փաբերում: Ակտիվիստից իմացա, որ նա նույնիսկ գիտի` ինչպես լուծել այդ խնդիրը: Սակայն լավ օդափոխության համակարգը թանկ հաճույք է, փաբերին ոչ հասանելի: Արդյունքում փաբիստներն ամեն անգամ ստիպված են ծխահարված տուն վերադառնալ: Չէինք հասցրել խորանալ խնդրի մեջ և ամենի մեղավորը համարել իշխանությանը, երբ ինձ միացավ արտասահմանցի ծանոթս: Լքեցի ՀԱԿ-ականին, երեկոն էլ նոր թափ ստացավ`հին, բայց որակյալ երաժշտության հնչյունների ներքո:

Այս թեմայով