07 Հունիս 2013, 12:44
1619 |

Իրականությանը զուգահեռ

Հիմա, երբ հակառակ ուղղությամբ եմ քայլում, բոլոր՝ կարծես թե ճշտված ճշմարտությունները ինձ հետ շրջվել են իմ իմացածին 180 աստիճան հակառակ, և քայլում են ինձ հետ զուգահեռ:

Տերևների փշրվող ուղեգորգը, կեղտոտելով կոշիկներս, հիպնոզող ձայնային խաղով մտովի հեռացնում է այգուց, անէանում եմ: Գլխումս ծովահատակի կապույտ լռությունն է: Ամեն ինչ խաղաղ է: Լողում եմ ներքև ու ներքև, շնչառությունս բացվում է: Եվս մի քանի րոպե է պետք, որ հոգնությունն ինձ լքի: Մարմինս ազատվում է ամեն տեսակ խեղդող, ճնշող և նեղող ծանրություններից: Միթե՞ կարելի է այսքան թեթև լինել: Ես, իհարկե, գիտեմ, որ ես եմ ինձ կապել թելերով' ինձ համար ցանց եմ հյուսել, որով և ես եմ ինձ որսում, և ուրիշները, ու ինչ-որ բան փոխելն անիմաստ է: Ինձ այգու գետնին մեխեց տղաս, որն արդեն հինգերորդ անգամ նույն հարցն էր տալիս.

- Մա՛մ, ինձ հրացան կառնե՞ս
- Ո՛չ, այսօր չէ, հոգնած եմ….
- Հոգնած չես, մամ, առ, խնդրու՜մ եմ:
- Դու կարո՞ղ ես այլևս չկրկնել խնդրանքդ:

Մի պահ ինձ մեղավոր զգացի որդուս կտրուկ պատասխանելու համար, մանավանդ, որ նա այլևս ոչինչ չավելացրեց: Ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչու եմ ցանկանում կտրվել իրականությունից և դարձյալ իջնել այնտեղ, ուր միայն ես եմ ու էլ ոչ մի շունչ:

Այդ այգու ուղեգորգով իմ կյանքի տարիներն են սփռվում: Հիմա, երբ հակառակ ուղղությամբ եմ քայլում, բոլոր՝ կարծես թե ճշտված ճշմարտությունները ինձ հետ շրջվել են իմ իմացածին 180 աստիճան հակառակ, և քայլում են ինձ հետ զուգահեռ: Պարզվում է՝ պետք է, նույնիսկ՝ թթվածնի պես անհրաժեշտ է երբեմն ինքնախոստովանությամբ զբաղվել, այն օգնում է ինձ անկեղծանալ, հասկանալ, որ զգացողություններս հեռու են իրական կյանքում ստացած ակնկալիքներից: Ոչ թե բոլոր ճանապարհներից առաջ, այլ բոլոր ճանապարհներից հետո պետք է կանգ առնել, մտածել՝ որ ուղղությամբ շարունակել: Եվ եթե դրա համար անհրաժեշտ է անէանալ, կամ գուցե հիվանդանալ, որ ժամանակ ունենալ մտածելու, ապա դա արդարացված կլինի, քանզի արդյունքը կարտահայտվի մեկ այլ իրավիճակում:

Մոտենալով բակին՝ հասկացա, որ ժամանակս սպառվեց, այլևս չեմ կարող մասնակցել այս երկխոսությանը: Հասա շենքի մոտ, հետևաբար, ամեն ինչ հրաշալի է: Պետք չի անտեսել ու չգնահատել ունեցածը: Պարզապես մոր կարգավիճակում հոգսերն այլ են, այլ է պատասխանատվությունը: Ժամանակը չի հերիքում, պետք է կարողանալ մի կտավի վրա զուգահեռ ապրեցնել երկու իրականություն, հաճախ՝ իրարամերժ:

Այս թեմայով