06 Հունիս 2013, 16:08
1975 |

Սեռաթևեր

Ամռանն իմ մատներին թևեր են աճում: Նկատի ունեմ՝ ոտքերիս մատներին: Բայց ասեմ, որ այդ աճած թևերը շատ հարմար չեն. երբ սկսում եմ ճախրել, մեկ էլ հոպ՝ գլխիցս թռնում, ինձ քիթ-մռութով մայթերին կամ բացօթյա սրճարանների սեղաններին են տալիս...

Մեր քաղաքում ամառը քանդակագործության, ավելի շուտ՝ սրճարանների քանդակագործության մասնագետ է: Մարդը գալիս է սրճարան, մի բաժակ սուրճ է վերցնում ու հոպ՝ դառնում է քանդակ: Ինչ ժամ-պատարագ, կաթողիկոսի պատգամ, պողոտայով երթևեկող Բաղրամյան, բնավ վերջը չի. մինչև հազարը մնում, բլբլում, հազարից մեկ էլ՝ մի շիշ ջուր է պատվիրում:

Մի խոսքով, ոտքիս թևերը սանդալի միջից դուրս գցած թռչում էի, մեկ էլ՝ հոպ... Կազիրյոկի մոտ չհասած՝ ընկա Արուսի մազերի ցանցը: Բթամատով ականջը մի լավ քորելուց հետո Արուսը փռշտաց: Փռշտոցի կրակային ալիքից թլըփ' դիմացի աթոռին հայտնվեցի:Սեղանի մոտ, ինձնից բացի մեկ կիսանդրի ու մեկ կիսակենդան (թու, ուզում էի ասել՝ դասական), մի խոսքով' մի հատ էլ դասական քանդակագործության շրջանակների մեջ արված կիսակենդան Մահարձան կար: Սրան կյանքում առաջին անգամ էի տեսնում: Չեմ էլ հիշում' անունն ասաց, թե' չէ: Տասը րոպե էլ չէր անցել, երբ Մահարձանն իր սիրամարգիկռինչ ձայնով հրաժեշտ տվեց, աներևույթ մինին հագին Արուսին պաչեց, Սոնայի կուրծքն աչքի անցկացրեց, հաշվի վրա իր տպավորությունները թողեց ու գնաց: Հազիվ էի աղջիկների հետ մի երկու բառ փոխանակել, երբ ցնցուղատյաց մատուցողուհին վազեվազ մոտեցավ ու օդի մեջ սկսեց լալահառաչ բառեր քանդակել:

- Էն աղջիկը, որ ձեր հետ էր, է՜, հիմա ընկած ա...

Մի ոտքս օդի մեջ, գլխով Մահարձանի վրա կախված, արալեզի նման, սկսեցի դրա ժելեոտ ճակատը լպստել, երբ համայն օպերայահայությունը մեր շուրջը հավաքվեց: «Շտապ օգնության» մեքենան էլ՝ ափալ-թափալ, մի կես ժամ ուշացումով, հայտնվեց ու «սպազմ» դիագնոզը ներկաների ճակատներին դաջեց:

- Գևս, ամուսինս, կանչեք Գևիս,-պատկերացնում եք' մեռնելիս Մահարձանն ինչպես կխոսի:

Մի խոսքով, այդ խեղճուկրակ քարակույտը, ոտքերը՝ դեպի երկինք, շտապ-ուշացած օգնության մեքենան խցկեցին, ու Սարյանի սփրթնած արձանը Արուսի մազերի ցանցի մեջ թողած՝ ես ու Սոնան հաստաբուդ բժշկուհու գիրկը նստեցինք: Յալլա՜՝ դեպի հիվանդանոց: Հիվանդանոցի դարպասը բացված-չբացված մեր առջև դուրս եկավ Հիպոկրատի քարե գլխարկով մի ժամկետանց Միանձնուհի ու, Մահարձանի երեսին նայելով, քարցրահնչյուն շառաչեց.

- Աստված կփրկի... Տասնհինգ հազար դրամ...

Հոպ... Միջնամատիս թևով դրամապանակս մի կարգին քրքրելուց հետո՝ հազիվ 4125 դրամ քերեցի: Քսանհի՞նգ... Հա, էն մի տասանոց մետաղադրամը ծակ էր: Մի 600 էլ Սոնայի գրպանում կար:

- Գևս, ամուսինս... Ինչո՞ւ լքեցիր ինձ...
- Դուք առաջին օգնությունը ցույց տվեք, - ասացի փողից արծաթազօծ ձեռքով Միանձնուհուն,-հիմա ամուսինը կգա, մնացած փողն էլ ինքը կտա:
- Ո՞վ է այս կինը...
- Ծանոթս է,- ասացի՝ բերանը ձուկ առած-կանգնած Սոնայի երեսին նայելով:
- Անունն ի՞նչ է:
- Չգիտեմ, - Սոնան էլ ձուկ էր:
- Բա ո՞նց ա ձեր ծանոթը:

Համրացած Սոնան ուզում էր թեփուկոտ բերանը բացել, երբ հիվանդանոցի դռները շրխկացին և կիսախելագար Անուշի պես, Արուսը ներս խուժեց: Հոպ... Օպերան իր սրճարաններով, վախից փայտիկը ուտող դիրիժորով ու Արամ Խաչատրյանի առաջ ժամադրված ծտերով, Արուսի մազերի մեջ էին: Վերջինիս աներևույթ մինին տեսնելով՝ Միանձնուհու դեմքի գույնը կալցի-քլոր դարձավ:

- Աղջիկ ջան,- ասաց՝ մի աչքը փակելով, մյուսի մեջ՝ հավելյալ տասնհինգ հազար դրամ հաշվելով,- շատ էիր շտապում հա, երևի մոռացե՞լ ես շոր հագնել...
- Գևս, ամուսինս...
- Հասկացա, - բնազդաբար զգալով, որ Արուսից խեր չկա, նույնիսկ փողը դնելու տեղ չունի, Միանձնուհին դեպի հիվանդասենյակ գնաց,-հիմա ամուսինը կգա, մնացած դրամը կբերի...

Հազիվ էր Միանձնուհու կապտած սպիտակությունը չքացել, երբ շփոթված Արուսը մազերը, Օպերան էլ հետը, ծոծրակին կոս արեց: Կոսի մեջ խեղդվող դիրիժորը վերջին շնչում Մոցարտի «Ռեքվիեմը» չափ տվեց:

- Ախր,- Արուսի լեզուն երկատվեց, օձաճյուղ դարձավ,- Ախր, ես ոնց ասեմ, որ Գևը... Մի խոսքով նրա ամուսինն աղջիկ է...

Բնականաբար, այդ պահին Սոնայի ձկությանն ավելացավ բուսական կուրությունը:

- Ես կասեմ...

Միանձնուհին գիշերանոթը ձեռքին հայտնվեց միջանցքի հիվանդանոցային սառնության մեջ:

- Գիտեք,- ասաց գիշերանոթից բխող լավային ուշադրություն չդարձնելով,- ամուսինը չի կարող գալ, ընկերուհին է գալու:

Հոպ, ապե... Ոտքիս թևերը զարմանքից ինձ օդում ֆռիկ սարքեցին: Հա, հա... Ընկերուհի ասվածի փոխարեն եկավ մի մաչո՝ սև-սպունգ թրաշով ու կիսագողական ջինսով: Նա, թասիբն արյան մեջ, ինձ մոտեցավ, ձեռքով ափս մի լավ շրխկացնելով, հետույքն ադաթավարի ցցեց:

- Ախպեր ջան, մերսի, որ օգնության եք հասել, հլը մի օր կնստենք, մի հատ ախպերավարի կծանոթանանք,- հետո շրջվեց դեպի իր կարծեցյալ կինը,- իսկ քեզ հետ ես հետո կխոսեմ...
- Գևս, ինչու լքեցիր ինձ...
- Ասացի...

Բայց քանի որ Մահարձանը «Գևս, ամուսին» ասելով՝ շրջապատի բոլոր ագռավներին իր պատուհանի մոտ էր հավաքել, Մաչոն, միանգամից հիվանդասենյակ մտավ: Մահարձանը, ակնթարթորեն կենդանանալով, ամուսնուն, ընկերուհուն, մի խոսքով' Գևին իր հյուընկալ գիրկն առավ: Ինչ հուզիչ տեսարան... Արուսի կոսն էլ քանդվեց ու հանգույց դարձած դիրիժորն ակնթարթորեն «Սուսերով պարը» չափ տվեց: Շրխկ՝ դուռը փակվեց...

- Մի րոպե, - Սոնան ջալյամի նման վիզը մինչև առաստաղ երկարեցրեց, որ հիվանդասենյակի դռան վերևից տեսնի, թե ներսում ինչ է կատարվում, - էս տղեն աղջի՞կ էր...
- Հա, - թռավ իմ չորացած բերանից:

Իմ «հա»-ի վրա Սոնայի ուղեղը հալվեց ու տաք-տաք ընկավ ուղիղ բթամատիս թևի վրա: Չհասցրեցի կրակն անջատել. աջ ոտքիս թևերն ամբողջությամբ այրվեցին:

Փողոց դուրս եկա... Ստիպված էի ճողված քայլել, քանի որ ձախ ոտքս թռչում էր, աջի վառված թևերը՝ կախ-կախ ընկած գնում:

Մարգարյան ծննդատան մոտ չհասած՝ ձայն լսեցի:

- Դու աղջի՞կ ես, թե' տղա...

Մենակ սա էր ինձ պակաս, շուռ եկա, որ մի լավ նախշեմ, երբ... Մոր արձանի գիրկը նստած երեխան, պարզվեց, առանց սեռական օրգանների էր:

- Ագռավներն են պոկել, - ասաց, - դու աղջի՞կ ես, թե' տղա...
- Չի՞ երևում...
- Ափսոս' երևում է...
- Իսկ դո՞ւ...

Երեխայի ոտքերի արանքում աճած թևերը նրան օդ բարձրացրեցին:

- Իսկ ես երջանիկ եմ, - պատասխանեց երեխայական պարզությամբ, - քանի որ անսեռ եմ...

Այս թեմայով