05 Հունիս 2013, 15:36
2091 |

Կիսատ թողած «ժառանգությունը»

Երբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտնեց, որ իր տան մոտ սպանության կապակցությամբ մինչև հետաքննության ավարտը հրաժարվում է մարզպետի պարտականություններից, բոլորը թեթևացած շունչ քաշեցին:

Մոտ մեկ տարի է, ինչ լուրեր են պտտվում, թե ՀՀ Սյունիքի մարզից 50 000 հա տարածք որպես արոտավայր վարձակալությամբ տրվելու է Իրանի Արևելյան Ազերբայջան նահանգին: Հայկական կողմից այս իրադարձությունը երկար ժամանակ որևէ կերպ չէր մեկնաբանվել: Լավագույն դեպքում նշվում էր, որ հուշագիր կա, բայց պայմանագիրը բացակայում է: Իսկ իրանական կողմը պարբերաբար նշում էր, որ հուշագիրն արդեն ստորագրված է, իսկ պայմանագիրը քննարկման փուլում է: Հատկանշական է, որ սկզբնական շրջանում, քանի դեռ հասարակության կողմից արոտավայրերը Իրանին վարձակալությամբ տալու հարցը քննադատական անդրադարձ չէր եղել, Սյունիքի մարզպետարանում գործարքի մասին հպարտությամբ նշում էին որպես ձեռքբերում: Օրինակ, Սյունիքի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանկյանը ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում նշել էր, որ ծրագրավորվում է արոտավայրեր տրամադրել Իրանին: Որոշ ժամանակ անց, նույն մարզպետարանը սկսեց հերքել գործարքի մասին տեղեկատվությունը:

Ըստ իրանական աղբյուրների, առաջին փուլում առաջնակարգ արոտավայրերի վարձակալությունից հետո անասնապահությամբ զբաղվող գյուղական համայնքներից այնտեղ կտեղափոխվի 50 000 գլուխ անասուն, իսկ դրա դիմաց հայկական կողմին գյուղատնտեսական տեխնիկա կտրամադրվի: Ըստ արդեն ստորագրած հուշագրի, 2 հազար հեկտարն էլ տրամադրվելու է իրանական կողմին, որպես բնակավայր:

Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ տալու վերաբերյալ նշվում են մի քանի վտանգներ, որոնցից առաջինը հողերի անապատացման ահազանգն է: Ըստ հուշագրի, 50 000 գլուխ անասունների մի մասը ոչխարներ են լինելու, իսկ ոչխարների հոտերը կարող են սևահողը անապատեցման հասցնել ինչպես իրենց պճղակներով, այնպես էլ արածելու ոճով. բանն այն է, որ ոչխարը եզակի կենդանիներից է, որը խոտն արածելու ընթացքում ուտում է նաև նրա արմատը՝ մեկընդմիշտ հանդերի վերջը տալով: Հայկական կողմի համար երկրորդ վտանգը գյուղատնտեսությանը հասցվող հնարավոր վնասն է: Ըստ մամուլի, իրանցիների կողմից վարձակալած տարածքներում չեն կարող իրենց անասունները պահել տեղացի գյուղացիներն ու ֆերմերները, ինչը նշանակում է, որ այս համաձայնագիրը հարվածում է մարզի գյուղատնտեսության զարգացմանը: Երրորդ վտանգը մարզի հնարավոր դեմոգրաֆիկ փոփոխություններն են: Խորհրդային շրջանում նմանատիպ «արոտավայրային» պայմանագրեր կնքվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հետագայում, կարճ ժամանակահատվածում պարզվում էր, որ այդ տարածքներում քոչվոր հոլիկների տեղում ադրբեջանական գյուղեր են հայտնվել: Քանի որ թրքախոս իրանցիները որոշակի նմանություններ ունեն Ադրբեջանի բնակչությանը, նմանատիպ սցենարը կարող է տեղի ունենալ նաև այս պարագայում:

Չորրորդ վտանգը «կասկածելի» խմբավորումների ներթափանցումն է Սյունիքի մարզ: 50 000 խոշոր և մանր եղջերավոր անասունները պահպանելու համար մի քանի հազար մարդ է անհրաժեշտ (միջին հաշվարկով, 250 ոչխարին մի հովիվ, գումարած ընտանիքները): Նրանց մի մասը, ենթադրվում է, որ պետք է զինված լինեն (հաշվի առնելով գիշատիչների խնդիրը): Քանի որ Ադրբեջանի ու Թուրքիայի գաղտնի ծառայություններն ակտիվ գործունեություն են ծավալում Իրանի այդ մարզում՝ անասնապահների հետ Սյունիքի մարզ կարող են թափանցել այնպիսի խմբավորումներ, որոնք հայ-ադրբեջանական ճակատում պատերազմական գործողությունների թեժացման արդյունքում կարող են ահաբեկչական գործողությունների դիմել՝ թիկունքից հարվածելով և բնակչությանը խուճապի մատնելով:

Այս պահի դրությամբ ամեն ինչ անորոշ է: Մայիս ամսին իրանական Farsnews.am պարբերականը հայտնել էր, որ Արևելյան Ազերբայջան (Ատրպատական) նահանգից մայիս-հունիս ամիսներին սկսվելու է ոչխարների տեղափոխումը Սյունիքի մարզ: Ըստ իրանական կողմի, առաջին փուլի 6 ամիսների ընթացքում Հայաստան կտեղափոխվի 10 000 գլխաքանակ ոչխար, իսկ հետագա 5 տարիների ընթացքում ոչխարների թիվը կհասցնի 50 000-ի:

Իրանական կողմի այս հայտարարությունը Սյունիքի մարզպես Սուրիկ Խաչատրյանը նույնպես հերքեց: Մարզպետը նշել էր. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա: Ես շատ լուրջ ասել եմ նախկինում, եթե դուք նայեք, կարդաք, կտեսնեք, որ նման բան չկա»: Նշենք, որ մարզպետը կամ Սյունիքի մարզպետարանի այլ աշխատակիցներ նախկինում տարբեր հայտարարություններ էին արել, այդ թվում նշել, որ արոտավայրերը Իրանին տալը շատ ձեռնատու գործարք է: Օրինակ՝ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը մի քանի ամիս առաջ հավաստիացնում էր, որ այդ համագործակցությունը որևէ վտանգ չի պարունակում և շահավետ է լինելու Սիսիանի և Գորիսի գյուղական համայնքների համար:

Հնարավոր գործարքին բազմաթիվ բնապահպանների հետ դեմ է արտահայտվել նաև ՀՀ նախագահին կից Հանրային խորհուրդը, նշելով, որ ոչ նպատակահարմար է հանրապետության հեռագնա արոտավայրերը օտարերկրյա իրավաբանական անձանց և առանձին քաղաքացիներին վարձակալությամբ հանձնելը;

Եթե Սյունիքի արոտավայրերն Իրանին հանձնելու գործընթացն արդեն չի սկսվել, ապա կարելի է վստահ ասել, որ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականով սկանդալային գործարքի ապագան ավելի մշուշոտ է, քան նրա մարզպետության դեպքում: Ամեն դեպքում թեմայի վերաբերյալ անորոշությունը դեռևս պահպանվում է:

Այս թեմայով