03 Հունիս 2013, 08:01
2023 |

Մեր ընթերցելու ամառը

Իմ դպրոցական տարիներին «ամառային արձակուրդներ» ասվածը նախևառաջ գիրք կարդալու ժամանակ էր, ու ընդհանրապես՝ ցանկացած արձակուրդ գիրք կարդալու ժամանակ էր, ու ընդհանրապես՝ այն տարիներին կարծես միշտ գրքի ժամանակ էր, որովհետև դպրոցական ու այլ արձակուրդներին նախորդում էր գիրք հանձնարարելու ժամանակը, գրախանութում կամ գրադարանում գիրք աչքի տակ առնելու ժամանակը, կամ՝ աչքի տակ առած գիրքը գնելու համար գումար հավաքելու ժամանակը...

Գրքի ժամանակներ էին այն տարիները, որ հիմա թվում են այնքան հեռավոր, ինչպես մագաղաթի վրա գրելու ժամանակներն են հեռավոր թվում համակարգչի գերիշխանության մեր ժամանակներում... Ու հերթերը գրախանութներում, ու գրավաճառի իշխող կեցվածքը, ու այն մարդկանց ինքնագոհությունը, որոնք մտերիմ էին գրավաճառի հետ, ու «տակից» վաճառվող գրքերը, ու գրադարանների մարդաշատությունը, ու որևէ գրքի համար հերթագրվելը գրադարանում, այս ամենը գրքի ժամանակի ցուցիչներ են, որ օրեցօր ջնջվում են մարդկանց հիշողություններից ու նոր սերնդին թվում ֆանտաստիկ պատմություններ...

Հիմա որևէ աշխատանք գտնելու ժամանակներ են, իսկ աշխատանք ունեցողների համար ամեն տեսակ արձակուրդներն ու ոչ աշխատանքային օրերը հանգստանալու կամ զվարճանալու ժամանակներ են: Մյուս կողմից՝ ինտերնետային տարածության ու, ընդհանրապես, նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները միանգամայն օբյեկտիվ բացատրություն են գրադարանների ու գրախանութների ոչ մարդաշատության համար: Այնուամենայնիվ, նույնիսկ այդ պարագայում որոշ հետաքրքիր օրինաչափություններ կան՝ օգնող ինչ-ինչ եզրակացություններ անել:

Երևանի ցանկացած գրախանութում նույն պատկերն է՝ հունվար-փետրվար ամիսները գրքի վաճառքի տեսանկյունից համարվում են «մեռած», նույնը կարելի է ասել հուլիս-օգոստոս ամիսների մասին: Դա հաշվի առնելով՝ հրատարակիչները մեծամասամբ խուսափում են այդ ժամանակահատվածներում նոր գիրք հրատարակել: Գրողներն իրենց հերթին, հատկապես, եթե մեծածավալ գործի վրա են աշխատում, նախընտրում են այն հրատարակության հանձնել գարնան կամ աշնան ամիսներին: Նույնը վերաբերում է գրական միջոցառումներին ու շնորհանդեսներին. դրանք գարնանն ու աշնանը ավելի շատ են կազմակերպվում, ավելի մարդաշատ են, քան ձմռանն ու ամռանը:

Հետաքրքիր է, որ «մեռած» համարվող հունվար-փետրվարն ու հունիս-հուլիսը հենց այսպես կոչված՝ արձակուրդային ամիսներն են, երբ, թվում է, թե գիրք կարդալու ամենահարմար ժամանակն է: Բայց մեր ժամանակներում ամեն բան ուրիշ տրամաբանություն ունի: Այժմ հայերիս՝ Ամանորն ամեն կերպ ճոխ ու ծախսառատ նշելու պապենական ավանդույթը համարվում է հունվար-փետրվար ամիսներին գիրք չգնելու հիմնական պատճառներից մեկը, որովհետև հաջորդող ամիսներին մարդիկ դեռ կուտակած պարտքերն են փակում կամ փորձում հաղթահարել առաջացած ֆինանսական դժվարությունները: Ի դեպ, անկախության տարիներին ու մինչև հիմա գրքասեր ու գրքապաշտ հայ ժողովրդի գրքատյաց ու գրքամերժ դառնալը բացատրվում է սոցիալական գործոնով։ Հետաքրքիր է, որ նույն գործոնը Ամանորը ճոխ սեղաններով նշելու ավանդույթը ոչ մի կերպ չփոխակերպեց:

Բոլորովին այլ պատկեր է ամառային «մեռածությունը»: Այստեղ արդեն ֆինանսների բացակայության ու պարտքերի մասին չէ խոսքը: Հակառակը, մարդիկ նախընտրում են գումարը ծախսել ծովափերին կամ հայաստանյան որևէ հանգստավայրում: Իսկ այդ ընթացքում էլ գիրք չեն կարդում, հանգստանում են:

Ստացվում է, որ կարդալու ժամանակ չկա, բայց զարմանալիորեն դեռ կա՛ն կարդացողներ: Ու նրանց «համառ» գոյությունն է, որ ստիպում է անտեսել վիճակագրական տվյալներն ու սոցհարցումները, ստիպում է գրողին գրել, թարգմանչին՝ թարգմանել, հրատարակչին՝ հրատարակել, գրաքննադատին՝ գրախոսել, և այլն, և այլն, հուսալով կամ վստահությամբ, որ դեռ կգա գրքի ժամանակը:

Եվ ուրեմն կարդալ, կարդալ ամենուր ու ամեն կերպ, գրքով կամ տեքստի որևէ այլ կրիչով: Ու դա կարելի է սկսել հենց այսօրվանից՝  հենց կողքիդ նստածի համար բացել ու կարդալ որևէ լավ բանաստեղծություն: Փառք Աստծու, լավ բանաստեղծության պակաս երբեք չի եղել, ու այսօր էլ չկա:

Ու հենց այսօրվանից, երբ չնայած պարբերաբար տեղացող անձրևներին, այնուամենայնիվ, ամառ է՝ գիրք կարդալու լավագույն ժամանակը, ու հենց այսօրվանից, երբ չնայած օրեցօր ավելացող հոգսերին ու խաթարվող արժեքներին, այնուամենայնիվ, գիրք գրվում է։ Պարզապես պետք է ընթերցել՝ ամառը հրաշալի ու բովանդակալից անցկացնելու լավագույն եղանակը…

Այս թեմայով