01 Հունիս 2013, 11:24
1452 |

Ժանրային առանձնահատկություններ

BOBS-ը փաբ չէ, ոչ էլ՝ ակումբ։ Այստեղ Փարպեցիին բնորոշ «Իռլանդիա և գարեջուր» տրամադրությունը չի տիրում, բայց այստեղ չկա նաև գիշերային ակումբների «բարձր կրունկներ, կոկտեյլներ և գլամուր» մթնոլորտը։ BOBS-ը փաբի ու ակումբի խառնուրդ է, այդպես էլ կոչվում է՝ BOBS pub-club։ Մեծ պարահրապարակ, «մետաղյա» դիզայն, կաշվե բազմոցներ և ահավոր բարձր աթոռներ՝ դասական ակումբային ինտերյեր է։ Միևնույն ժամանակ BOBS-ում կարելի է հիանալի երեկո անցկացնել մի շիշ գարեջրով, չիպսերով և էստեղից-էնտեղից խոսելով։

Չնայած BOBS-ն իր ֆորմատով պարելու ու խմելու վայր է, բայց խոհանոցը բավականին հարուստ է՝ ուտելիքի համար նույնիսկ առանձին մենյու կա՝ ապուրներով, աղցանների երկար ցանկով, երկրորդ ուտեստներով և դեսերտով։ Կարելի է փորձել և դասական ճաշատեսակներ՝ սնկով կրեմ-ապուր, օրինակ (950 դր.), և «էքսպերիմենտալ»։ Եթե համարձակություն հավաքեք՝ փորձեք զեյթունով և կծու պղպեղով ուտեստը (1250 դր.)։ Անձամբ ես այդքան քաջություն չունեցա և կծու պղպեղին գերադասեցի համեստ «Կեղևով կարտոֆիլը պեստո սոուսով»։ Իհարկե, սա ամենաէկզոտիկ կերակուրը չէ, բայց դրանից հետո հաստատ սոված չեք մնա։ Համ էլ, պեստոյով կարտոֆիլն արժե ընդամենը 900 դր.։

BOBS-ի կոկտեյլները նախ՝ համեղ են, հետո՝ էժան։ Ես շատ զարմացա, երբ տեսա Screwdriver-ի գինը՝ 850 դր։ Յուրաքանչյուր փաբասեր երևանցի կհաստատի, որ 1000 դր. ցածր գնով այս կոկտեյլը գտնելը հեշտ գործ չէ։ Նույնը վերաբերվում է Bloody Mary-ին՝ 1050 դր.։ Մոխիտոն (1950 դր.) պատրաստվում է ճիշտ բաղադրատոմսով՝ Սփրայթի փոխարեն այստեղ սոդայով հանքային ջուր Schweppes են ավելացնում, ինչպես և մեքսիկական խմիչքի օրիգինալ տարբերակում։ Ամեն կոկտեյլի հետ մենյուում նշված է նաև նրա բաղադրությունը, այնպես որ անծանոթ անվանումերից ընտրություն կատարելը բավականին հեշտ է։ Բացառությունը մեկն է՝ Mojito Hemingway-ը (2500 դր.)։ Նրա բաղադրությունը նշված չէ, դրա փոխարեն անվան տակ Հեմինգուեյի բառերն են՝ «I drink to make other people more interesting» («Ես խմում եմ, որպեսզի մարդկանց ավելի հետաքրքիր դարձնեմ»)։

Սուրճը BOBS-ում նույնպես վատը չէ։ Գլյասեն ուղղակի Nescafe-ի ու վանիլային պաղպաղակի խարնուրդ չէ, այլև պարունակում է հարած սերուցք և աղացած սուրճ։ Արդյունքում սովորական գլյասեն ֆրապուչինոյին վայել տեսք է ստանում բավական համեստ գնով՝ 950 դր։ Նույնքան կարժենան և սուրճի ավելի «էլեգանտ» տեսակները՝ լատտեն, ֆրապպեն ու կապուչինոն։

Սովորական սև կամ կանաչ թեյն արժե 400 դր., մրգայինը՝ 500-600 դր.։
Թեյի և սուրճի հետ կարող եք պատվիրել, ասենք, պրոֆիտրոլի, որի գինը ստանդարտ է՝ 1500 դր.։ Բայց մեյնուում կան ավելի հետաքրքիր դեսերտներ, օրինակ՝ դարչինով խնձորի չիպս (1050 դր.)։

Ուտելիքն ու կոկտեյլները BOBS-ի հիմնական առավելությունը չեն։ Ըստ իս, այս վայրում ամենակարևորը ժանրն է՝ Bobs-ը Երևանի այն հազվագյուտ վայրերից է, ուր կարելի է իսկապես լավ ակումբային փարթի կազմակերպել՝ առանց պարտադրված գլամուրի։ Իմիջիայլոց, ամենշաբաթյա բազմաթիվ երեկույթներից բացի, BOBS-ում տեղի են ունենում նաև գրքի շնորհանդեսներ։ Համաձայնեք, գրականության համար ամենատարածված ֆորմատը չէ, այդուհանդերձ հենց այստեղ մի քանի ամիս առաջ անցավ Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը։

Այս թեմայով