31 Մայիս 2013, 12:20
2599 |

Գողական ենթամշակույթն ու հայկական հեռուստատեսությունը

Գողական պահվածք կրկնօրինակել են փորձում դպրոցականները, ուսանողներն ու ոստիկանները, պետական պաշտոնյաներն ու նույնիսկ՝ կանայք:

Հայկական հետուստատեսության ամենադիտվող ժամերին ցուցադրվող ու ամենամեծ լսարան ունեցող հեռուստաարտադրանքի՝ հեռուստասերիալների հիմնական առանձնահատկությունն այն է, որ իդեալականացվում է «գողական» ենթամշակույթը: Սա հետսովետական երևույթ է՝ առաջացած Սովետական Միությունում և նպատակ ունեցող նորմատիվ կանոններով կարգավորել օրինախախտ անձանց, հանցագործների վարքն ու սոցիալական միջացայրը: Ինչպես այլ ենթամշակույթները, գողական ենթամշակույթը նույնպես ունի իր սիմվոլները և մշակութային դրսևորումները՝ դաջվածքների կոնկրետ ձևեր, հագուստի որոշակի տեսակներ և այլն: Գողական ենթամշակույթը ենթադրում է նաև որոշակի բառապաշարի և խոսակցության ոճի պահպանում:

Ընդհանուր առմամբ, գողական ենթամշակույթը պրոֆեսիոնալ հանցագործ դառնալու, պետության ու օրենքների շահերին հակառակ գործելու ֆոն է ապահովում: Իմ կարծիքով, Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը գողական ենթամշակույթի տարածվածությունն ու իդեալիականացումն է, ինչում, թերևս առյուծի բաժին մեղքը հեռուստատեսությանն է: Գողական պահվածք կրկնօրինակել են փորձում դպրոցականները, ուսանողներն ու ոստիկանները, պետական պաշտոնյաներն ու նույնիսկ՝ կանայք:

Արդյունքում պետական համակարգի ներսում ձևավորվում է մի «հակահամակարգ»: Մի կողմից՝ պետությունը հսկայական գումարներ է ծախսում օրինապահ համակարգի զարգացման ու պահպանման համար, մյուս կողմից նույն պետությունն իր անգործությամբ համապատասխան դաշտ է ձևավորել «հակահամակարգի» իդեալականացման, պոպուլիզացման համար: Ու նրան օգնության է գալիս մեծն հեռուստատեսությունը։

Գողական ենթամշակույթի կրողների վարքային ամենատարածված դրսևորումներից մեկն ագրեսիան է՝ վերբալ և վարքային դրսևորումներով: Հայկական հեռուստաեթերում, հատկապես հեռուստասերիալներում, դրանք ամենատարածված դրվագներն են: Սերիալներում բացասական և նույնիսկ դրական հերոսներից շատերը գողական ենթամշակույթի կրողն են: Կան որոշակի նախապայմաններ, որոնց առկայության դեպքում հեռուստատեսությամբ ներկայացվող ագրեսիան առավել արդյունավետ է կրկնօրինակում առաջացնում և ձևավորում ագրեսիվ վարք:

1. Ագրեսիայի արդյունավետությունը: ԶԼՄ-ներով ներկայացվող ագրեսիան ցուցադրվում է որպես նպատակին հասնելու արդյունավետ գործիք, որը կարելի օգտագործել առանց պատժի ակնկալիքի:

2. Երևույթի նորմատիվ կողմը: Նպատակամղված ֆիզիկական կամ հոգեբանական ագրեսիա ցուցադրելիս չեն ներկայացվում զոհի վրա թողած բացասական ազդեցությունը, զոհի տառապանքները և ցավը: Իսկ երբեմն ագրեսիա իրականացնողը հենց «լավ տղան»' դրական հերոսն է:

3. Նմանությունը: Հեռուստատեսային ագրեսիան ունի որոշակի նմանություններ հանդիսատեսի հետ, ինչը լսարանի մոտ առավել արդյունավետ կրկնօրինակման պատճառ է դառնում:

4. Զգացմունքային ազդեցությունը: Զգացմունքային լարվածությունը հանդիսատեսի մոտ ստեղծում է այնպիսի հոգեվիճակ, որ նա այլևս ի զորու չէ իմացական քննադատության ենթարկել մատուցվող նյութը:

Հայկական հեռուստասերիալների մեծ մասը, եթերում ներկայացվող գողական ենթամշակույթով ու ագրեսիվ վարքի դրսևորումներով, կրկնօրինակման աղբյուր են:
Արդյունքում հեռուստաեթերի ազդեցությամբ հանրային որոշ շրջանակների, հատկապես' երեխաների, պատանիների ու երիտասարդների մոտ ձևավորվում է աշխարհընկալման մի համակարգ, որտեղ սոցիալական շփման հիմնական ուղին կլինի ագրեսիան, կոնֆլիկտը, «գողական պահվածքը», իսկ ապասոցիալական վարքը կընկալվի որպես բնականոն պահվածք:

 

Այս թեմայով