21 Մայիս 2013, 15:35
1357 |

Մատյան լրագրության. օձի լեզու ունեցողները

Նախանձում եմ այն մարդկանց, ում համար չափազանց հեշտ է կազմել օրվա գրաֆիկը: Ասենք՝ առավոտյան հանգիստ, անշտապ թեյել, եթե դրսում անձրևոտ է` պառկել բազմոցին ու ամուր փաթաթվել արդեն մոռացված ձմեռային հաստ սավանով, սուրճն ու թեյը հակակշռել, դնել կողքի ու դիտել տրամադրության հակառակ մի ֆիլմ, ցանկալի է արտասահմանյան, բայց դա արդեն նախասիրության հարց է: Այսպես մինչև կեսգիշեր, դե, շարունակությունն ակնհայտ է:

Սովորական մարդկանց հանգստի համար գծված դասական սցենար, որը երբեք կիրառելի չէ լրագրողի դեպքում: Ասեմ ավելին, հանգստի մասին մենք նունիսկ չենք էլ երազում:Ու երբ արձակուրդ ենք ստանում, սկսվում է իսկական ցայտնոտ: Բայց մինչև ամառային հանգստի բերկրալի, ու նաև սակավաթիվ օրերը դեռ շատ ժամանակ կա, չարժե հիմիկվանից երազել: Փոխարենը պատմեմ՝ ինչով է լավ լրագրողը տարբերվում վատից ու որն է այս աշխատանքի պարտադիր պայմանը:

Որպես հեռուստամթերք արտադրող՝ լրագրողի ուսերին է դրված անընդհատ ընտրություն անելու պարտականւթյունը: Պետք է ընտրել ճաշատեսակը' լուսաբանվող թեմայի ոլորտը, ընտրել մատուցման սեփական, չկրկնվող տարբերակը' ձևաչափը, և ի վերջո պետք է ընտրել բաղադրիչները' ով է խոսելու ու ինչ է ասելու քո հեղինակած ուտեստում: Այս վերջին կետում էլ սկսվում է պատմությունը ու պարզ է դառնում՝ ով է լավ լրագրող, ով՝ գլուխ պահող: Ի դեպ, նախորդ կետերն էլ պակաս կարևոր չեն, պարզապես թեմայի ընտրության հարցում միշտ օգնության կգան գործընկերներն իրենց պայծառ գաղափարներով, իսկ ռեպորտաժի գրագետ մատուցմանը կնպաստեն հավատարիմ մոնտաժողն ու խմբագիրը: Իսկ ամենաամենակարևորը նկարահանման պահին է տեղի ունենում. կադրեր, հարցազրույցներ, որոնք երկրորդ անգամ ընտրելու շանս էլ չենք ունենա: Ռեպորտաժն անաչառ ու հավաստի ներկայացնելը հաջողության գրավականն է. բոլոր կողմերից ու առաջին ձեռքից ստացած պատասխաններով: Իրավաբանության մեջ սա անվանում են <անմեղության կանխավարկած>: Այստեղ է, որ գործի են դրվում հմտությունն ու վարպետությունը:

Իմ փառահեղ անցյալից. մի անգամ նյութ էի պատրաստում բարձրահարկ շենքից ընկած ու ողջ մնացած աղջկա մասին: Ռեպորտաժս վերնագրել էի <հրեշտակների շենք>: Դժվար չէ կռահել, որ պարտադիր եթերում պետք է խոսեն աղջկա բարեկամները, հարազատները, ցանկալի է՝ մայրը: Բնականաբար, մայրը կտրուկ հրաժարվում էր պատասխանել մեր հարցերին, համառեցի, ի վերջո հաջողվեց ստանալ անփոխարինելին' նրա մեկնաբանությունը, գնահատականը տեղի ունեցածին: Ռեպորտաժը ստացվեց հաջող ու պահանջված, դե, էթիկայի խնդիրները մոռացության էին մատնվել: Իհարկե, եթերից վայրկյաններ անց հնչեցին զանգեր ու սպառնալիքներ, աղերսներ ու հորդորներ, մեկ շաբաթ անհայտ մեքենաներն ուղեկցեցին տուն: Լավ դաս էր հասկանալու, որ ոչ միշտ են մարդիկ պատասխանատու իրենց տված հարցազրույցի համար:

Երկրորդը դեպքը պատահեց Մասիս քաղաքում: Երիտասարդը փորձել էր սողոսկել Ազգային ժողով, ոստիկանը նրան կանգնեցնելու համար ոտքին էր կրակել, այնուհետև ձերբակալել: Ուղևորվեցինք տղայից տուն, դուռը բացեց վրդովված մայրն ու բարկացած տոնով հասկացրեց, որ հեռանանք: Դե, մենք հեշտ հանձնվողներից չենք, մի քանի րոպե զրույցից հետո համաձայնության եկանք, ու մայրը, խախտելով էթիկան, պատմեց, որ տղան հոգեկան վատ վիճակում էր, որ իրեն Հիսուս ամենափրկչի տեղն էր դրել, և այլ ընտանեկան գաղտնիքներ:

Վերը նշված օրինակները կենցաղային հիշատակումներ են, առավել բարդ է իրավիճակը պետական պաշտոնյաների հետ: Նրանք նույնպես մարդ են, և լրագրողի անհատականությունից ազդված հաճախ են ասում ավելորդ ինֆորմացիա: Հատկապես վտանգավոր է, երբ ինտերվյուերն ազգային անվտանգության ծառայող է կամ ՊՆ աշխատող:Այստեղ գործ ունենք ոչ թե մեկ մարդու ողբերգության, այլ համազգային անվտանգության հետ, և եթեր գնացած ամեն մի սխալ բառը կարող է հանգեցնել շատերի ողբերգությանը:

Ինչ խոսք, լրագրողի ուսերին դրված պարտականությունները ծանր են, բայց և հաճելի: Լավ լրագրողի լեզուն պետք է օձը բնից հանի: Ինչ տեսակ մարդ ասես չի հայտնվում տեսախցիկի օբյեկտիվի առջև, տարբեր եղանակներով պետք է դանդաղ, նպատակադրված բացել նրա սիրտը: Զրուցակցին համոզելու ու անկեղծ դարձնելու զորությունն էլ հենց տարբերում է լավ լրագրողին վատից:

Այս թեմայով