16 Մայիս 2013, 16:22
1971 |

Սարդ-մարդու 100 դրամանոցները

Մութն անձրևի հետ կաթիլով եկավ ու… Լվաց հոգնած, շփոթված մարդկանց հետքերը: Քունս տանից դուրս եկավ, որ թափառի փողոցներում: Գարնանը հերկած հողերի բուրմունքը անձրևի հետ քաղաք էր հասել, ու փոքրիկ, անլույս փողոցներում ասֆալտից ծաղիկ էր մուրում:

Գիշերային մուրացկանը շփոթված էր, թրջված ու անուժ: Օրվա կաղկանձը երկար էր ձգվել: Նստեց կանգառում: Միտքս թափառում էր՝ ինձնից հոգնած: Ես նրան իմ անձից դուրս նետեցի: Իսկ նա կանգնեց առաջին պատահածի' մուրացկանի կողքին ու սկսեց հետևել նրան, երբեմն նույնիսկ մտածել նրա փոխարեն, կամ գիշերային Երևանը տեսնել նրա աչքերով: Կանգառը նրա բազմաթիվ տներից մեկն էր, միայն թե լիարժեք տուն լինելու համար երկու պատ ուներ: Պատի նկարն ինքը չէր ընտրել: Նկարից մի շողշողացող աղջիկ, վավաշոտ հայացքով ժպտում էր. նա բազմել էր խխունջաձև բազմոցին, ծնկներին դրած մի տուփ շոկոլադ, որից մեկը նա լկտիաբար առաջարկում էր ում պատահի:

- Պոռնի´կ,- մտածեց մուրացկանը:

Այդ սեթևեթուհու շրթունքի եզրին ծվարած անհոգ քմծիծաղը ուղղակի դուրս վռնդեց մուրացկանին: Նա քայլեց… հաջորդ կանգառը: Նստեց նարնջագույն, տաք գույն ունեցող աթոռներից մեկին: Սառը քամին հռհռաց. շատ ծիծաղելի էր: Թատրոնի պատին փակցված ազդագրերից մեկը կիսով պոկվել, մեկնվում-ապտակում էր կողքին փակցված ներկայացման ազդագրին: Մուրացկանն ազդագրին դուրս բերեց հիստերիայից, նրան զսպելու համար, ծալեց և նստեց վրան:

- Թատրոնն էլ ոչ մեկին չի ջերմացնում,- մտածեց մուրացկանն ու ազդագիրը նետեց աղբարկղը: Կանգառի ապակե պատից նրա ախորժակը գրգռում էր հատուկ գունավոր առաջարկը՝ նման ժելեով կոնֆետների: Իսկ լայն պողոտայի կենտրոնում գովազդային շողշողացող վահանակում հյուսիսային բևեռի հսկա սառույցները կոտրվել են, արանքից հերոսական գլուխը դուրս էր ցցել օղու մի շիշ: Միգուցե խմելուց հետո դա նրան կտաքացներ, համենայնդեպս այդ պահին այնքան սառն ու անտեղի թվաց, որ հայացքը կաթեց դեպի օպտիկայի խանութի վրա նկարված չափազանց մեծ արևային ակնոցը: Այն կրում էր լողազգեստով և սպիտակ անձրևանոցով աղջիկը: Մուրացկանին ամենևին դուր չեկավ պատկերը, նրան նույնիսկ թվաց, թե անձրևանոցը արևից պաշտպանվելու համար չէ: Ինքն իր հետ զրույցի մեջ բարձրաձայնեց' ամենևին: Իր գլխում ծագած բառը շատ հավանեց, մեկ րոպե հարգեց իրեն չմոռացած հայերենի համար: Դիմացի հագուստի խանութի 50-70% զեղչերը նոր միտք ծնեցին նրա գլխում: Վերջնականապես չծնված միտքը սառեց 50-70% զեղչերի պատուհանին: Իրադրությունը թեթևացնելու համար նորից կրկնեց' ամենևին…

Ես հոգնել էի, որսել էի քունս և բկից բռնած տուն էի տանում: Կամաց-կամաց մոտենում էի իմ տանը' հեռվում անտեր թողնելով երևանյան սարդ-մարդուն, ում տունը երկու պատ ուներ, ում սարդոստայնում ճանճի պես կեղտոտ ու թիթեռի պես թռթռան կուտակվում էին 100 դրամանոցները:

Այս թեմայով