07 Մայիս 2013, 15:11
1596 |

Թատրոն X-ի օդանցքները

Բեմում ծառ կամ փոթորիկ խաղալը, սովորաբար եթե ոչ տհաճ, ապա հաստատ անհետաքրքիր է, քանի որ պաթետիկ կեղծիքով է հագեցած:

Մաս երրորդ

Երրորդ մրցանակ. Աբովյանի «ԷՄ» երիտասարդական թատրոն: Գուրգեն Խանջյանի «Վերադարձեք տուն», բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Դավիթ Գասպարյանի

Ներկայացումը պայթունավտանգ չէ, թեև արված է երիտասարդական նվիրումով և խանդավառությամբ:

Երկրորդ մրցանակ. Հրազդանի Քաղաքային Դրամատիկական Թատրոն, բեմականացումը, բեմադրությունը և երաժշտական ձևավորումը՝ Աշոտ Սարգսյանի
Թատրոնի միրհավը

«Միրհավ» ներկայացումը կարմիր ու բացվող մետաֆորների վերադարձն է: Զարմանալի զգացողություն է, երբ ամայի տարածքում, չգիտես ինչ հրաշքով հայտնված թատրոնի դուռը բացվում, դու հայտնվում ես ամպիր ոճով կառուցված շենքում ու տեսնում ես՝ ինչպես են տեսիլքները թռչում բեմական արևի շուրջը: Թատրոնը ապրումի տարածք է, որը կերպավորումն էլ դառնում է միտք, զգացողություն, վիճակ: Բայց կան ապրումներ, որոնք կոչված են քեզ տանելու դեպի ակունքը՝ կրկին տեսնելու այն մանրուքները, որոնք քեզ կյանքի ճանապարհ են հուշել: Նման տեսանելի հուշ էլ «Միրհավ» ներկայացումն է, հուշ, որն ապրում է ներկայի չգնահատված տարածքում...

Առաջին մրցանակ. Գյումրու Վարդան Աճեմյանի Անվան Պետական Դրամատիկական Թատրոն Վարդան Այգեկցի «Խելոքներն ու հիմարները»: Բեմադրությունն ու երաժշտական ձևավորումը Հովհաննես Հովհաննիսյանի:
Այգեկցու սպիտակ ստվերները

Հ. Հովհաննիսյանի ռեժիսորական տարածքը «Խելոքներն ու հիմարները» ներկայացման մեջ զարմանալիորեն ամփոփվում է դերասանի ներաշխարհում: Թեև ռեժիսորական հնարքները, հատկապես ստվերների թատրոնի յուրօրինակ լուծումը և երկշերտ պատկերային համակարգը, իրոք գտնված են և հաջողված: Սպիտակ ստվերենրի խաղով Հովհաննիսյանը կարողանում է վերարտադրել մի ամբողջ դարաշրջանին հատուկ կենցաղն ու տեսիլքի ինքնատիպ պատառիկներով գտնել այս ստեղծագործություն թատերային բանալին, որը բոլոր շանսերն ուներ բեմական չհամարվելու համար:

Լավագույն ներկայացում. Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան Պետական Դրամատիկական թատրոն Կալաու Հեյնց: Բեմադրիչ՝ Արամ Մխիթարյան
Թատրոնը պլաստելին է: Սակայն եթե պլաստելինից ծեփած ֆիգուրները, հաջողվելու դեպքում, դառնում են հետաքրքիր պերսոնաժներ, իսկ չհաջողվելու դեպքում՝ մնում են պլաստելին, թատրոնում վիճակն այլ է: Չստացված ստեղծագործությունն ակնթարթորեն քարանում է, դառնում անկյանք, նեղացկոտ և միաժամանակ անտանելի հավակնոտ: «Կոշկավոր կատուն» պլաստիկ ներկայացում է: Ընդ որում, պլատելինի նման, ճկվում, կերպավորվում են ոչ միայն մարդիկ, կենդանիները, բնությունը, այլ ամբողջ բեմական տարածությունը, քարերը, սարերը, մարգագետիններն, հողմաղացն ու ամրոցները: Այս ներկայացման տեսակը զարմանալիորեն անիմացիոն է, որը բեմական իրագործում է ստացել: Բեմում ծառ կամ փոթորիկ խաղալը, սովորաբար եթե ոչ տհաճ, ապա հաստատ անհետաքրքիր է, քանի որ պաթետիկ կեղծիքով է հագեցած, բայց ոչ «Կաշկավոր կատուն» բեմադրության մեջ: Այստեղ ամեն ինչ հեքիաթային աստիճան իրական է: Փափկամազիկ-մուլտիպլիկացիոն արքա Շահեն Հարությունյանը, վանգոգատիպ հովիվ Էդգար Քոչարյանը, դասասենյակի հնավուրց նկարից իջած հովվուհի Գայանե Մեսրոպյանը, օթելոյա-փափազյանատիպ մարդակեր Արթուր Պապիկյանը, մարքիզուհի դը Պոմպադուրի կեցվածքով արքայադուստր Քրիստինե Ալիխանյանը, «գտիր տարբերությունները» ալբոմից բեմում հայտնված զինվորներ Վահրամ Խառատյանն ու Արեն Ադամյանը, հիշաչար ծառ Նունե Խեչումյանը, էքսցենտրիկ փոթորիկ Հակոբ Դեմիրճյանը, կիսահիստերիկ, քնկոտ զինվոր Սարգիս Ավետիսյանը, ամուրատիպ կոմս Ժիրայր Գաբրիելյանը և իհարկե Կոշկավոր Կատու Էլֆիկ Զոհրաբյանը, որը պլաստելինի ճկուն շարժումներով էր ներքին ու արտաքին պատկեր ստանում: Հրաշալի է գտնված բեմական միջավայրի առանցքը կազմող հողմաղացը, որն ակնթարթորեն կոշիկի, տան, ամրոցի, կոկորդիլոսի բացված երախի է նմանվում: Արդյունքում այս պլաստելինե իրականությունը ծառեր հողմապտույտի մեջ հայտնվելով՝ մերթ փոփոխվում, մերթ անհետանում էինք: «Կոշկավոր կատուն» բեմական տեսիլքի, վերջինիս այլ լույսի տակ արտացոլման և տարալուծման իմաստով գտնված բեմալուծում է, որը տեսանելի է դարձնում հայ բեմի ընթացքն ու հեռանկարները...

Հ.Գ. Վերջերս ինձ հարց տվեցին՝ ո՞վ կարող է, առավել ևս՝ իրավունք ունի ասելու՝ ո՞րն է արվեստ, ո՞րը՝ ոչ: Եվ ի վերջո ո՞րն է արվեստի ու գլամուրային աղբի տարբերակման չափանիշը: Քսանմեկերորդ դարում, երբ սոցալական ցանցերի և տեղեկատվության հարձակման պիկն է, արվեստը առավելապես ներկայանում է երկու տեսակով՝ Ծառա-արվեստ և Ազատագրող-արվեստ: Ծառան մնում է ծառա՝ իր դափնիների և տոնածառային պսպղուկների մեջ թաղված, Ազատագրողը՝ կյանքի պահպանման հաճախ լուսանցքային, բայց՝ ազատ միջավայր է ստեղծում: X միջավայր ինքանտիպ հայտնագործությունների համար...

Այս թեմայով