03 Մայիս 2013, 14:06
4285 |

Ֆրիդրիխ Նիցշե. «Ողբերգության ծնունդը և այլ երկեր»

Նիցշեի փիլիսոփայությունն ասես սաստկացուցիչ լինի. այն ավելացնում է խելոքների խելոքությունը, բայց, ուշադի՛ր, այն կարող է նաև ուժեղացնել հիմարների հիմարությունը:

Վերջերս հաճախ են պնդում, թե համաշխարհային մեծ փիլիսոփաների երկերն ու աշխատությունները հայերեն գրեթե չեն թարգմանվել: Իհարկե, բոլորս էլ գիտենք մեր թարգմանական դաշտի դժվարություններն ու բացթողումները, բայց համաշխարհային գրականության, փիլիսոփայության ու մշակութաբանության նշանակալի գործերը հայերենով մատուցելու նվիրյալ անհատների ու հրատարակիչների աշխատանքի վրա աչք փակելը, նվազագույնը, անհարգալից վերաբերմունք է:

Փիլիսոփայության մասին. արդեն 20 տարի «Սարգիս Խաչենց» և «Փրինթինֆո» հրատարակչական ծրագրի շրջանակում հայերեն են թարգմանվում այնպիսի նշանավոր փիլիսոփաների ու մշակութաբանների երկեր, ինչպիսիք են Կանտը, Լայբնիցը, Պասկալը, Շտայները, Բերգսոնը, Կասիրերը, Հեյզինգան ևուրիշներ, ընդ որում՝ բոլորը բնագրից կատարված հրաշալի թարգմանություններ են, իսկ Պլատոնի երկերի չորսհատորյակը՝ հին հունարենից Սերգեյ Ստեփանյանի փայլուն թարգմանությամբ, ուղղակի բացառիկ է:

Օրերս լույս տեսած Ֆրիդրիխ Նիցշեի «Ողբերգության ծնունդը և այլ երկեր» (ավելի կոնկրետ՝ «Վագների դեպքը», «Չաստվածների մթնշաղ», «Ecce homo») գրքի թարգմանիչ Հակոբ Մովսեսը միջնադարյան գրիչների ոճով միանգամից ամրագրում է գրքի առաջաբանում. «Բացառությամբ «Անժամանակյա դիտարկումների» հոդվածների և երեք ստեղծագործության՝ «Մարդկային, չափազանց մարդկային»-ի, «Արշալույս»-ի և «ՀակաՔրիստոսը»-ի՝ Նիցշեի ժառանգության ավարտուն կազմը ես թարգմանեցի»: Այլ խոսքով՝ Նիցշեի ժառանգության ավարտուն կազմը կա՛ հայերեն: Ի հպարտություն: Ու նաև՝ ի հեճուկս:

Չթարգմանված գործերի վերաբերյալ Հակոբ Մովսեսը լրացուցիչ մեկնաբանում է' փաստարկելով տվյալ դեպքում «ավարտուն» բառի ստույգությունը: «Հաշվի առնելով, որ թեմատիկայով և ոճով «ՀակաՔրիստոս-ը և Ecce homo-ն գրեթե մեկ միասնություն են կազմում, վերջինիս առկայությամբ ես «ՀակաՔրիստոսը»-ի թարգմանությունը կարևոր չեմ համարում»:

Իհարկե, թարգմանչի այստեսակ մոտեցումը կարող է տարակարծությունների ու վեճերի տեղիք տալ, ու թող որ հակառակը պնդողներն իրե՛նք թարգմանեն չթարգմանվածները, բայց շատ կարևոր է, որ Հակոբ Մովսեսի նման «մեծամտությունը» միայն մեծ գործ արած մարդու գիտակցությունից չէ բխում, այլ նաև այն տագնապից, որ Նիցշեն, լինելով չափազանց ազդեցիկ փիլիսոփա, իր այդ ստեղծագործությամբ կարող է է՛լ ավելի խաթարել մեր հասարակության առանց այն էլ աղճատված բարոյահոգեբանական մթնոլորտը, իր բառերով՝ «Տգետ աթեիզմի և նվաստ «հեթանոսության» այս ժամանակներում նա արդյոք կրակին յուղ չի լցնի»:

«Մարտնչող տգիտության» ժամանակներում նման վտանգ իրոք կա, և սա այն դեպքն է, երբ նախևառաջ վատը պետք է մտածել: Նիցշեի փիլիսոփայությունը, ինչպես Հակոբ Մովսեսն է գրում, «ասես սաստկացուցիչ լինի. այն, ինչ խոսք, ավելացնում է խելոքների խելոքությունը, բայց, ուշադի՛ր, այն կարող է ուժեղացնել նաև հիմարների հիմարությունը…»: Ուստի, փորձենք հասկանալ թարգմանչի տագնապը, և սրտատրոփ սպասենք այն ժամանակներին, երբ առանց տարակուսելու կթարգմանենք «ՀակաՔրիստոսը»:

Այս թեմայով