29 Ապրիլ 2013, 13:15
1597 |

Փաբիստի արկածները. Texas pub-ի ռուսախոս cowboy –ը

Ես, իհարկե, հույս չունեի, որ Texas pub-ում կհանդիպեմ իսկական տաքարյուն cowboy-ների կամ ականատես կլինեմ արյունալի մենամարտերի, բայց այն, որ այս փաբը վաղուց էր բորբոքել իմ հետաքրքրությունը, դա միանշանակ էր:

Texas pub-ի մասին լսել էի, որ ներս են թողնում միայն ծանոթներին, պատմում էին նաև, որ այնտեղ ուտում են պիստակն ու կեղևը միանգամից թափում գետնին: Հետաքրքրված ու բոցավառված այդ խոսակցություններով՝ որոշեցի ինքս գնալ տեսնել' առաջնորդվելով «լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ լսել» սկզբունքով: Եղանակը բարենպաստ էր բացօթյա սրճարանում նստելու համար, բայց որոշումս չփոխեցի ու քայլերս նպատակադրված ուղղեցի դեպի Texas: Հասա փայտաշեն դռանը ու հանկարծ հասկացա՝ առաջին անգամ կանգնած էի մի փաբի մոտ, որի դուռը փակ էր իմ առջև, ու չգիտեի էլ՝ կբացվի, թե՝ ոչ: Ինչպես ասում են՝ «թակիր, որ բացվի», բայց քանի որ դռան աջ հատվածում կար դոմոֆոն, ես սեղմեցի կոճակը: Ոչ մի արձագանք, բայց ես նպատակադրված էի, այնքան սեղմեցի, մինչև մեկն ասաց՝ «Բաց է, մտեք»:

Չգիտես ինչու՝ ներս մտնելու ցանկությունս վայրկենական անհետացավ, բայց արդեն ուշ էր: Մտա: Երկու հարկ, ներքև և վերև տանող աստիճաններ:Որոշեցի՝ որպես նորեկ լավ կլինի վերևում նստել՝ հեռու ամբոխից, բայց մատուցողուհին իմ հետ կապված այլ պլաններ ուներ: Նա միանգամից եկավ ինձ ընդառաջ այնպես, որ քիչ էր մնում գլորվեի աստիճաններից, ուստի հավասարակշռությունս պահելու համարմեխված կանգնեցի ու, քննությանը վատ պատրաստված ուսանողի նման վախվորած, պատասխանեցի նրա հարցին՝ «Մենակ ե՞ք»: Ասացի, որ մենակ եմ, բայց հնարավոր է՝ հետո ինձ միանան ընկերներս: Առաջին փուլը հաղթահարված էր: Ժպտացի ու առաջ անցա՝ նստելով բարի մոտ:

Այս փաբը չէր փայլում խմիչքների տեսականիով: Մտածեցի' գուցե այստեղ հիմնականում տեկիլա են խմում, պարզվեց' ոչ, նորեն ու կրկին՝ գարեջուր: Բարի մի կողմում զվարթորեն անցուրդարձ էր անում բարմենուհին՝ միանգամից հասկացած, որ նորեկ եմ: Ինչ-որ կերպ զրույց սկսելու համար հարցրեցի՝ Դուք ե՞ք բարմենը,-ինչպիսի հիմար հարց,մի՞թե չի երևումբայց ամեն դեպքումպետք էր մի բան ասել: Նրա պատասխանն առավել քան հակիրճ էր՝ այո՛:

Հաջորդ քայլը պետք է լիներ ինչ-որ բան պատվիրելը. գարեջուր չեմ խմում, չնայած այստեղ տեսակների առատություն էր, կար նույնիսկ լցնովի,որը, ինչպես երևում էր, մեծ պահանջարկ էր վայելում: Խնդրեցի մենյուն ու մի տեսակ խրտնեցի դրա կազմից, տառերը ջնջվել էին,անվանումից մնացել էր ընդամենը երկու տառ՝ EX: Լրագրողի համար ջնջված տառերը, ախր, ապտակի պես մի բան են: Բացի այդ, մի տեսակ տխրեցի, քանի որ ամեն ինչից զատ այդ երկու տառն ինձ հիշեցրեցին իմ EX-ին, բայց լացելու ժամանակը չէր: Բարում նկատեցի սպիտակ գինու շիշ, բայց պարզվեց' չունեն: Բարմենուհին առաջարկեց լցնովի գինի փորձել: «Շատ լավն է, կհավանեք»,-հավելեց նա: Դեռ մի քանի րոպե երկմտանքի մեջ էի, ի վերջո, համաձայնեցի: Երբ լցնում էր գինիս, ֆիքսեցի, որ բաժակները կավից էին ու ընդգծված ազգային: Այ հենց այդ պահին իմ մեջ իսպառ կոտրվեց տեխասյան ոգին, բայց դե հայկական գինին պետք էր միմիայն նման բաժակներով ըմպել:

Եթե հնչող հիասքանչ երաժշտությունը չլիներ, երկկողմանի լռությունն արդեն անտանելի կդառնար: Որոշեցի պարզել, թե ինչ երեկո է մեզ սպասվում: Ադան, այդպես էր բարմենուհու անունը, ասաց, որ շուտով կսկվի country երեկոն, կլինեն ստեպ և զանազան մրցույթներ: Անկեղծ, երբևէ չեմ սիրել մրցույթներ ու նման զիզի-բիզի բաներ, բայց որոշել էի մինչև վերջ մնալ: Ի դեպ, ճիշտ էի արել:

Ի դեպ, դեռ ներս մտնելիս բարի մոտ նկատել էի բավականին բարետես ու դասական հագուկապով մի երիտասարդի, այնժամ չէի էլ կարող ենթադրել, որ նա այս փաբի գլխավոր cowboy-ն է: Մինչ ես գինուս հետ էի ծանոթանում, նա ներկայացավ ամբղջովին կերպարանափոխված, cowboy-ի գլխարկով ու հագուկապով: Տեխասյան շոուն սկսվեց ստեպով: Միացավ ադրենալինոտ երաժշտությունը, ու մեր cowboy-ը սկսեց իր կրակոտ պարը: Հետաքրքիր էր ու անսպասելի: Ապա միկրոֆոնը վերցրեց ձեռքն ու, չգիտես՝ ինչու ռուսերենով, հաղորդեց մրցույթի մեկնարկի մասին: Ու, նորից չգիտես՝ ինչու, որոշեց, որ ես էլ պիտի մասնակցեմ այդ մրցույթին, խոսափողը ձեռքս տվեց, որ ներկայանամ: Խոսելու հետ խնդիր, իհարկե, չունեմ, բայց ահա պարելը…

Մեր խմբում միայն ես էի աղջիկ, արդեն վատ է: Բացի այդ, կային պարին խանգարող հանգամանքներ՝ տեղ-տեղ ծակ փայտե հատակը, որոնց մեջ անընդհատ մխրճվում էին կրունկներս: Մի խոսքով, այս մրցույթում մենք պարտվեցինք, չնայած ունեցանք խորին համոզվածություն, որ ավելի լավ էինք պարում: Հայտարարվեց հաջորդ մրցույթը, որն անմիջականորեն կապված էր ալկոհոլային խմիչքների և հնարավորինս արագ դրանք ներս մղելու հետ: Cowboy-ը նորից որոշեց, որ առանց ինձ կյանք չկա ու ես պիտի մասնակցեմ: Այս մրցույթում մեր թիմը հաղթեց, իհարկե, ոչ առանց իմ անձնական ներդրման: Այսքանից հետո երկու ցանկություն ունեի՝ պարզել, թե ով է ռուսախոս cowboy-ը և ի վերջո հեռանալ, քանի դեռ չէի դարձել հաջորդ մրցույթի ակամա «զոհը»: Առաջին ցանկությունս կատարվեց ինքնստինքյան, առանց ավելորդ ջանքերի: Բաբիկը, այսպես էր նրա անունը, երկար տարիներ ապրել է Ռուսաստանում,այնքան երկար, որ նրա մեջ ռուսերենը հաղթել է հայերենին: Այս ինֆորմացիայից հետո նա կարծես դարձավ անհետաքրքիր:

Միևնույն ժամանակ չեմ ժխտի, որ տպավորված էի Texas-ի հյուրընկալությամբ և ընդհանուր մթնոլորտով, էլ չեմ խոսում պիստակի մասին, որի կճեպները, ինքս եմ պարզել, իսկապես գետնին էին թափում: Ադան լուսավորեց՝ դա տեխասյան ավանդույթ է, հավելելով, որ ոչ բոլոր այցելուներն են կարողանում միանգամից ընտելանալ ու աղտոտել փաբի հատակը: «Իմ ձեռքը չէր բարձրանա»,- ասացի, հրաժեշտ տվեցի «Տեխասի բնակիչներին» և վերադարձա հայախոս Երևան:

Այս թեմայով