29 Ապրիլ 2013, 12:32
2083 |

Patriots. Փաբերից ամենահայրենասիրականը

Այն, որ փաբը կարող է լինել աղմկոտ, ծխահարված, մարդաշատ կամ լքված, սովորական երևույթ է, բայց հայրենասիրական փաբի ամեն քայլափոխի չես հանդիպի:

Լսել էի, որ այստեղ միմիայն ազգային երգեր են հնչում: Ամեն անգամ հայրենասերների հավաքատեղիի կողքով անցնելիս արյունս ակամա եռում էր, ուզում էի մտնել այդ հանելուկային վայրը, բացել դուռը, որի վրա եռագույն ձեռքեր էին տպված, ու հարցախույզ անել: Ոչ մի կերպ ընկերներիս չէի կարողանում համոզել այցելել այս փաբ, ցավոք, ոչ բոլորին են դուր գալիս ազգային-ազատագրական, հայրենասիրական երգերը, բայց որպես փաբիստ՝ գոնե մեկ անգամ պիտի ոտք դնեի, մանավանդ, որ իմ ժամանակակից ականջների համար ոչ միայն տանելի, այլև հաճելի են ազգային երգերը: Ի վերջո, մի օր հանդգնեցի ու ներս մտա: Դուռը բացեցի ու միանգամից դեմքիս տարօրինակ օդ փչեց՝ լի ազգային երգերի հնչյուններով, սարերի ու լեռների դղրդոցով: Ինձ վրա սևեռված հայացքների համար վայրկյաններ անց դարձա անհետաքրքիր: Ես երկու քայլ արեցի, փորձեցի արագ զննել տարածքը, բայց չդիմացա՝ դուրս եկա: Չհասկացա՝ ինչ տեղի ունեցավ, հավանաբար պատրաստ չէի այդ ամենին: Ես չէի կարող պատկերացնել, որ կարելի է խմել կամ, որ ավելի վատ է, հարբել, ազգային երգերի տակ: Դրսում սպասող ընկերներս քմծիծաղ տվին, որը նշանակում էր՝ տեսար, որ ասում էինք…

Բայց ես ինքս ինձ խոսք էի տվել անպայման վերադառնալ ու բացահայտել իմ մեջ քնած հայրենասեր փաբիստի ոգին: Եվ ահա առիթն ընձեռնվեց: Մենակ էի ու հոգեպես տրամադրված, որ մոտակա մեկ ժամը պետք է լսեմ միմիայն ազգային երգեր, որ ինձ պետք է նայեն պատերից կախված մեր խրոխտ հերոսների դիմանկարներն ու այսպես շարունակ: Հրեցի ժամանակակից պատրիոտների հավաքատեղի տանող դուռը, որի եռագույն նկարազարդումը ինձ հիշեցնում էր հայտնի «Կարմիր, կապույտ, ծրանագույն» երգը, ու, պատրաստ հայրենասիրական թեստը գերազանց հանձնելուն, տեղավորվեցի բարի մոտ: Բարի մյուս կողմից ինձ ողջունեց իմ անկաշկանդ պահվածքից քիչ շփոթված մի երիտասարդ, Հասկացա, որ այստեղ աղջիկներ քիչ են լինում: «Ինչո՞վ է դա պայմանավորված, մի՞թե աղջիկները պակաս հայրենասեր են»,- խորամանկ ժպիտով հետաքրքրվեցի ես: Մուշեղը, որ այս փաբի հիմնադիրն էր, խոստովանեց' իրենց մոտ աղջիկներ քիչ են լինում, բայց երբ լինում են, նրանց մազին կպնող չի լինում՝ ի տարբերություն այլ փաբերի, որտեղ տղաները գնում են աղջիկ «կպցնելու»: Հենց այդպես էլ ասաց:

Իմ հետաքրքրությունն ավելի բորբոքվեց: Մուշեղնայնպես համոզված պնդեց իր թեզը, որ չփորձեցի էլ նրան բացատրել, որ ես՝ փորձառու փաբիստս՝ շատ քիչ եմ ականատես եղել «աղջիկ սոսնձելու» նպատակով փաբ եկած երիտասարդների: «Պատրիոտ» փաբում ինձ ավելի շատ հետաքրքիր էր մեր եռագույնի ու ազգային հերոսների մոլի երկրպագուի կենսագրությունը, քան թե աշխարհայացքը:

Մուշեղը ճարտարապետ է, Հայաստան է եկել Պարսկաստանից, մանկուց լսում է ազգային երգեր, իսկ նրա բացած փաբը, բնականաբար, պետք է լիներ հենց այդ բովանդակության: Եռագույնն ամենուրեք էր: Բարի հետևի պատը, որ նույնպես եռագույն էր, Մուշեղն ինքն էր ներկել: Ներսի սրահի պատին Արցախի դրոշն էր, էլ չեմ խոսում մեր ազգային հերոսների նկարների և պատերին գրված հայրենասիրական տողերի մասին: Այսքանից հետո ինձ հետաքրքիր էր, թե ով է Մուշեղի ամենասիրելի ազգային հերոսը: Պետոն՝ միանգամից պատասխանեց նա ու զրույցը տարավ դեպի մերօրյա երիտասարդների անտեղյակությունը: Բարմենին ցավ է պատճառում այն, որ նրանցաննշան տոկոսն է ճանաչում ազգային հերոսներին, Մուշեղը փորձում է իր փաբի հնարավորության սահմաններումլուսավորել երիտասարդությանը: Ես ուշադիր լսում էի՝ նրա հետ միասին ցավելով, որ ազգային հերոսների մասին փաբերից ենք իմանում…

Բայց երաժշտությունը վերադարձրեց իմ բարձր տրամադրությունն ու չգիտես որտեղից ի հայտ եկած մարտական ոգին: Որոշեցի պարզել՝ արդյոք Փարպեցի փողոցի ամենահայրենասիրական փաբում կան նույնքան հայրենասիրական ըմպելիքներ: Մուշեղի աչքերը փայլեցին, առաջարկեց եռագույն շոթ: Բայց ինձ՝ փորձառու փաբիստիս զարմացնելն այդքան էլ հեշտ չէր, ես արդեն փորձել էի նման «ազգային ըմպելիք»:

Մեր' րոպե առ րոպե հետաքրքիր դարձող զրույցին ականջի պոչով ունկնդրում էին նարգիլե ծխող մի քանի երիտասարդներ: Ապա դուռը բացվեց և ներս մտան նոր «պատրիոտներ», քաղաքավարի բարևեցին և առաջացան: Այստեղ ամեն ինչ հանդարտ էր և չափի մեջ: Վայրկենական լռությունը խախտեց Մուշեղն ու հարցրեց՝ որն է իմ նախընտրած ազգային երգը: Կարծես սպասում էի այդ հարցին, պատասխանեցի՝ «Գետաշեն»: Մուշեղը պտտվեց դեպի համակարգիչն ու,ինչպես և ենթադրում էի, միացրեց այն: Գոհ էի ու երջանիկ:

Իմ սիրելի երգը լսելուց հետո հրաժեշտ տվեցի պատրիոտներին ու փաբից դուրս գալով՝ հետս տարա հայրենասիրության մի փոքրիկ բաժին:

Այս թեմայով