27 Ապրիլ 2013, 02:00
1870 |

Վանդալստան

Սկսեցինք արագ-արագ լուսանկարել բռնաբարված արձանախումբը ՝ չմոռանալով ընթացքում թունդ հայհոյել անհայտ պղնձագողերին:

 

Էն, որ գերեզմանատներից մեռելների կիսանդրիներ գողացող ազգակիցներ ունենք, վաղուց գիտեինք: Օրինակ, տարել էին Դեմիրճյանի 300 կիլոգրամանոց կիսանդրին: Դե դա հեշտ ա, գիշերով գալիս ես, կամ պահակին մի երկու կոպեկ տալիս, կամ թաքուն մտնում ու․․․ պղնձեղենը գնաց լոմի տակ: Երևանում ինչն կա շատ՝ մետաղի ընդունման կետեր:

Հրաչյա Ներսիսյանի որդու՝ Լևոնի դիմաքանդակը տեղադրված էր Մաշտոց-Իսահակյան խաչմերուկի անկյունային շենքի պատին: Ազատության ու ոգու ասպետին /ինչպես գրված է հուշատախտակին/ գողերը բարեհաջող «ազատեցին» , տարան գլխաքանդակը: Հիմա բարի մարդիկ վերականգնել են ու ներկառուցել պատի մեջ, որ գողանալ չլինի:

Մի կես տարի առաջ ֆլամինգոներով ու թիթեռներով բարի համբավ ձեռք բերած Երևանի գլխավոր կենդանաբանը, կներեք՝ դիզայները, որոշեց քաղաքը լցնել հայոց մեծերի «կենդանի» արձաններով: Առանց պատվանդան, ժողովրդի մեջ ու իրական չափերով: Օրինակ, Իսահակյանի արձանը պետք է լիներ մարդկանց մեջ «քայլող»: Այնուամենայնիվ, ցեղախումբը պատրաստ չէր, Չարենցի հետ նկարվեցին, հետո ճակատին ճտցրին, Ֆրունզի տակառիկը ջարդեցին, հետո տարան շախմատիստ Պետրոսյանի խաղատախտակը: Իմիջիայլոց, քաղաքապետարանը յուրօրինակ կերպով սատկացրեց շախմատը գողացողներին, որովհետև այսօր կինոմոսկվայի պատին կպած տեղադրվեց մի շատ մեծ շախմատ՝ շատ մեծ ֆիգուրներով: Տենց էլ չհասկացա էդ շախմատը սպորտ էր, թե չէ:

...Ցերեկոյան հասանք Դվին հյուրանոցի դիմացի մայթ, քայլեցինք Կոնդ բարձրացող արահետով: Հյուրանոցի տարածքն ամբողջը ցանկապատված էր, ավելի ճիշտ կլինի ասել՝ մետաղապատված էր ալյումինե թիթեղներով: Արանքից մի ճեղք գտանք ու տեսանք «Լեռնցիների պար» քանդակը: Մետաղե ցանկապատի վրայով ցատկելն իրական էր, բայց նույնքան էլ իրական աղմուկ կբարձրանար: Չշտապեցինք, մտանք Կոնդ, քայլեցինք, հյուրանոցը շրջանցեցինք, մի պատ գտանք, վրայով թռանք խոտերի մեջ ու մի քանի րոպեից արձանախմբի մոտ էինք: Սկսեցինք արագ-արագ լուսանկարել բռնաբարված արձանախումբը ՝ չմոռանալով ընթացքում թունդ հայհոյել անհայտ պղնձագողերին: Էս խելոքները մետաղ կտրելու մկրատով արձանների մոտ կեսը հնձել-տարել էին ու երևում էր, որ շտապել են ու անփույթ են աշխատել, գիշերով:

Մեկ էլ աղմուկ-աղաղակ. պարզվեց՝ կոնդեցի երեխաներ էին եկել էդ կողմի միակ յասամանի ծառը տկլորացնելու: Երբ երեխեքը գնացին, մոռացանք արագության մասին. նկարեցինք վերջացրինք, ու, չգիտես ոնց, հասանք Դվին հյուրանոցի մուտքի մոտ: Մոտ տասը տարի առաջ լրիվ թալանված հսկա ու տկլոր մի շենք՝ անտերության մեջ անձրև էր կուլ տալիս: Թալանված էր ամեն ինչ՝ երեսպատման սալիկները, կահույքը, ամենը սրբել-լպստել էին: Բայց մեր բախտը բերեց. մի քանի ժամով մտանք ժամանակի մեքենա ու հայտնվեցինք 80-ականներում: Սովետի նոստալգիան մեզ տարավ էդ տկլոր շենք ու տիրեց մեզ կամ մենք տիրեցինք շենքին՝ էդպես էլ չհասկացանք:

Ու հիշեցինք մեր չապրած սովետը: Էն, ինչ չէին սրբել-տարել, թափված էր գետնին՝ աղբակույտի տեսքով: Լապտերով զինված ու չտես պիոների նման փորփրում էինք պատմությունը, գտանք ինտուրիստի բացիկներ՝ Դվինին նվիրված, գտանք հյուրանոցի հայտնի մառանի գովազդային բացիկները, սոցռեալիզմը խեղդում էր ու խեղդում: Քիչ էր մնում սոցլագերում վրան խփեինք: Գտանք հյուրանոցի աշխատողների անձնական գործերը: Էն ժամանակ Դվին հյուրանոցում գործի տեղավորվելը դժվար էր եղել, քանի որ արտասահմանցիներ շատ կային, լավ թեյափող էր ֆռռում: Գտանք հյուրանոցի կառուցման էսքիզներն ու գծագրերը: Թափառեցինք նախկին հռչակավոր ռեստորանի ոլորապտույտ աստիճաններով:

Մութն ընկնում էր ու գնալով ավելի էինք նմանվում մի 30 տարի հետ փախած ուրվականների, ովքեր մոլորվել էին մանկության ու չապրած սովետի արանքներում: Հետ էինք դառնում՝ մեզնից մի-մի կարմիր վզկապ Դվինում թողած, Կոնդի մութ աստիճաններով, կեղտոտ ու փոշոտ...

Այս թեմայով