25 Ապրիլ 2013, 14:58
1662 |

Չէ Գևարայից մինչև 80-ականներ

Այս փաբ առաջին անգամ ոտք դրեցի մի քանի տարի առաջ, երբ անունը Չէ Գևարա էր: Ինչ մեղքս թաքցնեմ, փաբից իսկական հեղափոխության հոտ էր գալիս, պատից կախված էին հեղափոխականի լուսանկարները, տարբեր տեսակի հրացաններ ու ատրճանակներ, որոնք, հուսով եմ, չեն կրակում այլևս, և, իհարկե, հնչում էր կուբայական երաժշտություն:

Փաբի տերը սիրիահայ էր ու խենթանում էր Գևարայի համար, այստեղ ամեն ինչ այդ հերոսին էր հիշեցնում: Բայց որոշ ժամանակ անց փաբը մի քանի անգամ անվանափոխվեց, մինչև դարձավ 80’s pub: Անունը լսելով' միանգամից մտածում ես' սա ռետրո է, ու չես սխալվում:

Այդ օրը կիթառի երեկո էր, ծանոթներիցս մեկն էր ելույթ ունենալու, որոշեցի գնալ: Լավ առիթ փաբը տնտղելու և երաժշտություն լսելու համար: Ներսում ասեղ գցելու տեղ չկար, ուր մնաց թե նստելու: Այնքան մտերմիկ մթնոլորտ էր, որ ինքնստինքյան ժպտացի: Վերջապես մի տեղ գտա, նստեցի, բայց տեղս շատ անհարմար էր, որոշեցի այնուամենայնիվ բախտս փորձել բարի մոտ և… հրաշք, ստացվեց: Մի կերպ խցկվեցի նստածների շարքում, ինձնից գոհ տեղավորվեցի բարի մոտ ու սկսեցի զննել փաբը' արդեն վերևից: Այն շատ փոքր էր, ես փորձում էի հասկանալ' ինչու 80’s pub, ախր այստեղ ոչինչ չկար, որ ինձ հիշեցներ այդ թվականները: Միգուցե կար, ես չնկատեցի, որովհետև այդ ժամանակ դեռ ծնված չէի:

Մտորումներից ինձ շեղեց ֆոտոխցիկով երիտասարդը, ավելի ճիշտ' նրա ֆոտոխցիկը, որը վերջին մոդելի իսկական հրաշք էր: Պարզեցի, որ երիտասարդը դիզայներ է, իսկ ֆոտո անելը նրա հոբբին է: Գրողը տանի, ինչպես կարելի է ունենալ նման ֆոտոխցիկ և ուղղակի մեկ-մեկ զբաղվել լուսանկարելով: Ինչևէ, ժամանակն էր ինչ-որ բան պատվիրել: Նկատեցի բարմենին, ում ես վաղուց էի ճանաչում: Այո, Հակոբն էր: Նրան գիտեի դեռ Աբովյանի վրա գտնվող այլ սրճարանից: Դեռ այդ ժամանակից նա առանձնանում էր իր ոճայնությամբ, եթե չեմ սխալվում, նա Սիրիայից է: Առանձնապես չէր փոխվել, պարզապես մի քիչ գիրացել էր: Մի քանի խոսք փոխանակեցինք, դիմեցի մատուցողուհուն. «Կոկորդս ցավում է, ինչ կառաջարկեք»,- պատասխանեց' կարամելով սուրճ: Չհավատացի, որ դա կօգներ, բայց որոշեցի փորձել: Չգիտեմ' ինքնաներշնչանքն էր, թե ինչ, բայց, իսկապես, օգնեց: Ըմպում էի և աչքի պոչով հետևում ծանոթիս: Մինչ այդ պարզվեց, որ խոստացված կիթառի երեկոն արդեն կես ժամ ուշացել է: Փաբում հավաքվածները սկսեցին անհանգիստ շարժումներ անել, գրավել իրենց տեղերը: Ես էլ որոշեցի իմ հերթին նպաստել երեկոյի մեկնարկին ու բարի մի կողմից մյուսը ձայն տվեցի. «Մենակ event-ին հրավիրելը հերիք չի, պետք է նաև նվագել»: Ժամանակին բնապահպան-ակտիվիստը, ի վերջո, ձեռքը վերցրեց կիթառը ու երեկոն սկսվեց: Առաջինը Հախվերդյանի «Եթե իմանայիր» երգն էր: Պիտի խոստովանեմ, որ այն ինձ հուզեց, կողքիս կանգնած երիտասարդին նույնիսկ նկատողություն արեցի, որ կամաց խոսի, քանի որ խանգարում էր: Դա բավարար չէր, աղջիկների ինչ-որ խումբ անդադար հռհռում էր ու էլի խախտում կիթառի հնչյունների ներդաշնակությունը: Տիգրանից հետո կիթառն իր ձեռքը վերցրեց մեկ այլ երիտասարդ, ով, իհարկե, ավելի շատ խոսում էր, քան' նվագում, բայց շատ զվարճալի էր այդ ամենին հետևելը: Նա մի քանի երգ էլ կատարեց Վիկտոր Ցոյի երգացանկից, որից հետո երեկոն ավելի թեժացավ: Սկսեցին վանկարկել' «Ցոյ ժիվ, Ցոյ ժիվ»:

Հայտնվեց հավաքվածների ֆավորիտը, համենայն դեպս, բոլորը նրան մեծ անհամաբերությամբ էին սպասում: Տղան իսկապես լավ էր կատարում Ցոյի երգերը: «Ցոյը կենդանի է» շարունակում էին աղաղակել հավաքվածները: Երեկոն իր հունի մեջ ընկավ, իմ միսսիան ավարտվեց, արդեն կարող էի հանգիստ խղճով փաբը լքել:

Այս թեմայով