24 Ապրիլ 2013, 11:14
2042 |

Աշոտ Աբգարյան. «Ինչո՞ւ Ցեղասպանություն»

Բացառված չէ, որ հեղինակին դավաճան համարեն, «թուրք» պիտակը կպցնեն, գիրքը հրապարակավ այրեն և այլն, և այլն:

Հակոբ Օշականի «Կայսերական հաղթերգություն» ժողովածուի պատմվածքներից մեկում մի ցնցող պատկեր կա, որ անընդհատ մտքիս է գալիս, երբ Մեծ եղեռնին վերաբերող ինչ-որ գիրք եմ կարդում կամ որևէ ֆիլմ դիտում: Թուրքերն են ու հայերը: Թուրքերը պատրաստվում են մորթելու, հայերը՝ պատրաստվում են (այո, այո) մորթվելու: Թուրքերի համար մորթելը ծես է, սրբազան, կրոնական մոլեռանդության հասնող արարողություն, նրանք երկար պատրաստվում են, աղոթում են, դանակներն են սրում, զոհերին են ընտրում… Հայերն էլ են պատրաստվում, հանգիստ թողնում են կապոտել իրենց, հանգիստ պառկում են մորթվելու համար պատրաստված տեղերում, նույնիսկ՝ մորթվելու համար հատուկ նախապատրաստած դիրք են ընդունում… Ու գլուխները երկինք հառած խաղաղ ու հանգիստ մորթվում են… Մորթվելն էլ նրանց համար է ծես…

Ցավոք, մեր ժողովրդի մեջ դեռ չափազանց կենսունակ է զոհի բարդույթը, արդեն 100, իսկ ավելի կոնկրետ՝ 98 տարի չենք կարողանում ազատագրվել դրանից, ու եղեռնյան բոլոր փաստերն ու իրողությունները մեկնում ու մեկաբանում ենք հիմնականում այդ բարդույթի տեսանկյունից: Ցանկացած մոտեցում, որ միտված է ինչ-որ առումներով սրբագրել իրողությունները, ուղղակի թշնամական վերաբերմունքի է արժանանում: Գուրգեն Մահարու «Այրվող այգեստանների» հետ կապված պատմությունը՝ վկա…
Աշոտ Աբգարյանի՝ օրերս լույս տեսած «Ինչո՞ւ Ցեղասպանություն» գիրքը թերևս ապահովագրված չէ այդպիսի վերաբերմունքից: Բացառված չէ, որ հեղինակին դավաճան համարեն, «թուրք» պիտակը կպցնեն, գիրքը հրապարակավ այրեն և այլն, և այլն, բայց որ այդ գիրքը գալիս է ինչ-որ կերպ թոթափելու զոհի մեր բարդույթը, անկասկած է: Գրքում հանրամատչելի ձևով, բայց փաստական հիմնավոր տվյալներով ու վերլուծություններով մեկնաբանվում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ քաղաքական մտքի և կուսակցությունների գործունեության այն դրսևորումներն ու սխալները, որոնք, ըստ հեղինակի, ի վերջո հանգեցրին Հայոց մեծ եղեռնին, և որոնց մասին ընդունված չէ բացեիբաց խոսել: Հանրահայտ փաստերն ու իրողությունները քննվում են բոլորովին այլ հայացքով, որը, բանավիճային լինելով հանդերձ, օգնում է ավելի մոտենալ ճշմարտությանը:

Այս նպատակադրումից ելնելով՝ Աշոտ Աբգարյանը դիտմամբ չի անդրադառնում բուն Ցեղասպանությանը վերաբերող փաստերին: Գրքի վերնագիրը՝ «Ինչո՞ւ Ցեղասպանություն», մեկնաբանելով՝ կարելի է ասել, որ նա ավելի շատ կարևորում-քննարկում է ԻՆՉՈ՞Ւ-ն: Բերելով բոլորիս հայտնի փաստերը՝ Բեռլինի վեհաժողովի, Խրիմյան Հայրիկի, Գրիգոր Արծրունու, Րաֆֆու, հայկական տարբեր պատվիրակությունների, ֆիդայական շարժման հետ կապված, Աշոտ Աբգարյանը դրանց վերաբերյալ մշակում է բոլորովին նոր հայացք, որը ոչ թե վարկած է, այլ իրողությունները գնահատելու անբարդույթ միտում:

Հեղինակը, բնականաբար, չէր կարող ու չի էլ արդարացնում Մեծ եղեռնը իրագործողներին, բայց ԻՆՉՈ՞Ւ-ն ենթադրում է մի շարք հարցադրումներ, որոնց պատասխաններում մեղքի մեր բաժինն էլ կա: Գրքի առաջաբանի հեղինակ, գրող Վահրամ Մարտիրոսյանն այսպիսի դիտարկում է անում. «Հայ կամավորական շարժումը փառաբանող հազարավոր էջեր են գրվել, հայդուկների առասպելական սխրանքներին սրտառուչ երգեր, վեպեր, բանաստեղծություններ ու պատմվածքներ են ձոնվել: Թե ինչպես է ջոկատը զորքի դեմ կանգնել: Մի հոգի փռել տասի դին: Եվ, իսկապես, թուրքական կողմից էլ բազմահազար սպանվածներ են եղել… Բայց արդյոք դա էր պայքարի նպատակը, դա պիտի լիներ արդյունքը: Ինձ թուրքերի զոհերը չեն մխիթարում: Բոլորովին: Ես կուզենայի, որ ոչ մի թուրք էլ չսպանվեր, բայց հայ գյուղացին, արհեստավոր-վարպետը, ուսուցիչը, բժիշկը, ճարտարապետ ողջ մնային իրենց հողի վրա»:

Մենք հեշտ ենք շռայլում փառքի լուսապսակներ, մենք սիրում ենք արժևորել ընթացքը և շատ քիչ՝ հետևանքը, ու այդ պատճառով՝ հաղթանակները միշտ մեր անձնազոհության ու հայրենասիրության արդյունքն են, պարտություններն ու զոհերը՝ թշնամական դիտավորության, միմիա՛յն: Աշոտ Աբգարյանի «Ինչո՞ւ Ցեղասպանություն» գիրքը օգնում ու մղում է սթափ լինել պատմությունը գնահատելիս, օգնում է պատասխանել անգամ այսօրվա բազմաթիվ ԻՆՉՈ՞Ւ-ներին…

Այս թեմայով