19 Ապրիլ 2013, 12:53
2485 |

Թատերական սնահավատություններ. տոմսարկղ

Զարմանալի բան. տոմսավաճառի մասնագիտությունը գրեթե հարյուր տոկոսով գենդերայնացված է: Ես շատ թատրոններում եմ եղել, ավելի ճիշտ՝ շատ թատրոնների տոմսարկղների նեղ պատուհաններից եմ ներս նայել, բայց տոմսավաճառ տղամարդ չեմ տեսել:

Թվում է՝ ինչ սնահավատություններ պետք է լինեն այդ՝ դրամական իմաստով խիստ պրագմատիկ, ես կասեի՝ շահային տարածքում: Բայց արի ու տես, որ թատրոնի տոմսարկղը ևս զուրկ չէ սնահավատության սարդոստայնից: Այստեղ ուրույն, առանց ծափերի ու խոնարհումների ներկայացում է խաղացվում: Հանդիսատեսն էլ՝ հիմնականում եթե չասեմ գոհ, ապա միշտ (տգետ ադմինիստրատորների օյինբազությունները չհաշված) շոյված է հեռանում տոմսարկղից:

Այստեղ հնչող հարցերը թունելային արձագանքի նման գնում-գալիս են նեղ պատուհանի միջով.

- Ի՞նչ ներկայացում է...
- Ո՞վ է խաղում...
- Տոմսն ի՞նչ արժե...
- Բեմադրիչն ո՞վ է...

Վերջին՝ ամենաքիչ տրվող հարցն ավելացրեցի՝ չվիրավորելու բեմական միստերաների արարիչներին: Իսկ նկարիչը, կոմպոզիտորը, էլ չեմ ասում՝ դեկորատորը և թատերական արտադրամասերի աշխատակիցները, հանդիսատեսի համար գոյություն չունեցող, աներևույթ մարդիկ են: Բայց իմ գիտակից թատերական կյանքի ընթացքում, հաճախակի տոմսարկղում լինելով, օրական քսան-երեսուն անգամ բախվում եմ մի հարցի, որը բոլոր շանսերն ունի հիմարության էտալոնը դառնալու համար:

- Լա՞վ ներկայացում է...

Հանդիսատեսը ականջը կախ՝ լսում է տնօրենի կամ գեղարվեստական ղեկավարի ցուցումով տոմսավաճառի սերտած ստանդարտ պատասխանը և նրա օրգանիկ համոզչությունից ազդված' տոմս գնում: Այ քեզ դերասանություն... Ինչո՞ւ է հանդիսատեսը թատրոնի բոլոր աշխատակիցներից ամենաշատը տոմսավաճառի հանդեպ մտերմություն ցուցաբերում: Ավելին՝ գրեթե հարյուր տոկոսով վստահում նրան: Ընդ որում վստահում են համարյա բոլորը՝ անկախ զարգացածության ու կրթվածության մակարդակից: Հավանաբար ենթագիտակցորեն տոմսավաճառը հանդիսատեսի ու թատրոնի միջև միջնորդ է դառնում: Հմուտ տոմսավաճառները հենց էդ միջնորդության վրա հիմնվելով էլ՝ հիանալի կատարում են իրենց առաքելությունը:

Նշեմ մի տարօրինակ փաստ, որը կհաստատեն թատրոնում երկար տարիներ աշխատած ադմինիստրատորներն ու տոմսավաճառները: Եթե ներկայացման առաջին տոմսը տղամարդն է գնում, նշանակում է՝ հանդիսատեսի պակաս չի լինի: Առաջին տոմսը կնոջը վաճառելու դեպքում դատարկ դահլիճից չես խուսափի: Դրությունը վատթարանում է, երբ կնոջ ձեռքով գնված առաջին տոմսից հետո հերթական վեց թվանշան պարունակող որևէ տոմս՝ 6, 16, 26, 136 և այլն, հայտնվում է իգական սեռի ներկայացուցիչի ձեռքում:

Կա մի տարօրինակ երևույթ ևս, որը, պայմանականորեն կարող ենք «անդմինստրատորի նավս» անվանել: Ադմինիստրատորը, որպես կանոն, բավականին հակասական անձնավորություն է: Հաճախ նրա տրամադրվածությունից է կախված, թե ներկայացման տոմսերը կսպառվե՞ն, թե՞ ոչ: Եթե ղեկավարությունը կամ ներկայացման հեղինակը նեղացնում է նրան, ապա նրա ներսում «քարկապի» նման մի բարդույթ է առաջանում: Առանց որևէ գիտակցված դիտարվորության: Նա փորձում է վաճառել տվյալ ներկայացման տոմսերը մյուս ներկայացումների տոմսերի նման: Բայց... Չի ստացվում... Չի ստացվում ու վերջ... Դահլիճը նավսած ներկայացման ժամանակ մշտապես կիսադատարկ է լինում: Արդյունքում դժգոհություններ, վեճեր, բառամտքային ծեծկռտուք... Ինչ ուզում ես արա, միևնույնն է՝ ադմինիստատորի ներքին նաֆսը, մեռնում է բեմադրությունը խաղացանկից հանելուն զուգահեռ:

Մյուս կողմից էլ տոմսավաճառի կյանքը նույնպես հեշտ չէ, հաճախ նրա վրա են ծանրանում թատրոնի սյուներ' ատլանտյան դերասանների ճնշումները: Աստված չանի դերասանն իմանա, որ Ն դպրոցի տնտեսվարը, փողնախարարի քրոջ տալը, տանուտեր դարձած Բադալը, Թաջ Մահալից կամ Արարատյան դաշտավայրից եկած մարալը, տոմսավաճառին իր անկրկնելի հանճարի մասին հարցրած լինի, սա էլ՝ սխալ կամ թերի պատասխան տված լինի: Էդ ժամանակ տեղի է ունենում ամենասարսափելի պատիժը՝ տխրակոմիկ սյուն-դերասանն իր արածի-չարածների դավթարը բացում է ու...

Մի նոր հավաքարար էր թատրոն աշխատանքի ընդունվել: Վերջինիս՝ սրբելու-պլպլացնելու ամենակարևոր տարածքն էին վստահել՝ գլխավոր մուտքն ու տոմսարկղը: Երիտասարդ, բոյ-բուսաթով, թլոշ ու Սևանա արևի պաչ-պռոշտին զգացած թշերով կինը, մասնագիտական թեքումից ելնելով, մի ամսում նայեց թատրոնի ամբողջ խաղացանկը: Ու էդ չարաբաստիկ օրը ադմինիստրատորի սեղանի փոշին էր սրբում, երբ տոմսարկղին մոտեցավ մի փափլիկ տղամարդ: Ազդագիրն աչքերով ուտելուց հետո նա մոտեցավ նեղլիկ պատուհանին ու դրամը ներս մտցնելով՝ հարցրեց.

- Էս... Լա՞վ ներկայացում է:

Ադմինստրատորը չէր հասցրել իր ստանդարտ բերանը բացել, երբ հավաքարարը կողքից թատերագիտորեն ակտիվացավ:

- Ցէ... Էն մեկն ավելի լաֆ ներկայացում ա...

Դրամի բերանը տոմսին չհասած՝ պատուհանի նեղլիկ կոկորդով հետ սահեց: Մի ակնթարթ անց Փափլիկի շվաքն անէացավ: Էդ էր ու էդ... Հին Հռոմ կտրած ադմինստրատորը ռազմաշունչ կատաղությամբ ծառացավ խեղճ հավաքարարի վրա: Վախից երկմետրանոց կնոջ մազերը՝ կոծոծ-կոծոծ դարձան: Նա մի աչքով նայեց փակ դռանը, սառսռաց, հիշեց իր երկու երեխաների մասին ու թատրոնում չզոհվելու վախից ուրիշ ճար չգտնելով, պոլիփեդը ձեռքին, դուրս փախավ տոմսարղի նեղլիկ, մկանթակարդ պատուհանից...

Այս թեմայով