19 Ապրիլ 2013, 12:19
1063 |

Աքրամ Այլիսլի. «Քարե երազներ»

Իմանալով իր վեպի հայերեն թարգմանության մասին` ադրբեջանցի գրողն այնքան էլ չի ուրախացել, ասելով, որ հայերն անպայման կքաղաքականացնեն այն:

Վաղուց համոզվել եմ՝ բավական է որևէ օտարազգի հեղինակ իր որևէ ստեղծագործության մեջ օգտագործի հայ կամ Հայաստան բառերը, ավելին՝ հանկարծ ու ինչ-որ դիտավորությամբ կամ թեկուզ միամտորեն, կամ ընդհանրապես, բոլորովին այլ նպատակներով թեկուզ մեկ տողով խոսի Հայոց ցեղասպանության մասին, ամիջապես հայտնվում է մեր գրական ու ոչ գրական հասարակության ուշադրության կիզակետում: Անմիջապես այնպիսի գովասանքների ենք արժանացնում նրանց, որ իրենք էլ են անակնկալի գալիս. գրքերն առաջին իսկ առիթի դեպքում հայերեն ենք թարգմանում, ամեն ինչ անում նրանց Հայաստանում հյուրընկալելու և անձամբ շնորհակալություն ասելու համար:

Ու այդ պատճառով է, որ, օրինակ, իսպաներենից մեր թարգմանական սահմանափակ ներուժն օգտագործեցինք Գոնսալո Գուարչի՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող միանգամից երկու գիրք թարգմանելու համար, երբ հայերենով, ասենք, Միգել դե Ունամունոյից, Մարիո Վարգաս Լյոսայից ոչ մի վեպ դեռ չունենք հայերեն: Ու այդ պատճառով է, որ, օրինակ, Կուրտ Վոնեգուտի «Սպանդանոց համար 5» հոյակապ վեպը այդպես էլ մնում է մամուլի էջերում և չի դառնում գիրք, բայց ահա «Կապտամորուսը» վեպը, որտեղ Հայոց ցեղասպանության թեման է շոշափված, միանգամից երկու թարգմանություն ունի, ընդ որում՝ երկուսն էլ առանձին գրքով ենհրատարակվել: Շարքը՝ շարունակելի…

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպն այդ առումով գերազանցեց բոլորին, որովհետև վերը նշված հանգամանքներին գալիս էր միանալու նրա ազգությունը: Իհարկե, անժխտելի է, որ Այլիսլիին իսկապես մարդկային խիզախություն է հանդես բերել՝ խոսելով այնպիսի թեմաներից, որոնք մասին Ադրբեջանում գրականության մակարդակում ոչ ոք չէր համարձակվում բարձրաձայնել: Բայց դա բնավ չպետք է ոգևորեր մեզ այնքան, որ կորցնեինք ամեն չափ ու չափանիշ, ու նրա սովորական վեպը գեղարվեստական արձակի բարձրարժեք դրսևորում համարեինք: Վստահ եմ, որ եթե վեպում այդքան ողբերգական ու մերկացնող շեշտադրումներով ընդգծված չլիներ հայկական թեման, շատ քչերը այն կկարդային մինչև վերջ:

Միապաղաղ, ձանձրալի, անընդհատ կենտրոնացումից փախչող պատումը, այդպես էլ չհստակվող, երևացող-անհետացող ու անհամոզիչ կերպարները, անընդհատ ուր որ է սրվող, բայց այդպես էլ «չպայթող» իրադրությունները տեղ-տեղ են միայն հավակնում լինել բարձրարվեստ, այն էլ՝ հիմնականում վեպի քնարական-խոհական հատվածներում: Վեպի գլխավոր հերոս, դերասան Սադայ Սադըղլին ներկայացվում է իբրև անհաշտ ու չհամակերպվող մի մարդ, բայց այնքան անհամոզիչ են երբեմն նրա պոռթկումները, տեղ-տեղ էլ՝ այնքան արհեստական, որ մտածում ես՝ Աքրամ Այլիսլին այդպես էլ չի կարողացել իր մտածածը գեղարվեստականացնել ու կերպավորել, և նրա ասելիքը դառնում է սոսկ հրապարակախոսական պոռթկում, բայց ոչ երբեք գրական բարձրարժեք երկ:

Իմանալով իր վեպի հայերեն թարգմանության մասին, ադրբեջանցի գրողն այնքան էլ չի ուրախացել, ասելով, որ հայերն անպայման կքաղաքականացնեն այն: Մենք գուցե չենք քաղաքականացնում այն, բայց ակնհայտորեն ուռճացնում ենք դրա արժեքը: Գրախանութներում «Քարե երազներ» վեպի արդեն երկու հրատարակություն կա, երկու տարբեր թարգմանություն: Իմ տեղեկություններով՝ ևս երկուսը պատրաստվում են հրատարակության: Ու գիրքն արագորեն սպառվում է: Ու վերջերս չընթերցողի համբավ ձեռք բերած հասարակությունս այն շատ արագ ընթերցում է…

Իսկ աշխարհում ստեղծված ու ստեղծվող բազմաթիվ բարձրարժեք ստեղծագործություններ դեռ իրենց թարգմանչին ու հրատարակչին են սպասում: Իսկ մենք շարունակում ենք չընթերցել մեր ժողովրդի ապրած ողբերգությունների մասին մե՛ր գրողների ստեղծած բարձրարժեք երկերը…

Այս թեմայով