16 Ապրիլ 2013, 16:37
1609 |

Կանաչ ոգիներ

Եթե համաձայն ես՝ շարժիր աջ ոտիկդ, եթե համաձայն չես՝ ձախ թաթիկդ շարժիր, այնպես, որ ես գլխի ընկնեմ ինչի մասին ես խլվլում քո բունիկում, բայց ոչ այնքան ուժեղ, որ մայրիկդ արթնանա հանկարծ:

Իմ փոքրիկ, շատ փոքրիկ ճուտիկ, որ բացի մայրիկից ու հայրիկից դեռ ոչինչ չունես՝ նույնիսկ անուն և այլ բառեր աշխարհի ու ինքդ քո մասին, քեզ ուզում եմ պատմել կյանքիդ առաջին հեքիաթներից մեկը, որ կանաչ ոգիների մասին է:

Ինքս էլ շատ բան չգիտեմ նրանցից, ու կկիսվեմ քեզ հետ իմ դիտարկումներով միայն, ի դեպ, կարող ես կարծիքդ հայտնել ինձ, եթե համաձայն ես՝ շարժիր աջ ոտիկդ, եթե համաձայն չես՝ ձախ թաթիկդ շարժիր, այնպես, որ ես գլխի ընկնեմ ինչի մասին ես խլվլում քո բունիկում, բայց ոչ այնքան ուժեղ, որ մայրիկդ արթնանա հանկարծ: Դե, մի ծուլացիր, մեկ է, հետո ստիպված ես լինելու, որովհետև առաջին գործն ինչ անում են մարդիկ լույս աշխարհ գալուց հետո՝ խոսել սովորելն է:

Մի խոսքով, ճուտ՝ հեքիաթը կանաչ ոգիների մասին է:

Ասեմ, որ կանաչ ոգիների մասին մի քանի շատ հայտնի պատմություններ կան: Ասենք՝ երբ նորածին Բուդդան քայլում էր՝ ուրախությունից պայթում էր հողի սիրտը և այդ պայթյունները ջրաշուշաններ էին դառնում: Երբ հեղափոխական Քրիստոսը մտնում էր Երուսաղեմ, խելահեղ ցնծում էին կանաչ ոգիները՝ օդում թափահարելով իրենց թևերը, իսկ թևերի փետուրները հազարավոր կանաչ արմավենու ճյուղեր էին մարդկանց ձեռքերում: Խալիֆայի ամրոցում սիրուն Ծովինարն այնքան միայնակ էր, բայց այնպես ջահել, այնպես խելառ ու այնպես էր ուզում սիրվել, որ Կանաչ ոգին չդիմացավ, երազում ծով տարավ նրան, կաթնաղբյուրի պես հորդեց, Ծովուկս խմեց նրանից ու այնպես քաղցր արբեց, այնպես քաղցր, որ հղիացավ: Էնպես որ, ձագ, չմտածես, թե կանաչ ոգին անպայման կանաչ գույն ունի, կամ թե ամեն կանաչ բան կանաչ ոգի է: Իրականում այն անգույն, անհոտ, անանուն, անճանաչելի մի բան է՝ ջրին պակասող այն ամենափոքրիկ կայծը, որից կյանք կհորդի, այսինքն՝ ոչ թե կյանքն, այլ կյանքի առիթը, ոչ թե ծառն, այլ նրա ծաղկելու և կանաչելու ցանկությունը, ոչ թե որսորդն, այլ նրա կշտանալու մտադրությունը, ոչ թե թռչնաձուկն, այլ նրա թռչելու երազանքը, ոչ թե թևերն, այլ ճախրելու արկածը, ոչ թե դու, այլ իմ ու մայրիկիդ սերը:

Ուզում ես իրական կանաչ ոգինե՞ր տեսնել… լավ... հավանաբար նկատած կլինես Երևանի կենտրոնական հատվածներում կանաչ արտահագուստով այն թխամաշկ, փնթփնթան ու անընդհատ ծխող տատիկներին ու պապիկներին, որ զբաղված են ինչ-որ հողոտ աշխատանքներով՝ հող են փորում, ծաղիկ են տնկում, ծառերի բներն են ներկում, ծառերն են էտում և ընդմիջման ժամին հողոտ ձեռքերով բրդուճներ են ուտում հենց այդտեղ՝ մայթեզրերին ու իրենց սարքած խոտածածկերին թիկնած: Շատերը միամտաբար կարծում են, թե նրանք նախկին կալանավորներ, դատապարտվածներ, ծերանոցների բնակիչներ կամ չքավորներ են, որոնց քաղաքապետարանը կոպեկներով վարձել է այն կանաչ աշխատանքների համար, որն ուրիշ ոչ ոք չի ուզում անել: Քեզ մի գաղտնիք բացեմ՝ նրանք իրականում կանաչ ոգիներ են, որ ծպտվելու հիանալի միջոց են գտել: Նրանք հայտնվում են հանկարծ քաղաքի ինչ-որ հատվածում՝ բահերով, տնկիներով ու ճումբերով զինված ու սկսում իրենց գործը: Գործն ավարտելուց հետո աննկատ չքանում են՝ իրենցից հետո թողնելով գեղեցիկ, խնամված այգիներ ու մայթեզրեր: Անթիվ անհամար այն բոլոր կենդանի արարածները, որ ամենայն մանրամասնությամբ ստեղծագործել են կանաչ ոգիները միլիոնավոր տարիներ ի վեր, ուր էլ որ լինեն՝ կապված են միմյանց հետ անտեսանելի ու նրբին թելերով, ինչպես ես ու դու, ձագուկ: Օրինակ՝ տասնմեկերորդ հարկում ապրող Նավի կատուն, որ երբեք ծառ չի մագլցել ու երբեք թավալ չի եկել հողերի մեջ, հինգերորդ հարկի Ջուջի թութակը, որ երբեք չի եղել իր հարազատ ջունգլիներում և ութերորդ հարկում փոքրիկ ակվարիումի մեջ միայնակ ապրող Ծովինար անունով ոսկե ձկնիկը, որ երբեք չի լողացել ծովում, բոլորն էլ գիտեն կանաչ ոգու մասին, որովհետև կանաչ ոգին նրանց գրեթե ամեն գիշեր այցելում է երազի մեջ ու պատմում իր շրջագայությունների մասին ամբողջ աշխարհով մեկ, այն տեղերի մասին, որտեղ ինքը դեռևս կյանք է սփռում և այն տեղերի, որտեղ իրեն նեղացրել են…

Հա, բալես, կանաչ ոգիների կյանքն ամբողջ աշխարհով մեկ գնալով դժվարանում է. ամեն օրվա հետ ավելի ու ավելի շատ աշխատանք և ավելի ու ավելի քիչ ուրախություն: Բանն այն է, որ երբ կենդանի արարածներին ոչնչացնում են ոչ թե նրանց ուտելու կամ նրանցից պաշտպանվելու համար, այլ ուղղակի կուտակելու, զվարճության և ինքնահաստատման, ապա խորապես խռովում են կանաչ ոգիներին ու նրանք կարող են որոշ պաշտպանական միջոցներ ձեռնարկել՝ փշեր արձակելով, ճանկեր, դառնալով ժամանակավորապես թունավոր և վախենալու, բայց դու չանհանգստանաս, այդ ամենը կյանքի շարունակականությունը երաշխավորելու համար է և սպանիչների ու սպանարարների դեմն առնելու: Վերջերս բազմաթիվ փշոտ և պուպուշ կանաչ ոգիներ են արթնացել նաև մեր երկրում, որպես նրա ինքնափրկության վերջին իմունային համակարգը: Ամենուր, որտեղ վտանգված է կյանքը՝ Մաշտոցի անվան այգում, որը քո կյանքում տեսած առաջին այգին կլինի և այգի կլինի՝ նրանց շնորհիվ, Թեղուտի անտառներում, Զանգեզուրի լեռներում, Սևանա լճում, թե այլուր նրանք պայքարում են վտանգված ծառերի, թռչունների, մարդկանց և բզեզների համար:

Ցավոք, ճուտիկ, նույնիսկ կանաչ ոգիներից ամենափշոտներն ու ամենաթունա-վորներն էլ միշտ չէ, որ հաջողում են... նրանց պարտությունն աշխարհի ամենատխուր բանն է, որովհետև պարտվելուց հետո նրանք կարող են անհետ չքանալ և անդառնալի լքել հողը, ջուրը, օդն ու լույսը: Նրանց ոչնչացնելու ընդունակ միակ կենդանին մարդն է, որն ազատ ընտրության հնարավորություն ունենալու պատճառով հաճախ, ախ, շատ հաճախ է սխալվում: Իսկ առանց կանաչ ոգիների ոչ մի շարունակություն չի կարող լինել, ոչ մի ուրախություն չի կարող համակել սիրտը և անվերջանալի աղմուկը երբեք երաժշտություն չի դառնա:

Այդպիսին է քո ընտրած ժամանակը, ձագ, ինչ անեմ, իհարկե, ես կարող եմ գրել բանաստեղծություններ, որոնցում ապաստան կգտնեն Ամազոնիայում կտրված բազմաթիվ ծառեր և Թեղուտից վտարված բազմաթիվ թռչուններ, բայց կանաչ ոգիները բանաստեղծությունների փոխարեն (որոնք միշտ մասին են), նախընտրում են իրական օդը, որը կարելի է շնչել, իրական թևերը, որոնցով կարելի է թռչել, իրական արմատները, որոնցով կարելի է կառչել երկրից, իրական շրթունքները, որոնցով կարելի է պաչիկ անել և իրական աչքերը, որոնցով կարելի է խուզարկել աստղերի հեռուն:

Չնայած, ճուտ, ինչ եմ փիլիսոփայում, տես՝ ում ինչ եմ սովորեցնում է, չէ՞ որ հիմա, այ հենց հիմա, երբ աջ ոտիկն ու ձախ թաթիկը շարժելուց բացի ուրիշ ոչ մի լեզու դու դեռ չգիտես, ամենից հստակն ես լսում ու հասկանում կանաչ ոգիներին, ավելի հստակ, քան ես, ուշադիր լսիր, լավ մտապահիր նրանց պատմությունները, որ հետո պատմես ու միասին որոշենք, թե ինչպես օգնենք նրանց ապրել:

 «ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N6(7), 2012

 

 

Այս թեմայով