13 Ապրիլ 2013, 16:57
231 |

White crow-ի սպիտակ արծիվները

Զգացվում էր, որ աղջիկները եկել են ուրախանալու և այդ մտադրությունից ոչինչ ու ոչ ոք հետ չի կանգնեցնի:

Միանգամից ասեմ, White crow-ում արծիվներ չկան, փոխարենը սա կարծես ապաստարան լինի բոլոր նրանց համար, ովքեր սիրում են փաբային միջավայր, միևնույն ժամանակ խուսափում մարդաշատ վայրերից: Վայրն անունը մի քանի անգամ փոխեց, բայց դա թերևս այդքան էլ չազդեց ընդհանուր մթնոլորտի վրա: Սա մի տեսակ հանդարտ վայր է, չնայած հնչում է բարձր երաժշտություն: Այստեղ կարող ես զրուցել, ինչը շատ հաճախ հնարավոր չէ անել այլ փաբերում: Ընկերներիս հետ թվարկելով Պուշկին փողոցի փաբերի անունները՝ ի վերջո որոշեցինք հանգրվանել White crow-ում:

Քայլեցինք դեպի փաբը, որի մուտքի մոտ փորագրված արծիվով ցուցանակ է: Առաջինը, ում տեսանք, White crow-ի մատուցողն է, որին մի անգամ սխալմամբ սիրիահայի տեղ էի դրել: Ինչ-որ նմանություն կա: Միջահասակ, ակնոցով, բավականին ճարպիկ մի երիտասարդ, ով ոչ միայն սիրով, այլև լավ է անում իր գործը: Նա մեզ ուղեկցեց մոտակա ազատ սեղանն ու բերեց մենյուն:
Ես գիտեի, որ այստեղ պարբերաբար ինչ-որ հյուրասիրություններ են լինում՝ զանազան գինիներ և շոթեր: Ինչ վերաբերում է այցելուներին, ապա նրանք, իսկապես, սպիտակ արծիվներ են, մի ընկերախմբի զվարճանքն ինձ վերջնականապես համոզեց դրանում:

Մենք ընկերներով զրուցում էինք, խմում, բանավիճում, երբ իմ ուշադրությունը գրավեցին այս աշխարհից կտրված ու ինքնամոռաց պարող հինգ-վեց աղջիկ: Իրեն առավել կոտրատում էր նրանցից ամենաբարձրահասակը, ով այդքան իր պլաստիկ շարժումներով չէր աչքի ընկնում, որքան երկար մազերով՝ աջից ձախ թափահարվող: Միանգամից զգացվում էր, որ աղջիկները եկել են ուրախանալու և այդ մտադրությունից ոչինչ ու ոչ ոք հետ չի կանգնեցնի:

Անանուն տոնը շարունակվում էր, երբ ես այլևս չդիմացա ու որոշեցի միանալ նրանց ընկերախմբին: Ընկերներս ինձ հասկացան, սիրում եմ պարել, լավ առիթ էր:
«Աղջիկներ, կարելի է ձեզ միանալ», - հարցրեցի ու ակամայից արդեն միացա՝ պատասխանին չսպասելով: Նրանք մի պահ զարմացան, բայց երբ բարձրահասակը ժպտաց ու ասաց «իհարկե», ժպտացին բոլորը: Այնուհետև բարձրահասակն անունն ասաց ու ձեռքով ողջունեց, նույնն արեցին մնացած հինգը: Այդ ամենն այնքան արագ տեղի ունեցավ, որ ես հիմա նրանցից և ոչ մեկի անունը չեմ մտաբերի: Իմ անունն էի կրկնում՝ մոտ հինգ անգամ: Իսկական խենթություն:

Սկսեցինք պարել երաժշտության ռիթմերի տակ, իսկ ես զուգահեռ նրանց էի ուսումնասիրում: Եթե Հայաստանում չլինեինք, կմտածեի՝ ինչ-որ օրիորդաց տան սաներ են կամ, ինչն ավելի վատ է, ինչ-որ աղանդի ներկայացուցիչներ: Անթաքույց էր այն ամուր կապը, որը միացնում էր այս աղջիկներին: Ես, իհարկե, չէի մտածում, որ կարող եմ դառնալ նրանց ընկերախմբի լիիրավ անդամը, բայց միասին պարել ոնց-որ թե ստացվում էր: «Девочки, вместе»,- գոչեց բարձրահասակը, ու աղջիկներն ավելի ակտիվացան: Նրանց մի մասը, պարզվեց, ռուսախոս են: Ակտիվ երաժշտությունը չէր դադարում, բայց ես որոշեցի մի քիչ հանգստանալ ու միանալ ընկերներիս: Նստած տեղից հետևում էի նրանց ու գինու դատարկվող բաժակներին: «Արի, քո տեղը զգացվում է», - ասաց բարձրահասակը: Երկու րոպե անց նորից պարում էի: Չփորձեցի նրանց մասին շատ բան իմանալ, միայն վերջում ասացի'ցանկության դեպքում կարող են ինձ ավելացնել իրենց ընկերների ցանկում' ֆեյսբուքում: Բայց մինչև օրս էլ նորություն չկա, երևի օտարների մուտքը նրանց ընկերախումբ սահմանափակվում էր միայն համատեղ պարերով:

Այս թեմայով