11 Ապրիլ 2013, 15:45
1481 |

Փաբիստի արկածները. Tortuga-ի վերածնունդը

Այս փաբում երկու անգամ էի եղել: Սկզբում ինձ գրավեց այն լուրը, որ բացվել է մի փաբ, որի պատերին կարող ես գրել' ինչ կամենաս: Դրանից էլ լավ բան լրագրողի համար: Միանգամից հրթիռեցի, որպեսզի պատին գրեմ բլոգիս հասցեն: Առաջինը, ինչ ֆիքսեցի՝ փաբը գտնվում է հետաքրքիր վայրում: Առաջին տպավորությունս այնքան էլ հիշարժան չէր, բայց կարևորը պատերն էին, որոնք արդեն խզբզված էին զանազան գրվածքերով' անուններից մինչև սիրո խոստովանություններ:

Ի վերջո, ազատ տեղ գտա պատի վրա, և գրեցի իմ նվիրական «պատգամը սերունդներին»: Հետո մոտեցա բարին ու փորձեցի զրույցի բռնվել մենեջերի հետ: Ուզում էի համագործակցության առաջարկ անել, ներկայացա, ասացի, թե ինչ առիթով եմ իրենց այցելել ու ստացա ինքնահավան մերժում'«Մեր փաբը ռասկռուտկի կարիք չունի»: Անկեղծ ասած, այդ դեպքից հետո այլևս այդ փաբ չէի ուզում ոտք դնել, բայց մի անգամ էլ դա տեղի ունեցավ:

Ընկերներիցս մեկի հետ, հոգնած թափառելուց, որոշեցինք գնալ հենց Տորտուգա, տնօրինությունը երևի փոխվել էր, համենայն դեպս չհանդիպեցի «Կրոելա Դևիլին»: Բայց տհաճ միջադեպից խուսափել չհաջողվեց: Փաբ մտնելուն պես վառած կարտոֆիլի սարսափելի հոտ փչեց: Այն աստիճան, որ ես արդեն ափսոսում էի վարսավիրին տված փողը, որովհետև տուն գնալուն պես նոր հարդարված մազերս միանշանակ նորից էի լվանալու: Պարզվեց, որ խոհարարն այդ օրը ձախ ոտքից է արթնացել և կարտոֆիլ ֆրին անխղճորեն վառել է:

Արդեն ուշ էր, և այլ փաբ տեղափոխվելու ցանկություն այլևս չկար: Համակերպվեցինք տհաճ հոտի հետ: Նստեցինք' որոշելով բացասական լիցքերը ցրել մեկ բաժակ խմիչքով: Մինչ խմում էինք և զրուցում, ներսի սրահում աշխույժ, բայց շատ «պապսայոտ» երաժշտություն էր: Եվ ահա ամենահետաքրքիր մասը' Տորտուգայի «գլամուռնի» այցելուները: Մոտ հինգ-վեց աղջիկ' տոնական հագուկապով, կարճ փեշերով եկան և նստեցին մեր կողքի սեղանին: Ծանոթիս աչքը միանգամից շոյվեց, իսկ ինձ այդ տեսարանն այնքան էլ դուր չեկավ' «սա փաբ է, թե ակումբ»,-մտքումս մռթմրթացի ու որոշեցի լքել այդ անհասկանալի վայրը:

Այդ օրից անցան ամիսներ և ահա նորից հայտնվեցի Տորտուգայում: Այն պարզապես անճանաչելի էր: Ավելին ասեմ, ես նրա անվանը կավելացնեի «նոր» ածականը: Ներս մտնելուն պես միանգամից զգացի մաքուր, նոր վերանորոգված փաբի օդը: Ամեն ինչ շատ ավելի կոկիկ էր և դասավորված: Լուսավորություն կար: Ի տարբերություն նախկին Տորտուգայի' այս անգամ կարող էիր տեսնել զրուցակցիդ դեմքը: Ես անկարող էի զսպել հիացմունքս: Փաբն, իհարկե, պահպանել էր իր ծովահենական իմիջը (Տորտուգան կղզի է Կարիբյան ծովում, որի բնակիչները զբաղվում էին ծովահենությամբ), բայց դարձել էր ավելի ներկայանալի: Չնայած ժամը տասն էր, բայց դեռ այցելու չկար: Նստեցինք ու սկսեցինք ուսումնասիրել մենյուն: Որքան հասկացա, մենյուն միակ բանն էր, որը փոփոխության չէր ենթարկվել: Ընտրեցինք խմիչքն ու սկսեցինք զննել crazy menu կոչվածը: Սա մենյուի մի տեսակ է, որն իր մեջ ներառում էր իսկական ծովահենական խենթություններ, իհարկե, որոշակի գումարի դիմաց:
Ասենք, ցանկության դեպքում կարող էինք կոտրել փաբի աթոռները, սեղանը, բարը, բաժակ, կազմակերպել սեփական ծովահենական հարսանիքն ու այսպես շարունակ: Մենք մի լավ ուրախացանք, իսկ ես սկսեցի լրջորեն մտածել, թե այդ խենթություններից որ մեկը կանեի հենց այդ պահին: Իրականում և ոչ մեկը. քանի որ Տորտուգայի գույքը կոտրելու այլևս ոչ մի ցանկություն չկար:

Այս թեմայով