09 Ապրիլ 2013, 14:04
1587 |

Սրճարան Malocco՝ ճերմակ երեկոն

Malocco-ի մասին բոլորը գիտեին դեռ մինչև բացումը։ Սրճարանը դեռ չկար, բայց նրա ֆեյսբուքյան էջի հետ ընկերություն էին անում մի քանի հարյուր մարդ։ Թերևս այդ պատճառով իմ այցի ժամանակ ազատ տեղեր «բախտի բերմամբ» պատահեցին։

Malocco-ն սրճարանների ցանց չէ։ Այս փաստը ուզում եմ հատուկ նշել, քանի որ մեկ օրինակով գոյություն ունեցող սրճարանի համար Malocco-ի դիզայնը շատ հաջողված է։ Այստեղ ամենուր փայտ է՝ կահույքը, պատերի շրջանակները, բուխարին վառելափայտով (ճիշտ է, այն կոկիկ չվառվող կույտ է), բուխարու վերևը կախված դեկորատիվ փայտե ժամացույցը, նույնիսկ մուտքը հիմնական սրահից բաժանվում է ծառի չմշակված ճյուղերով, որոնք ձգվում են հատակից մինչև առաստաղ։ Այս ամենը սպիտակ գույնով է ներկված, ինչը պատերի նուրբ վարդագույն և մանուշակագույն երանգի հետ հիանալի համադրություն է կազմում։ Վարդագույնի և սպիտակի համադրությունը, իհարհե, միայն քաղցր-մաղցր և պուճուր-մուճուր աղջիկների զգեստապահարանի հետ է ասոցացվում, բայց Malocco-ի դիզայներներին ինչ-որ հրաշքով հաջողվել է զերծ մնալ ավելորդ «քաղցրությունից»՝ ինտերյերը իսկապես ճաշակով է արված։ Ի դեպ, նույնը կարելի է ասել նաև ուտելիքի մասին՝ համ գեղեցիկ է, համ էլ համեղ։

Երեկոյի միակ հիասթափությունը պաստան էր։ Պեննե արաբիատան (2200 դր.) շատ պարզ ու հասարակ ուտեստ դուրս եկավ՝ չափազանց «տնական» տեսք ուներ, առանց որևէ, նույնիսկ մինիմալ զարդարանքի, իսկ այ չափաբաժինը բոլորովին տնական չէր՝ իմ՝ երես առած երևանցու, սովորածից մի երկու անգամ փոքր։ Ընդհանրապես, չափաբաժինները Malocco-ի միակ թերությունն են՝ այստեղ շատ սոված չարժե գալ, հակառակ դեպքում ստիպված կլինեք double տարբերակով պատվիրել։ Իսկ եթե հայտնվել եք այստեղ աշխատանքից հետո ու սովամահ եք լինում, պատվիրեք կամ սենդվիչներ (նրանք կարտոֆիլ ֆրիի հետ են մատուցվում), կամ ապուրներ։ Բրոկկոլիով և ռոկֆորով ապուրը (1300 դր.) հաղթահարելը իսկապես հեշտ չէ՝ որքան համեղ է, նույնքան էլ հագեցնող։ Իմիջայլոց, կեսօրից հետո այստեղ կարելի է պատվիրել լանչ՝ բաղկացած տաք ուտեստից, խավարտից, աղցանից և որևէ ոչ ալկոհոլային խմիչքից։ Սա կարժենա ընդամենը 1500—1700 դր.։

Աղանդերի ցանկը համապատասխանում է վայրի տրամադրությանը՝ պանակոտա հատապտուղներով (1300 դր.), նուգա այս (1300 դր.) և, իհարկե, դասական կրեպերն ու թխվածքները։
Սուրճի գները այստեղ ավելի քան մարդասիրական են: Ամերիկանոն արժե 900 դր., կապուչինոն ու լատեն՝ 1200։ Կա նաև սովորական արևելյան սուրճ (600 դր.)։ Էսպրեսոն, ի դեպ, ավելի էժան է, քան շատ ուրիշ fancy-սրճարաններում՝ 700 դր։ Բայց եթե որոշեք սուրճի հետ ջուր պատվիրել, ապա ամենասովորական ջուրը կարժենա 500 դր։

Թեյի համար ճաշացանկում առանձին բաժին չկա, բայց եղած տեսականին ընտրված է շատ ճիշտ՝ այստեղ կա և կանաչ, և սև, և «Էրլ գրեյ», և նույնիսկ հայկական բուսական թեյ։ Բոլորն արժեն 800 դր.։ Կան կոկտեյլների ստանդարտ տեսակներ, ինչպես «Մոխիտոն» (2300 դր.), «Կոսմոպոլիտանը» (2000 դր.) ու «Մարգարիտան» (2200 դր.), նաև երևանյան սրճարաններում հազվադեպ հանդիպող տեսակներ՝ «Սանգրիյան» (5000 դր.)։ Ալկոհոլը Malocco-ում միջինից մի փոքր թանկ է, Jack Daniel's-ը 1700 դր. է (կոլան՝ ևս 600)։ Սա կոմպենսացվում է ժպտերես և բարեհամբյուր անձնակազմով, ինչը, իմիջիայլոց, շատ մեծ և հազվադեպ հանդիպող առավելություն է։

Խոսքերս այն մասին, որ Malocco-ն քաղցր-մաղցր կանանց համար նախատեսված վայր չէ, հետ չեմ վերցնում։ Բայց աղջիկներով մի երկու բաժակ լատե խմելու համար այն իդեալական է։

Այս թեմայով