05 Ապրիլ 2013, 13:53
2107 |

Մուլտ, մուլտ, մուլտ

Մի տարի տևեց, մինչև բրեժնևյան ծփոցախաղը սարսափ տարածող ՕՎԻՐ-ը ծնողներիս թույլատրեց հարազատներին այցելել ու խրվել Փարիզ կոչվող կապիտալիստական ճահճի մեջ:

Ես ու քույրս մուլտֆիլմ նայել շատ էինք սիրում: Սովետի ժամանակ էր՝ ոչ մի ուրիշ այլընտրանք չկար, հեռուստացույցն էլ էրեխեքին հատկացվում էր քսան րոպեով: Բայց ես ու քույրս էդ ժամանակը սարի ծամոնի նման ձգում, երկարացնում էինք: Ծամո՞ն, բա ծամոնը ինչ հազվագույտ երևույթ էր, մանավանդ՝ նարնջի համով երկար-բարակ ու ճլորած թղթով, հացի խանութներում վաճառվող հայկական ռեզինկաները, որոնք հինգ րոպեից դառնում էին ցեխ: Մի խոսքով՝ էդ ծամոն-էսկիմոները, մեկ էլ ՝ հացաբուլկեղենի դարակներից պարանով կախված, հացի թարմությունը փորձելու համար նախատեսված ժանգափայլ, երկատամ պատառաքաղները, էս պատմության մեջ դեր չունեն... Ո՜ւֆ, շեղվեցի, վերադառնամ պարզաբանելու մուլտաշարը ձգելու իմ և քրոջս մեթոդը: Հենց առաջին մուլտը ավարտվում էր, անմիջապես շնչահեղձ լինելու աստիճան զուգահեռաբար կրկնում էինք.
- Մուլտ, մուլտ, մուլտ, մուլտ, մուլտ, մուլտ...
Մեր կարծիքով եթե առանց շունչ քաշելու անընդհատ նույն բառը կրկնենք՝ մուլտը ականջալուր կլիներ ու կշարունակվեր: Փաստորեն, մեր արածը, «բիսի» նման մի բան էր: Ասեմ, որ երբեմն մուլտն իսկապես հետևում էր մեր «բիսի» հրավերին ու ծրագրվածից մեկով ավելի էր այդ օրը ցուցադրվում: Բայց, Աստված չաներ, էդ «մուլտ, մուլտ» ասելու ժամանակ մեզնից մեկը շունչ քաշեր ու մուլտը չշարունակվեր՝ փիղ, օղակ, ռետինե թութակ (որն, ի դեպ, վագրից մեծ էր) հավաքած՝ իրար վրա էինք արշավում…

Բայց մի գեղեցիկ-նկար օր ամեն ինչ փոխվեց: Գրախանութից բերած մորս նվերները ո՜նց էի սիրում: Հեչ կարևոր չէր, որ ռետինի, տետրերի ու տուփով գրենական պիտույքների հետ միասին գրախանութի աշխատակիցն ախմախ գրքեր էլ էր մորս վրա սաղացնում: Ասենք՝ «Պատասխան՝ Ռեյգանին», կամ « Իմաստախոս Շեքսպիրը»: Ի միջի այլոց, պատկերազարդ «Հայկական խոհանոցը» նույնիսկ հավանել էի: Էդ օրը մայրս մի էնպիսի անակնկալ ինձ մատուցեց, որ էլ ասելու չի: Նա պայուսակը բացեց ու մուլտֆիլմերի հերոսներով հագեցած «Ներկիր ինքդ» վերնագրով մի անգույն ալբոմ հանեց:
- Որ գնամ Ֆրանսիա՝ գամ, ֆլոմաստերներ կբերեմ, որ ներկես...

Էդ էր ու էդ. մայրս դարձավ մեր բակաշրջանի աստղը: Մի տարի տևեց, մինչև բրեժնևյան ծփոցախաղը սարսափ տարածող ՕՎԻՐ-ը (իմ խորին համոզմամբ, էդ հիմնարկությունը բաբա-յագաների հավաքատեղի էր) ծնողներիս թույլատրեց հարազատներին այցելել ու խրվել Փարիզ կոչվող կապիտալիստական ճահճի մեջ: Մուլը, մուլտ, մուլտ, մուլ, մուլտ, մուլտ, մուլտ... Մի հեքիաթ, մի մաուգլիա-նուպագադիախառը զգացողություններ, մի չտեսնված, սովետականացած երեխայի մտքի ծարով իսկ չանցնող տպավորություններ...
... Գնացքը եկավ: Մի ամբողջ գերդաստան, չհաշված ծնողներիս աշխատանքային ընկերները, եկել էին մերոնց դիմավորելու: Ես ու քույրս «մուլտ, մուլտ» ասելով՝ վազում էինք գնացքի երկայնքով: Մեկ էլ մորս տեսանք՝ իմպրտնի բլուզով, մազերը ֆենած, ճապոնական մագնիտոֆոնը՝ ձեռքին: Մորիցս փչող ոչ տեղական բուրմունքը իմ երեխայական սերը եռապատկեց ու, վզից կախված, համբույրների տեղատարափին զուգահեռ հարցրեցի.
- Պապան ո՞ւր ա...
- Պիժաման վագոնում էր մոռացել, գնաց՝ բերելու...
Հայրս վագոն էր մտել, որտեղ որևէ մոռացված իր գտնելու հույսով ամեն ինչ արդեն տակնուվրա էր արված ու, պիժաման չգտնելով, գնացել էր ուղիղ գլխավոր մեքենավարի մոտ: Վերջինիս գտել էր իր խցիկում հայելու առաջ պիժաման հագած հետ ու առաջ անելիս: Երբ շփոթված հայրս պիժաման վերադարձնելու խնդրանքով պահանջել էր հանվել, մեքենավարը սոցռեալիստական բառերով մինչև մուտք հալածել էր նրան՝ պահանջելով, որ նույնիսկ հագի կոստյումն էլ իրեն բաշխի...
Ի դեպ, երբ գույնզգույն ճամպրուկները, որոնցից մի քանիսը մասքսատան լենինաբեղ աշխատողները դանակով վնասել էին, ցած իջեցրեցին, դիմավորողներն ալեկոծվեցին:
- Յոթ հատ են...
- Աղջի, բա էրկու մեծ սումկե՞ն...
Դրանից հետո մեր տունը մոտավորապես երեք ամիս «պռախադնոյ դվոռ» դարձավ: Ով ասես, որ չեկավ-չգնաց. ռայկոմի քարտուղարոտ տղա, արիստոկրատ գրադարանավար, որպես լաբորանտ աշխատող սպեկուլյանտ, խոպանում նեգրական դիմագծեր ձեռք բերած ցեխավիկ, Ջո Դասեն լսող երկու դստրերի ձեռքը կրակն ընկած բանվոր ու ՍՄԿԿ պատմության դասախոս: Ուզում էին ու ուզում՝ խաթարելով իմ ու քրոջս մուլտ նայելու արարողությունը... Մուլտ, մուլտ, մուլտ, մուլտ, մուլտ, մուլտ, մուլտ...

Մի օր էլ մեր Հայոց լեզվի շքանշանակիր ուսուցչուհին ինձ մոտեցավ ու.
- Մայրիկիդ ասա, որ ես «Շանն էլ» եմ սիրում...
Չասացի ու կրակը ընկա: Էս ուսուցչուհին հետս թարսվեց: Ամեն դասից առաջ Լենինի բեղ-մորուքը հագնում, իմ զգեստի վրա պատկերված Միկի Մաուսին կամ Դոնալդ Բադիկին մատնացույց անելով, բարբաջում էր, որ իրենց համար արվեստների մեջ ամենակարևորը կինոն է, և որ կապիտալիստական փտած բարքերը խորթ են սովետական մարդու և այլն, և այլն, և այլն... Դպրոցում գժվում, գալիս էի տուն, տանն էլ էդ փողատեր մասսային տեսնում, վերջնականապես ներվատրոփյունի մեջ ընկնում:

Հենց էդ ժամանակ էր, որ մի ուրիշ սարսափ էլ ապրեցի: Էս մեր հայերենի բարոյափոստը, որն օրումեջ իր նախկին աշակերտներից ստացած լալահառաչ-երախտագիտական նամակները կարդում էր մեզ համար, ինքը՝ լացում ու մեզ էլ ստիպում... Մի խոսքով, մեր բարոյափոստ ուսուցչուհին էնքան ճառեց, որ Րաֆֆիին, ում անունն է կրում այս փառապանծ դպրոցը, ամբողջ օրը գրում և ընդամենը երկու բաժակ թեյ էր խմում, որ ոչ միայն հացիվ, որ ցարական Ռուսյո բարքերը կործանարար են... Մի խոսքով էնքան, որ Րաֆֆին ինձ այցելեց գիշերը, իմ երազների մեջ, թշվառությունից բեղաթափված, սովածության հետևանքով էլ բերանից անտանելի հոտ էր փչում... Մուլտ-սարսափ, սարսափ-մուլտ...

Բայց ստալինյան դաստիարակություն ստացած ուսուցչուհու վերջին հարվածը ստացա մայիսի մեկին: Օլիմպիադա էր. յուրաքանչյուր դպրոց պետք է իր ներկարարական տաղանդը ցուցադրեր: Աշակերտները «Ներկիր ինքդ» ալբոմների մուլտ հերոսներին պիտի գունավորեին: Նոր էի սկսել գույն տալ իմ մուլտ, մուլտ, մուլտի հերոսներին, երբ դասատուս Լենինի բեղ-մորուսը էլի հագավ, եկավ-կանգնեց գլխիս ու, ֆլոմաստերներս խլելով, գոռաց.
- Ոչ կապտալիստական հնարքներին, կորչի Հիտլերը, կեցցե մայիսի իննը...

Էդ էր ու էդ... Մուլտը աչքիս գրողը դարձավ: Նույն օրը երեկոյան ծեծկռտուք սկսվեց «մուլտ, մուլտ, մուլտ» ասող քրոջս հետ: Ռեզինե թութակն իմ կամքից անկախ թև առավ, գնաց-նստեց քրոջս ճակատին: Էլ ինչ մուլտ... Արդյունքում որպես կապիտալիստ այս անգամ էլ հորս կողմից պատժվեցի՝ հետայսու զրկվելով սովետական մուլտիպլիկացիոն կինոնկար նայելու հաճույքից...

Այս թեմայով