29 Մարտ 2013, 16:19
908 |

«18-33. արդի հայ պոեզիա»

Երեք տարի առաջ լույս տեսավ «18-33. արդի հայ արձակ» անթոլոգիան, որը ներառում էր 18-ից մինչև 33 տարեկան 13 հայ արձակագիրների լավագույն պատմվածքները: «18-33. արդի հայ պոեզիա» անթոլոգիան, կարելի է ասել, այդ ժողովածուի օրգանական շարունակությունն է, այս անգամ՝ նույն տարիքային խմբի 13 բանաստեղծների լավագույն գործերի ընտրությամբ: Երկու գրքերն էլ ինքնատիպ են այնքանով, որ յուրովի ամբողջացնում են այսպես կոչված՝ «անկախության սերնդի» գրական հունձքը:

Միայն վերջին 8-10 տարիներին հարյուրից ավելի երիտասարդ է բանաստեղծական դաշտում հայտ ներկայացրել: Բնականաբար, նրանցից քչերն են, որ գրական ընթացքի մեջ ունեցել են շարունակական ներկայություն կամ ստեղծագործական հետևողական աճ են ապահովել: «18-33. արդի հայ պոեզիա» անթոլոգիան, ըստ կազմողների, շատ երկար ու դժվարությամբ է կազմվել: Առավել հեշտ է կողմնորոշվել այն բանաստեղծների հարցում, որոնք արդեն իսկ ունեն առանձնացող ոճ: Բայց քիչ չեն դեպքերը, երբ երիտասարդ բանաստեղծը հանկարծ կտրուկ հրաժարվում էր սեփական նախասիրություններից և որդեգրում բոլորովին նոր պոետական կեցվածք, նոր ոճ ու ասելիք կամ ընդհանրապես դադարում էր գրել:

«18-33. արդի հայ պոեզիա» անթոլոգիայում առանձնացվել ու իրենց բանաստեղծությունների ընտրությամբ ներկայացվել են 13 բանաստեղծներ՝ Վահե Արսեն, Աշոտ Գաբրիելյան, Տաթևիկ Խուրշուդյան, Էդուարդ Հարենց, Անահիտ Հայրապետյան, Կարեն Անտաշյան, Աննա Դավթյան, Նարե Հովհաննիսյան, Հասմիկ Սիմոնյան, Մարիամ Կարապետյան, Մանե Գրիգորյան, Ռուզաննա Ոսկանյան, Տաթև Չախչախյան: Տարբեր են նրանց բանաստեղծական ոճերը, տարբեր են թեմաներն ու մտահոգությունները, ընդհանրապես, այսօր ստեղծվող պոեզիան շատ բազմազան նկարագիր ունի:

Վստահաբար կարելի է ասել, որ նրանք այն 13-ն են, որոնք առավել ամբողջական են ի ցույց դնում արդի հայ բանաստեղծության զարգացման հիմնական միտումները, Չարենցի խոսքով ասած' ոչ թե «նետի մեծությունը», այլ' «նշանի ահագնությունը»: Այսպիսի մոտեցումը և հեղինակների ընտրությունը, բնականաբար, անթոլոգիան կազմողների սուբյեկտիվության կնիքն ունի' պայմանավորված գրական ընթացքի նրանց ընկալումներով:

Այս թեմայով