25 Մարտ 2013, 14:34
2509 |

Le Thé. թեյենք ֆրանսիական ձևով

Սրճարաններ ու թեյարաններ ընդունված է գնալ տաք խմիչքի կամ աղանդերի հետևից։ Բայց Le Thé թեյարան ես մտա պատերի պատճառով. դեռ փողոցից Le Thé-ի մեծ պատուհաններից երևում են իմպրեսիոնիստական ոճի նկարները, որոնք ոչ թե կախված են շրջանակների մեջ, այլ ձգվում են հատակից մինչև առաստաղ՝ պատերն այստեղ արվեստի գործեր են։ Չնայած թեյերն էլ վատը չեն։

Թեյարանները հայտնվել են տարբեր մշակույթներում շատ վաղուց։ Մահմեդական երկրներում չայխանաներն են, որտեղ շոգից փրկվում են տաք կանաչ թեյով, Չինաստանում և Ճապոնիայում՝ ավանդական թեյատները, որոնք գործում էին դեռ այն ժամանակ, երբ եվրոպացիները թեյի մասին դեռ գաղափար էլ չունեին։ Իսկ հենց Եվրոպայում թեյը հայտնվեց միայն XVII դարում։ Անգլիայում սա դարձավ կրոմվելյան ժամանակաշրջանի ամենաակնառու իրադարձություններից, և շատ շուտով թեյը վերածվեց իսկական ազգային խմիչքի։ Սակայն մինչդեռ անգլիացիները թեյում էին օրական վեց անգամ, Ֆրանսիայում այս ըմպելիքի գլխավոր ֆունկցիան Լյուդովիկոս XIV համար դեղ ու դարման լինելն էր՝ սուրճն այստեղ մրցակից չուներ։

Լինենք օբյեկտիվ՝ սուրճը հիմա էլ մրցակից չունի Ֆրանսիայում, բայց հենց այս երկրին ենք մենք պարտական «Թեյի սրահների» ստեղծման համար, որտեղ մատուցում էին բարձորակ թեյ։

Երևանում թեյարաններ, իհարկե, շատ կան, բայց a la France թեյի սրահ հայտնվել է բոլորովին վերջերս։ Le Thé-ում երկու սրահ կա՝ Art House և Tea House։ Art House-ի ինտերիերը առանձնապես յուրահատուկ չես անվանի՝ սև պատեր, սպիտակ ու մանուշակագույն բազկաթոռներ, մոդեռնի ու բարոկկոյի միքս ջահեր, մի խոսքով՝ գլամուրի բոլոր սիրահարների համար։ Ես՝ համեստ ցինիկս, նախնտրեցի Tea House-ը։ Այստեղ պատերը հատակից մինչև առաստաղ ստիլիզացված են XIX դարի փարիզյան իմպրեսիոնիզմ ոճով։ Ռենուարի նրբագեղ կանայք, Կայբոտի նկարներից իջած ֆրակով տղամարդիկ, Բլանշարի անձրևոտ փողոցները և սրճարանների ու ծաղկի խանութների ֆրանսիական գծավոր ծածկերը... Իսկ նկարված դռներից մեկը տանում է այնտեղ, որտեղ դուք արդեն գտնվում եք՝ Le Thé։ Ոչ մի ճչացող բան այս սրահում չկա՝ սպիտակ սեղանները, ծաղիկներն ու գլխավերևի կապույտ երկինքը (նկարված, իհարկե) հիշեցնում են զուտ իմպրեսիոնիստական նուրբ, եթերային գեղեցկության պատկերացումները։

Թեյերն այստեղ, պարզ է, շատ են։ Գները տատանվում են հիմնականում 600-ից 1100 դր. սահմաններում։ Ամենաթանկ թեյի՝ «Արքայական սերուցքի» նկարագրության մեջ նշված է, որ այն նախատեսված է «ռոմանտիկների և երեխաների համար»։ Քանի որ ես չեմ պատկանում ո՛չ առաջիններիս, ո՛չ էլ վերջիններիս դասին, հետևաբար այս թեյը նույնիսկ չփորձեցի։ Դրա փոխարեն ընտրեցի ֆրապուչինո (1000 դր.), որը արվեստի գլուխգործոց չէր, բավականին համեղ էր։ Սուրճի տեսականին, ի դեպ, նույնպես փոքր չէ։ Ավանդական էսպրեսոյից, ամերիկանոյից և արևելյանից բացի, կա 4 տեսակի ալկոհոլային սուրճ։ Ֆրանսիական, որը պատրաստվում է կոնյակով, իռլանդական՝ վիսկիով, մեքսիկական՝ տեքիլայով և իտալական՝ բեխերովկայով։ Բոլորը արժեն 1200 դր.։

Իսկական salon de thé-ին վայել՝ այստեղ մեծ խոհանոց չկա՝ միայն այն, ինչն անհրաժեշտ է թեյի հետ։ Իհարկե, առաջին հերթին՝ բլիթներ։ Բոլորն արժեն 1600-ից 1700 դր.։ Ճաշացանկում բաղադրիչները նշված են առանձին՝ բլիթ սնկով, բլիթ պանրով, բլիթ մսով և այլն։ Սակայն ցանկության դեպքում կարող եք ձեր տարբերակը պատվիրել, ասենք՝ սունկ + պանիր։ Դեսերտային բլիթների հետ նույն բանն է՝ կարելի է վերցնել միայն շոկոլադով, իսկ կարելի է խնդրել բանան ավելացնել։
Բլիթներից բացի Le Thé-ում նաև թխվածք կա, ճաշացանկում դրանք գրված չեն, բայց կարելի է ընտրել «աչքաչափով»՝ մատուցողը աղանդերի տեսականին ափսեյի վրա կբերի։ Բոլոր թխվածքներն արժեն 1400-ից 1600 դր., ինձ հարցնեք՝ թեյարանի համար թանկ է։

«Ոչ թեյի» ուտելիքից այստեղ մատուցում են աղցաններ։ Տեսականիում կա, օրինակ, ավանդական Կեսար (2 200 դր.) և Կապրեզե (3500 դր.): Այնպես որ եթե եկել էիք թեյի հետևից, բայց ուզեցիք մի բան ուտել՝ քաղցած չեք մնա։

 

Այս թեմայով