25 Մարտ 2013, 11:49
1560 |

Փաբիստի արկածները. Eco pub-ի չարաբաստիկ ծուխը

«Էկո» անունն ինձ միանգամից դուր եկավ, մտքումս նույնիսկ ուրվագծեցի նրա ինտերիերը: Այն պիտի ունենա կանաչ պատեր, անկյուններում լինեն բույսերով ծաղկամաններ, դեղին կամ ծաղկավոր վարագույրներ ու ամենակարևորը` այստեղ ՉԵՆ ծխի: Առաջին անգամ հայտվեցի այս փաբի շեմին անցյալ տարի, երբ այն դեռ նոր էր բացվել: «Սա ինչ է»,- մի քիչ հիասթափված մտածեցի ես ու աստիճաններով ներքև իջա: Բարձր երաժշտություն, «տժժացող» ամբոխ և ծուխ:

Մուտքի մոտ հանդիպեցի հին ծանոթներիցս մեկին ու, համոզվելու համար, որ ճիշտ եմ եկել, հարցրեցի՝ «Էկո փաբը սա է»: Դրական պատասխանը լսելուց հետո ներս մտա, առաջացա դեպի ոգևորված ամբոխը, բայց երկու րոպեից ավելի չդիմացա, հրթիռի պես դուրս թռա: Ես հիասթափված էի, դա այն չէր' ինչ պատկերացնում էի, իսկ ուր էին կանաչ պատերն ու իմ դեղին վարագույրները: Նման ծանր ապրումներից հետո ցրվել էր պետք, ուստի գնացի մեկ այլ փաբ և կսկիծս խեղդեցի մեկ բաժակ ալկոհոլային կոկտեյլի մեջ:

Վերջերս նորից հայտնվեցի Էկո փաբում: Ամեն ինչ ավելի հանդարտ էր, ծուխ չկար, երաժշտությունը չէր խանգարում: Միթե սա այն նույն փաբն էր, որից ես երազում էի րոպե առաջ դուրս թռչել: Վերադարձիս «մեղավորը» ծանոթս էր, որն ինձ արդեն սպասում էր բարի մոտ: Տեղավորվեցինք, սկսեցինք զրուցել, երբ հայացքս գրավեց ժպտերես և աշխույժ բարմենը: Նա կարծես քիմիկոս լիներ, միմյանց խառնելով տարբեր գույնի և բաղադրության հեղուկներ, փորձում էր կենսատու ըմպելիք ստանալ:

Չկարողանալով մոռանալ անցյալում ունեցած դառը փորձը՝ սկսեցի հարցախույզս: «Ձեզ մոտ չեն ծխում, չէ»,-հարցիցս անակնկալի եկավ, ապա լավ քողարկված բարկացկոտ հայացքով պատասխանեց. «Իհարկե ոչ, սա էկո փաբ է»: Ես շարունակեցի հարցախույզս, որն ուր որ է բանավեճի կվերածվեր: «Բայց անցյալ տարի երբ եկա, այստեղ ահավոր ծուխ էր, ես էլ զարմացա, քանի որ էկո փաբերում չեն ծխում»: Բարմենը համառորեն հերքում էր. «Նման բան հնարավոր չէ, այստեղ նույնիսկ բացման օրը չեն ծխել, նույնիսկ էն ժամանակ, երբ վերանորոգում էին տարածքը, նույնիսկ՝ բանվորները»,- կտրուկ եզրափակեց նա: Հասկացա, որ երկխոսությունը չի կայանա, առողջ բանավեճը՝ առավել ևս:

Այս կարճատև ու տհաճ զրույցից հետո փորձում էի ուշքի գալ, վերհիշել՝ միգուցե ինձ է թվացել, բայց ախր հստակ հիշում էի նույնիսկ այն, որ փաբից դուրս գալիս շորերիցս սարսափելի ծխի հոտ էր գալիս: Տարօրինակ էր: Մի քանի րոպե փորփրեցի հիշողությունս, հետո հասկացա, որ կյանքը կարճ է: Ու որպեսզի ինչ-որ կերպ մեղքս քավեի, ավելի ընկերական զրույցի բռնվեցի բարմենի հետ' ասելով, որ հնարավոր է՝ ինձ է թվացել, ու անցա առաջ: Ու ծագեց հաջորդ հարցը. ինչից խոսել, որպեսզի նրա տրամադրությունը բարձրանա, ոխ չպահի: Ասում են' բարմենների հետ փաբում վիճելը  տաբու է, ուստի որոշեցի նրա հետ խոսել իր սիրած թեմայից' կոկտեյլներ: «Հետաքրքիր է, ինչ-որ էկոլոգիապես մաքուր կոկտեյլ ունեք»,-ժպտալով հարցրեցի: Կուտակված մռայլ ամպերը միանգամից ցրվեցին. «Այո, իհարկե, հենց մեր ֆիրմային կոկտեյլը»,-արդեն բարեհամբույր պատասխանեց Չինոն:

Կողքիս նստած մի երիտասարդ որոշեց մասնակցել մեր զրույցին: «Իսկ դու ծխում ես», - հետաքրքրվեցի ես: Երիտասարդի պատասխանը հիացրեց: Նա ծխում էր, բայց քանի որ շատ էր սիրում Էկո փաբը, մի քանի ժամ զսպում էր ծխելու ցանկությունը: Այ սա իսկապես զոհողություն էր, կամ միգուցե լավ առիթ մի քանի ժամ թոքերը խնայելու համար:

Այս թեմայով