25 Մարտ 2013, 11:43
4439 |

Արմեն Օհանյան. «Կիկոսի վերադարձը»

Արմեն Օհանյանն իր «Կիկոսի վերադարձը» գրքի իմ օրինակի վրա ոչ դես, ոչ դեն մակագրել է. «Արքոյին, սիրով ու հույսով, որ կքլնգի»: Ճիշտն ասած՝ քլնգելու բնավ միտք չունեի, մանավանդ որ՝ Արմենն իր այս ժողովածուով իսկապես թարմացնում է արդի հայ պատմվածքի ժանրային նկարագիրը: Թող որ փորձարարությունն ավելի շատ է, քան իմաստավոր իրացումը, թող որ օրիգինալ լինելու տպավորություն թողնելն ավելի շատ է, քան իսկապես օրիգինալությունը, բայց որ Արմենի արձակում նոր ու հեռանկարային մտահղացումներ ու իրացումներ կան, փաստ է: Բոլորովին վերջերս լույս տեսած նրա ժողովածուն ուշադիր ընթերցվելու, գրական ընթացքի զարգացումների համատեքստում դիտարկվելու համար դեռ մի փոքր պետք է սպասի, թերևս: Քլնգելն, ինչպես միշտ, ավելի հեշտ է, ու ես որոշեցի սկսել քլնգելուց, անտարակույս, տուրք տալով նախ հեղինակի փափագին, մյուս կողմից՝ նրա իսկ սկզբունքին հետևելով՝ սկսել վերջից:

Կիկոսը, ուրեմն, վերադառնում է, ու հերիք չի, որ վերադարձել է, առիթից օգտվելով հետը քարշ է տվել «Պ(ոչ)ատում», «Գերաստղ Մարիոն», «Պահմտոցի», «Կարմիր բերետ», «Ռադիո Երևան», «Մատրյոշկա», «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր», «Խորհրդավոր նախաճաշ» ու «Թռչող հեծանիվ» պիտակով մի քանի անսովոր պարունակության իրնմանների, ու մի այնպիսի աղմուկ-աղաղակով, մի այնպիսի չտեսնված նկարա-գովազդա-տեսահոլովակա-շնորհանդեսագրոհով, որ քիչ է մնում իսկապես վեր ելնես ծառին, ցած ընկնես քարին գլուխդ ազատես...

Ու հերիք չի, որ Կիկոսը վերադառնում է, դեռ մի կողմից էլ իր վերադարձի նախաձեռնող Արմեն Օհանյանի կողմից գրեթե սպառնալիքի պես զգուշացնում է. «Հեղինակս ուզում է հաղթահարել իմ մահվան պատմությունը, քանի որ համոզված է. իր ժողովրդի հետագա հաջողությունը Թումանյանի հեքիաթները վերապրելուց է կախված: Նրա հասկանալով' հայկական ժամանակը քարացել է երեք հզոր հեքիաթի մեջ. Ձախորդ Փանոսը հայի անցյալն է, հայի բախտը, որ չի բերել, Քաջ Նազարը' ներկան, հայոց երազն ու երազանքը, իսկ Կիկոսի մահը' վախն ապագայի նկատմամբ: Ու որոշեց սկսել վերջից»: Սարսափով մտածում եմ, որ ծառին ելնելով ու քարին ընկնելով, այնուամենայնիվ, գլուխդ չես ազատի: Եթե Քաջ Նազարը սկսեց իր ներկայությամբ նույն մեթոդներով գրոհել՝ առյուծ է, որ պիտի հեծնենք, ծառեր է, որ արմատախիլ պիտի անենք, վախենամ՝ Ուստիանն էլ մյուս կողմից վրա տա: Բա Ձախորդ Փանո՜սը, որ եկավ... Էսպես էլ փորձա՞նք:

Ու այս ահուսարսափի մեջ Արմեն Օհանյանի չքմեղանքը. «Կիկոսի վերադարձը» iպատմվածքների ժողովածուն լույս է տեսել ընկերներիս հորդորով, ես քաշվում էի, մտածում, որ գիրքը հին ու չաշխատող մի կրիչ է, ու խղճիս դեմ կգնամ, եթե աշխարհում մի քանի ծառ կտրվի էս առիթով, բայց, իմ սիրած հեղինակների և ընկերներիս կողքին լինելու գայթակղությանը չդիմացա ու մնում է հուսալ, որ ծառերն իզուր չեն զոհաբերվել»: Դու հուսա, Արմեն տղա, դու հուսա: Հուսա ճիշտ այնպես, ինչպես հույս ունես, թե «համահեղինակության սկզբունքով»՝ «արդեն կայացած գրողներ»-ն ու «ցանկացած ընթերցող»-ը կօգնեն քեզ վերացնելու iպատմվածքներիդ թերությունները: Չնայած՝ մի քանիսին կարողացել ես համոզել: Բայց դեռ կտեսնենք, թե գրքիդ վերջում «ՁԵՐ iՊԱՏՄՎԱԾՔԸ» բաժնի դատարկ էջերում քանի՞սն են իրենց պատմվածքը գրելու: Թե՞ հույս ունես հաջորդ գիրքդ ուրիշների պատմվածքներով լցնելու: Դու հուսա, Արմեն տղա, դու հուսա...

Այս թեմայով