21 Մարտ 2013, 15:35
2636 |

Անգրագետնանցում

Չեչենն առաջինն էր, ով սկսեց վարձով գրքեր տալ, հիմնականում՝ գրպանի սիրավեպեր:

Մանկություն
Երբ մայրս աշխատում էր ազգային գրադարանում, իսկ ես սովորում էի դպրոցում, դասերից հետո մեկ-մեկ հայտնվում էի գրադարանի գրապահոցում: Հիմնականում թառում էի բարձր աստիճանի կատարին ու խժռում տարբեր գրքեր: Իսահակյանի գետնանցումն էն ժամանակ՝ 80-ականների վերջին, հավասարազոր էր էսօրվա սուպերմարկետիn, սովետական ունիվերմագ-ունիվերսամ էր՝ ամեն ինչն իր բաժիններով: Դե, իհարկե, ամենալավը սպորտային բաժինն էր՝ ֆուտբոլի անհաս գնդակով ու անհայտ ծագման ադիդասներով:

Ուսանողություն
- Բարև ձեզ:
- Ի՞նչ ա պետք:
- Փիլիսոփայության գիրք, Զաքարյան:
- Կազմը ի՞նչ գույնի ա:
- Չգիտեմ:
- Ո՞ր թիվ ա:
- Չգիտեմ:
- Բա եկել ես գիրք առնելու ու կազմի գույնը չգիտե՞ս:
- Գույնն ի՞նչ կարևոր ա, կարա մի քանի հրատարակություն լինի տարբեր գույնի կազմերով, դու ասա՝ Զաքարյանի «Փիլիսոփայության պատմություն» ունես, թե՞ չէ:
- Չէ, չունեմ:
Երիտասարդականի գետնանցումում առաջին փորձս էր գիրք ճարելու, 2004 թիվն էր, գետնանցումն ամբողջովին գրավված չէր գրադարակներով, վաճառողն էլ ներվային մորուքավորի մեկն էր: Հետո իմացա, որ ազատամարտիկ էր, նույնիսկ պարզեցի, որ կանտուզիա էր ստացել: Ինչևէ, պարտված ու քոռուփոշման հեռացա:

Հաջորդ անգամ հաղթողը ես էի, հաշիվը դառավ 1:1: Էլի գնացի ֆիդայու մոտ ու հարցրի նոր լույս տեսած հայերեն-անգլերեն բառարանը, Մաքմիլլանի հրատարակած: Հանեց գրքի անորակ պատճենած տարբերակը, թե.
- Հեսա, 5 500:
- Էժան չի՞ լինի:
- Սրանից էժան սկի իրանց խանութից չես ճարի:

Գնացի Փարպեցու փողոց, Մաքմիլլանի խանութ: 5 000 էր, նույնիսկ կտրոն տվեցին: Չալարեցի, հետ եկա ու ցույց տվեցի առածս օրիգինալ գիրքը: Ձեն չհանեց:
Ասում են, եղբոր հետ առևտուր անող ֆիդային հայտնի էր որպես «չեչեն»՝ երկար, անխնամ մորուքի ու զինվորական հագուստի համար: Չեչենն առաջինն էր, ով սկսեց վարձով գրքեր տալ, հիմնականում՝ գրպանի սիրավեպեր: Սկզբունքը հետևյալն էր՝ սկզբից գնում ես մի գիրք 500 դրամով, կարդում-վերջացնում, հետո բերում-հանձնում, վճարում 100 դրամ ու վերցնում նույն շարքից մեկ ուրիշ մեկօրյա սիրավեպ, ու այդպես շարունակ...


Իսկ քաղաքում առասպելական լուրեր էին պտտվում, թե Իսահակյանի գետնանցումում ինչ գիրք ուզես, կճարես: Մի քանի անգամ լսել եմ, թե գրավաճառներն ազգային գրադարանից «վիզ են դնում» հնատիպ ու թանկարժեք գրքեր. վերնագիրն ասա ու վճարիր, մնացածի հետ գործ չունես: Մաֆիայի փոքրիկ, նեղ, հայկական մոդել:

Ջահելություն
Երբ երեկոներն ուշ ժամի մեկ-մեկ իջնում էի գետնանցում, սովորաբար թունելի մի մուտքը, իսկ դրա ներսում՝ գրքերը, ռեշոտկած էին լինում: Հակառակ կողմում բաց էր, չնայած մինչև հիմա էլ մարդիկ վերևով ավելի շատ են անցնում. հայերը սիրում են փողոցն անցնել այնտեղով, որտեղ վագրաձիախառը անցում չկա: Գետնանցումի գրադարակները ծածկվում էին կտորներով, աստիճանների մոտ երկու հոգի հեռուստացույցով պահակություն էին անում մի մեծ վառարանի դիմաց: Լրիվ տնական վիճակ էր, պետք էր շնորհակալ լինել մարդկանց, որ գոնե երկու թունելից մեկը բաց էին թողնում, փաստորեն, դա իրենց տան դուռն էր:
Իսկ մի ժամանակ, երբ գրադարակները դեռ չէին գրավել գետնանցումները, դրանք ծառայում էին որպես միջանցք-գիշերամիզարան՝ համապատասխան հոտերով: Ավելի շատ գիշերամիզարան, քան թե գետնանցում: Ահագին շատ զուգարան, ու շատ քիչ գետնանցում:

Հետո հոտերը փոխվեցին, որովհետև երբ շարվեցին գրադարակները, էլ միզելու տեղ չմնաց: Ու գարշահոտը փոխարինվեց գրքահոտով: Դե, հաստատ, ամենահին ու փտած գրքի հոտը նախընտրելի է միզահոտից: Ինչևէ, քաղաքս հանրահռչակվել էր գրքի համաշխարհային մայրաքաղաք, պատկերավոր ասած՝ քաղաքում ունեինք մեկուկես գրախանութ, քաղաքի պատերին փակցնում էինք գրողների ու նրանց ասույթների կոլաժ-պոստերներ: Էդ գրավաճառներն էլ յուրօրինակ գրախանութ էին բացել կիսաբացօթյա: Մեկ օր տվեցին տարածքն ազատելու համար...

 

Այս թեմայով