25 Սեպտեմբեր 2015, 11:19
8230 |

Դոմինո. խաղանք ներսից

Դիանա Մարտիրոսյան
Դիանա Մարտիրոսյան

Հայկական տառապալից քրեադրամատիկ սերիալներին փոխարինելու են եկել երիտասարդական, վառ ու գունեղ սիթքոմները։ Ամերիկյան ծագում ունեցող այս ժանրը «ծնունդով» ռադիոյից է, այսինքն սիթքոմներ խաղում էին դեռ միայն աուդիո տարբերակով, հետևաբար այս ժանրին բնորոշ է գրոտեսկը։

 Հայկական սիթքոմները նույնպես մի փոքր գրոտեսկային են։ «Դոմինո»-ի պարագայում սցենարիստները ընտրել են դասական կառուցվածք, այն ամերիկյան հեռուստապատմության և կինոյի դասագրքերում կոչվում է «անվստահելի պատմիչի սյուժե»։ Այսինքն՝ գլխավոր հերոսը հիմնականում դեռահաս է կամ երիտասարդ, ով ընկնում է ծիծաղելի և հիմար իրավիճակների մեջ, ներկայացնում է ամենասովորական իրավիճակը շատ ոչ ռեալիստիկ։ Պարտադիր չէ, որ նա հնարի ինչ-որ դետալներ, նա կարող է չափազանցնել կամ պատմել իրականությունը,  պարզապես նրա իրականությունը շատ արտասովոր է։ Այս սիթքոմի դեպքում ընտրված է հենց այդ մոդելը, սակայն այստեղ գլխավոր հերոսները երեքն են՝ Միկա (Սոս Ջանիբեկյան), Գարիկ (Մհեր Խաչատրյան) ու Նարեկ Բավեյան (Նորիկ)։ Հիմնական դերասանական ծանրաբեռվածությունը Սոսի՝ այսինքն Միկայի վրա է։  

 Սիթքոմի ստեղծողները չեն հերքում, որ օգտնվել են ամերիկյան հայտնի ֆիլմերից, մասնավորապես`  «Horrible bosses»/«Несносные боссы» ամերիկյան կատակերգությունից:  Այնտեղ երեք ընկերներ ատում են իրենց տնօրեններին, ովքեր նրանց աշխատավայրը վերածել են դժոխքի։ Մեկի տնօրենը (Քեվին Սփեյսին) խոստացել է պաշտոնի բարձրացում, սակայն փոխարենը ինքն իր պաշտոնն է բարձրացնում։ Հենց այդպես էլ վարվում են խոհարար Միկայի հետ։ Նարեկ Բավեյանի հերոսն էլ ունի սեքսուալ հողի վրա շեղված տնօրեն, որը անընդհատ ուզում է գայթակղել վերջինիս։ Դա կրկին վերցված է «Horrible bosses»/«Несносные боссы» ֆիլմից՝ Ջենիֆեր Էնիսթոնի և Չարլի Դեյի սյուժետային գիծն է։ Սա տիպիկ կինոցիտատ է, պետք չէ անվանել սա զուգադիպություն։

  Իրականում, ավելի լավ է, որ հայ սցենարիստները օգտվում են, թեկուզ և այսպես ակնհայտ, ամերիկյան կատակերգություններից և ստեղծում են չգռեհիկ հումոր, քան արհեստականորեն աճեցնում են քրեական սյուժետային գիծ և ստեղծում են հերթական «հովոյա-ցոգոլական» սերիալը։ «Դոմինոն» զվարճեցնում է, հայկական շուկայի համար ունի թարմ հեռուստահոտ, արդի է, հեռու չէ երևանյան իրականությունից (գլխավոր հերոսուհիներից մեկը փաբի տեր է)։ Ուրիշ հարց է, ինչքանով են վատը դեկորացիաները և ինչքան արհեստական է փաբը։ Դա մասամբ ներելի է. սա սիթքոմ է, այլ ոչ սերիալ։ Դեկորացիան կարող է թույլ տալ մատնել ինքն իրեն։ Լույսը, օպերատորական աշխատանքն ու մոնտաժը հեռուստաեթերի համար կրկին բարձր մակարդակի վրա են. զգացվում է, որ սիթքոմը եթեր է հեռարձակվում ընդհամենը շաբաթը երկու անգամ։

 

Դոմինո հեուստասերիալ
«Դոմինո» հեուստասերիալ

 Ռեժիսոր Հարութ Խալաֆյանը մասնագիտությամբ դերասան է, և այս փաստը չի կարող անհետք մնալ. զգացվում է, որ դերասանների հետ աշխատում են։ Առանձին կերպով պետք է տարանջատել Սոս Ջանիբեկյանի դերասանական խաղը։ Առաջին անգամ նա կերտում է բնական, իրական և «մսային» կերպար։ Չկա պաթետիկ ռոմանտիզմն ու «կինոյի տղա» պիտակը, որը դերասանին անընդմեջ հրամցնում էին սցենարիստները նախորդ նախագծերում։ Պարզ զգացվում է, որ Սոսի մոտ ավելի լավ է ստացվում զվարճեցնելը, քան լացացնելը (հիշենք նրա նախկին դերերը)։ Ջանիբեկյանին կարելի է շնորհավորել, որովհետև կատակերգությունը ավելի բարդ ժանր է քան դրաման, իսկ նրան, հավանաբար արտաքին տվյալները հաշվի առնելով, մինչ օրս առաջարկում էին միայն դրամատիկ դերեր։ Միկան շատ նման է իրական Սոս Ջանիբեկյանին և ակնհայտ է, որ դերասանին կոմֆորտ է այս դերի մեջ, զգացվում է, որ դերասանն ունի օդ, սեփական իմպրովիզների հնարավորություն։ Բրեդ Փիթի և Քոեն եղբայրների երկրպագուները կարող են զուգահեռներ անց կացնել Ջանիբեկյանի այս և Փիթի «Burn after reading»/«После прочтения сжечь» ֆիլմի կերպարի հետ, բայց,  ես ավելի քան համոզված եմ, որ ո՛չ սցենարիստները և ո՛չ էլ Ջանիբեկյանը չեն ցանկացել կրկնօրինակել։ Գուցե իրենք տեղյակ էլ չեն այդ ֆիլմի մասին։ Նմանության պատճառը հետևյալն է` ինչքան էլ փորձում ես ամերիկյան ժանրը ադապտացնել հայկական իրականությանը, միևնույն է արմատներից չես փախչի։ Չգիտակցելով հերոսի վերածննդի մասին՝ սիթքոմի սցենարիստները վերարտադրել են Բրեդ Փիթի հերոսին, որովհետև ժամանակակից արևմտյան կինեմատոգրաֆում արդեն իսկ «ծնվել» և «ապրում է» հեշտ ձևով մեծ գումարներ ունենալու ցանկություն ունեցող հմայիչ, բայց ոչ հեռատես տղամարդու կերպարը։ Դրանից հետևում է, որ ցանկացած ամերիկյան հերոս արդեն գոյություն ունի, և ինչքան էլ սցենարիստները ստեղծեն օրիգինալ սյուժեներ և չօգտվեն ադապտացիաներից, միևնույն է զուգադիպություններ լինելու են։ Սոսի հերոսի թեման եզրափակելով կարելի է վստահ ասել, որ Քոեն եղբայրների ֆիլմի րիմեյքի դեպքում Սոսը հրաշալի կմարմնավորի այդ կերպարը։ Եվ առհասարակ, պետք չէ դերասանին գցել մեկ ամպլուայի մեջ և դրանով իսկ սահմանափակել։

 

 Գովելի է նաև ռեժիսորի աշխատանքը մյուս դերասանների հետ։ Իհարկե, այստեղ վիճելի հարց է առաջանում` չէ՞ որ սիթքոմում ներգրավված ոչ բոլոր դերասաններն են դերասսններ։ Պարադոքսալ միտք է։ Իհարկե, Աննա Գրիգորյանը, Ռիփին, Մհեր Խաչատրյանն ու Նարեկ Բավեյանը այսուհետ վերածվում են ինքնուս դերասանների։ Անգամ կարելի է օգտագործել «ոչ պրոֆեսիոնալ դերասան» տերմինը, ինչը չի նշանակում որ իրենք տաղանդավոր չեն։ Դա պարզապես նշանակում է, որ իրենք չունեն մասնագիտական կրթություն։ Բավեյանը և Խաչատրյանը նույնպես շատ համահունչ են իրենց հերոսների հետ և առաջին սիթքոմային փորձի համար մաքսիմալ բնական խաղ են ներկայացնում։

 Խնդիր կա գրեթե բոլոր իգական սեռի կերպարների հետ։ Չնայած, այս թեման շատ ավելի գլոբալ է. հայկական կինեմատոգրաֆը և հեռուստաարտադրանքը միշտ երկրորդական դեր է հատկացնում կնոջ կերպարին։ Կանացի կերպարի հիմնական գերխնդիրը՝ գեղեցիկ լինելն է։ Այո, սիթքոմում ներկա են գեղեցիկ, գրավիչ և հմայիչ (և այլ լիքը «իչերով») հերոսուհիներ, սակայն կերպարները չափից դուրս մակերեսային են։ Հիշենք դասական դարձած «Friends»/«Друзья» սիթքոմը, որտեղ  մենք հավասարազոր կերպով ճանաչում, շփվում և վերապրում ենք և՛ տղաների, և՛ աղջիկները կյանքը։

 Այնուամենայնիվ,  «Դոմինոն» ստացված սիթքոմ է։ Այստեղ բացակայում է գռեհիկ ու էժանագին հումորը, մենք բացահայտում ենք երկրի ամենապահանջարկված դերասաններից մեկի իրական դերասանական տաղանդը, հայտնաբերում ենք մեզ համար նոր Սոս Ջանիբեկյան։ Իսկ Աննա Գրիգորյանը այս նախագծում այլևս մոդել և հաղորդավար չէ, այլ` դերասանուհի։ Այնպիսի տպավորություն է, որ Աննայի հերոսուհին պետք է միայն աչք շոյի, այլ ոչ թե ցույց տա որևէ դերասանական շնորհք։ Սա խանգարում է դիտմանը, որովհետև մենք ստանում ենք ուժեղ էմոցիոնալ ֆոն և էներգետիկա արական կերպարներից։ Կարելի է աշխատել այդ բացի վրա։

 Ռեժիսորն ու սցենարիստները նաև մի փոքր թուլացել են երկրորդական հերոսների դերասանական քասթինգում։ Ունենալով հետաքրքիր կերպարներ թղթի վրա՝ էկրանային կյանքում նրանք չեն ապրում լիարժեք կյանքով։ Հավանաբար, այս փոքր բացթողումը կարելի է լրացնել երկրար դերասան-ռեժիսոր փորձերի արդյունքում։ Հավանավար, կարելի է շտկել «սպիտակ թելերով կարված» փրոդուքթփլեյսմենթը. երբ հերոսի առջև դրված է «Ռոյալ Արմենիա» լոգոյով սուրճի բաժակը, պարտադիր չէ մի քանի վայրկյան հետո այն խոշոր պլանով խրել մեր աչքը: Հավատացեք, աննշան ցուցադրած գովազդն ավելի ազդեցիկ է։ Ես, իհարկե, պերֆեկցիոնիստ եմ և արդեն խոսում եմ մանրուքների մասին, սակայն հենց այդ մանրուքներն են ստեղծում որակյալ հեռուստա -կինոարտադրություն։

 Եթերում են դրական տրամադրություն ունեցող սիթքոմներ. հուսամ` ետևում կմնան գորշ ու անբնական քրեապաթոսադրամատիկ սերիալները։

Այս թեմայով