21 Փետրվար 2015, 12:44
6667 |

Մայրենիի կոդը

Մինչև հիմա ականջներիս մեջ են ընկեր Այբեկյանի խոսքերը. «Եթե մարդը «գեղեցիկ» բառը շատ է օգտագործում, ուրեմն՝ բառապաշարից խեղճ է»։ Ականջդ կանչի, իմ առաջին ուսուցչուհի։

Մերոնք պատմում են, որ 9-10 ամսականից հոդաբաշխ խոսք ունեի, բայց բերանումս մի հատիկ ատամ չի եղել։ Տատս ասել է. «Էս աղջիկը լեզվաբան է դառնալու»։ Սկեսրոջ կանխատեսումները մորս սրտով չեն եղել։Բայց տատիս ասածը մայրս մի տեսակ ականջին օղ է արել՝ լեզվաբա՜ն։ Ու 2-3 տարեկանից Թումանյանի «Չարի վերջը»,  «Շունն ու կատուն», Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին», Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն», Նաիրի Զարյանի «Խաղաղության աղավնի» ու էլի մի շարք բանաստեղծություններ ու պոեմներ անգիր եմ ասել։ Տատիս տատավարի, միամիտ խոսքը մայրս մայրաբար գործի է վերածել։ Հայերեն ամենաերկար ու բարդ բառերը սահուն արտասանել եմ, բայց արի ու տես «ռ»-ին զ եմ ասել։ Բայց դե մայրս էր. մտքին դրել էր՝ լեզվաբա՜ն։  Մինչև երեկո զ-ս դիրքերը զիջեց ռ-ին։ 

Դպրոցում առաջին ուսուցչուհիս՝ ընկեր Այբեկյանը, խրատել չէր սիրում։ Այնքա՜ն մեղմ ձայն ուներ, այնքան տպավորիչ էր կարդում օրվա դասը, իսկ ձեռագիրը՝ մարգարտաշար։ Տանը՝ տատս ու մայրս, դպրոցում՝ ընկեր Այբեկյանը. կարծես խոսքները մեկ էին արել, որ ես՝ մի մատ երեխա, սիրահարվեմ հայոց լեզվին ու առավոտից երեկո կարդամ։ Մայրենիիս դասագիրքն այնքան երկյուղածությամբ էի բացում, ասես մագաղաթե մատյան լիներ։

Մինչև հիմա ականջներիս մեջ են ընկեր Այբեկյանի խոսքերը. «Եթե մարդը «գեղեցիկ» բառը շատ է օգտագործում,  ուրեմն՝ բառապաշարից խեղճ է»։ Ականջդ կանչի, իմ առաջին ուսուցչուհի։ Հիմա աջ ու ձախ՝ գեղեցիկ միջոցառում, գեղեցիկ համաժողով, գեղեցիկ օրենք։

Դեռ սեպտեմբերն էր. մեր դասարանի Արտակն ասաց՝ «ցտեսություն ձեզ»։ Ընկեր Այբեկյանն ուղղեց՝ «ցտեսություն՝ առանց ձեզ-ի»։ Դասարանն ականջին օղ արեց. հետագա ամբողջ կյանքում մեր «ցտեսությունն» առանց «ձեզ-ի» էր։ Ու հիմա, երբ լսում եմ՝ «ցտեսություն ձեզ», ասես կաթվածահար լինեմ։

Եկա-հասա 4-րդ դասարան։  Նուրբ, եթերային ուսուցչուցչուհի էր ընկեր Գևորգյանը՝  «Գտնված երազ» մուլտֆիլմի աղջկա պես։ Հենց առաջին օրն աչքիս ընկավ կապույտ  մայրենիի տետրը։ Թերթեցի. տարբեր դասարանների աշակերտներ մարգարտաշար ձեռագրով ասույթներ էին արտագրել մայրենի լեզվի մասին՝ Չարենցից ու Տերյանից, Պուշկինից ու Լերմոնտովից, Ռեմարկից ու Սերվանտեսից։ Օհո՜, սա էլ մայրենիիս դասագիրքը չդառնա. Աստված չանի՝  էջը պառվի, օրերով լաց կլինեմ։ Զգույշ հետ քաշվեցի։

Անցավ ժամանակ. ընկեր Գևորգյանը դասերից հետո ինձ պահում էր կապույտ մատյանում ասույթներ արտագրելու։ Այդ օրերին ինձ առնվազն աշխարհի տեր էի զգում։ Տուն էի գնում, ավելի ճիշտ՝ թռչում փքված աքլորի պես։ Իսկ հաջորդ օրը հրճվանքով թերթում էի իմ գրած էջերն ու զգում, որ հայոց լեզվի համար խենթանում եմ։

Մի օր էլ հայտնաբերեցի, որ համբույր բառը համբյուր եմ գրում։ Ընկեր Գևորգյանը  մի-երկու անգամ սխալս ուղղեց, «4» նշանակեց։ Տեսավ բան դուրս չի գալիս. դասարանի կեսը համբյուր է գրում, ավելին՝ համբյուրել, տեղից վեր կացավ ու, ամոթից կարմրելով, հայտարարեց. «Համբույր բառը կազմված է համ և բույր բառերից։ Հիշեք՝ համբուրել նշանակում է՝ համ և բույր առնել»։ Մենք փռթկացրինք, հետո խմբակային մի լավ հռհռացինք, բայց այդ էր ու այդ՝ համբույրն ու համբուրելն այլևս սխալ չգրեցինք։ Հերթը հասավ «բարձունքին». համառորեն «բարձրունք» էինք ասում։

Ականջդ կանչի, ընկեր Գևորգյան, հիմա համատարած «բարձրունք» է, ավելին՝ «ոտնկաց», «ամսեկան», «հաշվանդամ», «բացիթողի»։ Ուսուցչիս ամեն մի բացատրություն Աստվածաշնչի պատվիրանի պես մեխվել է ուղեղում, և ավելի շուտ անունս սխալ կգրեմ, քան  «հոտնկայս», «ամսական», «հաշմանդամ», «բարձիթողի» բառերը։

Եկա-հասա բարձր դասարաններ։ Մեր դասարանի օրինակով՝ միշտ կարծել եմ, թե հայոց լեզվի ուսուցչուհիներն անխտիր քնքուշ ու հեզ են լինում։ Ընկեր Ծատուրյանն էլ մայրենիի մյուս ուսուցչուհիներիս նման այդպիսին էր։ Այնպես էր վերլուծում գրական երկերը, որ քիչ էր մնում ամբողջ դասարանով գրականագետ դառնայինք։ Ամեն դասից թևավոր խոսքեր, պատկերավոր արտահայտություններ էինք դուրս գրում ու անգիր անում, հետո դրանցով շարադրություն գրում։ Մի սխալ արտասանած բառ, և ընկեր Ծատուրյանի հեզահամբույր դեմքը ջղաձգվում էր։ Մեր դասարանի տղաները նրա հոգու հետ խաղում էին, դիտավորյալ ասում՝ մածյան, առավոծյան, ախշատել։

Իմ ուսուցիչները մարտիկ էին, նրանցից յուրաքանչյուրը մարտնչել է մայրենին անաղարտ պահելու համար։ Իրենց առողջության, հանգստի, նյարդերի հաշվին պայքարել են ամեն բառի ճիշտ գրության, գործածության ու արտասանության համար։

Միջավայրն է ձևավորում մարդուն. մարդը հետևում է այն կոդին, որ պատահականորեն կամ միտումնավոր դնում են նրա մեջ դեռ մանկուց։ Ու երբեք չի կարելի անգամ անհաջող գեն ունեցող երեխային ասել. «Հորդ ես քաշել, նրա նման անբան ես մեծանում, կամ մորդ պես անգրագետ ես լինելու»։ Ամեն ասված խոսք պտտվում է տիեզերքում, ու չի մոռացվում երբեք։ Անցնում է ժամանակ, և այն դառնում է նյութ, իրական, շոշափելի։

Բախտս բերել է. իմ կոդը տատիս թեթև ձեռքով դրվեց։ Նրա խոսքերը, թե «Էս աղջիկը լեզվաբան է դառնալու», հասան տիեզերք ու բումերանգի պես վերադարձան ինձ։ Իսկ իմ շրջապատն ու ուսուցիչները նպաստեցին այդ կոդի իրագործմանը, որովհետև նրանց կոդն էլ մայրենիի ուսուցիչ լինելն էր։

Այս թեմայով